Մեր մասին

Արցախի ազատամարտիկների միությունը ծնունդ է առել 2000թ. փետրվարի 23-ին ժամանակի պահանջով: Երկիրն ուներ մի այնպիսի կազմակերպության կարիք, որն ի վիճակի լիներ համախմբել բոլոր այն մարդկանց, ովքեր ընդամենը երեկ մեր ժողովրդի համար ամենածանր պահերին զինվորագրվել էին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները:

Միության կառուցվածքային հենքը համայնքային միավորումն է,որը գործում է հանրապետության 181 համայնքներում: Միությունն ունի երիտասարդական թև` «Հայրենյաց պաշտպան», որը ստեղծվել է 2006 թվականի ապրիլին:

2013թ.մայիսի 9-ը միության համար նշանավորվեց մի կարևոր իրադարձությամբ ՝հանրապետության սիրտը հանդիսացող վերածննդի հրապարակում բացվեց Ազատամարտիկների միության նորակառույց շենքը:

2016թ. ապրիլի 2-ին ստեղծվել է միության կից գործող գումարտակ: Միությունը, որ երեկվա պատերազմի մասնակիցներին համախմբող հասարակական կազմակերպությունն է, իր ստեղծման առաջին իսկ օրից գործունեության կարևոր ուղղություններից մեկն է ընտրել նյութապես ու բարոյապես աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ մարտընկերներին և ընդհանրապես պատերազմն անցած ու այսօր սոցիալ-կենցաղային ծանր վիճակում գտնվող քաղաքացիների ընտանիքներին:

Կառույցի գերնպատակը ոչ միայն ազատամարտիկների հիմնախնդիրների լուծումն է, այլև այն, որ կազմակերպությունը իր արդյունավետ ու նպատակասլաց գործունեությամբ նպաստում է հանրապետության անվտանգության ամրապնդմանը և որ շատ կարևոր է՝ նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: