Ապրիլի 20-ին ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական թևի անդամներն Արցախի պետական համալսարանի մի շարք ուսանողների հետ մեկնեցին Դաշուշեն և հանդես եկան ընդօրինակման արժանի նախաձեռնությամբ: Սուրբ Խաչի շրջակայքում անցկացվեց շաբաթօրյակ: Այն կայացավ ըստ նախանշված ծրագրի և հավուր պատշաճի:
Հարկ է նշել, որ այսօրինակ նախաձեռնությամբ հայրենյաց պաշտպանները հանդես են գալիս ոչ առաջին անգամ, ինչը թույլ է տալիս ասելու, որ կազմակերպության կողմից որդեգրած նման աշխատելաոճն արդեն դարձել է բարի ավանդույթ:
Ակցիային իր մասնակցությունն ունեցավ նաև մեր հայրենակից ու բարեկամ, մոսկվայաբնակ Դավիթ Անտոնյանը:Թեկուզ նա ապրում է հայրենիքից հեռու, բայց հոգում մշտարթուն է կարոտի կրակը, որով մոտենում է երկրի արմատներին:Բարեգործությունն էլ՝ հայրենասիրություն է:
Նա ապրում է Արցախով:Եվ հանուն Արցախի պայծառ ապագայի պատրաստ է անմնացորդ նվիրվել:
Արցախի ազատամարտիկների միության վարչությունն իր ջերմ շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Դավիթ Անտոնյանին:
Բարեկարգ, մաքուր ու կոկիկ շրջապատ ունենալը սիրում ենք բոլորս:Մատաղ սերնդի դաստիարակության հիմքում առողջ կենսաձևն է: Իսկ առողջ կենսաձևը՝ մաքուր շրջապատ ունենալն է:Պահպանենք մեր բնությունը՝հայրենի հողի դիմագիծը, քանզի նրա ամեն մի մասնիկի համար արյուն է թափվել: