Ապրիլի 2-ին Արցախի Ազատամարտիկների միության վարչության անդամ, Արցախի հերոս ժաննա Գալստյանը, Ստեփանակերտի տարածքային միավորման նախագահ Ալեքսանդր Հարությունյանը, աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը և մի շարք ազատամարտիկներ այցելեցին պաշտպանության բանակի առաջին գիծ` հարգանքի տուրք մատուցելու 2 տարի առաջ ապրիլյան առճակատման ժամանակ մարտիրոսված հերոսների հիշատակին:
Ազատամարտիկները եղան հյուսիսային ուղղությամբ տեղակայված գնդապետ Հարությունյանի հրամանատարությամբ գործող միավորման մարտական հենակետերում:
Գարուն լինի, թե ցրտաշունչ ձմեռ, նշանակություն չունի հայ զինվորը միշտ պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը:
Նա զգոն է ու վստահ, համոզոված է, որ երեկվա պատերազմի մասնակիցն իր կողքին է: Դիրքից դիրք անցնելով, հպարտության վեհ զգացումն էր պատել ազատամարտիկներին,որովհետև արյամբ գծած սահմանին կանգնած զինվորը պատրաստ է պատասխանել նրան, ով կփորձի խաթարել հայրենիքի անդորրը:
Նոր ուժ ու եռանդ առած բարձրաբերձ լեռներից, ոգեշնչված հայ զինվորի անկոտրում կամքից՝ ազատամարտիկները հրաժեշտ տվեցին հրաշակերտ բնության գրկում գտնվող խրամատներին, որտեղից սկսվում է մեզ համար շատ թանկ ու անփոխարինելի հայրենիքը:
Ավանդական դարձած Արցախի ազատամարտիկների միության այս հիանալի նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ: