Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Մայիսյան Եռատոնի կապակցությամբ

Հայրենակիցներ, ի սրտե և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսյան Եռատոնի ՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ, Շուշիի ազատագրման և ԱՀ Պաշտպանության բանակի կազմավորման 26-րդ տարեդարձերի կապակցությամբ:

Մայիսյան այս փառապանծ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, կորով ու սեր, հաջողությոուններ ձեր ձեռնարկած յուրաքանչյուր գործում:

Հայրենակիցներ, մեր ժողովրդի ոգու հաղթանակները խորհրդանշող Եռատոնը՝ մեր անկոտրում կամքի դրսևորումն է, մեր միասնական գործունեության պսակը:

Մեծ    Հայրենականի վետերաններից ոչ քչերը մասնակցելով Արցախյան գոյապայքարին,իրենց մարտական փորձն ու ոգու կորովը դարձրին լուսավոր ուղեցույց պայքարի ելած ազատամարտիկների համար: Պատվաբեր մի փաստ և իրողություն, որն այսօր էլ մեծ դերակատարություն ունի սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Հաղթանակներ կրած ազատամարտիկները մշտապես սահմանապահ զինվորի կողքին են,այնտեղ են, որտեղ վճռվում է ազգի ճակատագիրը:Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին,որ անկոտրում են հայոց բանակի ոգին ու մարտունակությունը:Գլուխ խոնարհենք նահատակների անմահ հիշատակի առաջ :

Շուշիի ազատագրումը մեր նորօրյա տարեգրության ամենափառավոր էջերից մեկն է, պատմական երազանք, որ իրականություն դարձրին ԼՂՀ  ինքնապաշտպանության ուժերը՝ փրկելով Ստեփանակերտ մայրաքաղաքը ամենօրյա ռմբահարումից և ցամաքային ճանապարհ հարթելով դեպի Մայր Հայաստան:

Փա՜ռք հաղթանակներ կերտած մեր հերոսներին:

Փա՜ռք հայոց բանակի՜ն:

Փա՜ռք հայ  ժողովրդին,որ վեհանձնորեն կերտում է իր ապագան: