Արժանիորեն գնահատելով մեր երկրի անվտանգությունն օր ու գիշեր անառիկ պահող դիրքապահների նվիրված ծառայությունը

Բարի ավանդույթի համաձայն` Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձերին ընդառաջ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներն այս անգամ նույնպես մեկնարկեցին Հայրենիքի սահմանից: Արժանիորեն գնահատելով մեր երկրի անվտանգությունն օր ու գիշեր անառիկ պահող դիրքապահների նվիրված ծառայությունը, տոնական միջոցառումների մեկնարկից առաջ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ այցելեցին դիրքեր, իրենց շնորհավորանքի խոսքն  ու շնորհակալությունը հայտնեցին սահմանում կանգնած զինծառայողներին:

Արցախի ազատամարտիկների միության նախագահ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչներն ու ազատամարտի վետերանները հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահների Եռատոնը շնորհավորելու նպատակով այցելեցին ՊԲ գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի այն մարտական դիրքերը, որտեղ 2016 թվականի ապրիլին թեժ մարտական գործողություններ էին ընթանում:

Շնորհավորելով դիրքապահներին Եռատոնի առթիվ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին՝ նման որդիներ դաստիարակելու, դիրքապահներին՝ ամենօրյա նվիրված ծառայության համար` կոչ անելով մեր երկրի համար կարևոր այս օրերի ընթացքում լինել ավելի զգոն ու պատասխանատու:

2016 թվականի ապրիլյան առճակատումը ցույց տվեց, որ այսօրվա սերունդը ոչնչով չի զիջում իր նախորդներին, իրենց քաջությամբ և անձնազոհությամբ նրանք անառիկ պահեցին մեր երկրի սահմանները, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով առաջնորդվելով ձախողեցին հակառակորդի մտադրություններն ու ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ հանուն հայրենիքի»,- զինծառայողներին ուղղված խոսքում մասնավորապես նշեց ԱԱՄ նախագահը:

Շուշիի ազատագրումը մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ էջերից մեկը համարեց, որը ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական ու տնտեսական հսկայական նշանակություն ունեցավ Արցախի անկախության, մեր ժողովրդի անվտանգության ու հետագա հաջողությունների ձեռքբերման գործընթացում:

Հավելենք, որ Մայիսյան Եռատոնի կապակցությկամբ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ Արցախի ազատամարտիկների միության նախագահ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կողմից հենց դիրքերում պարգևատրվեցին թանկարժեք նվերներով: