Հարցազրույց Արցախի Հանրապետության ՊԲ Գլխավոր վիրաբույժ, գնդապետ Սամվել Գևորգյանի հետ

Այն, որ  ռազմական բժշկությունը ռազմական գործի կարևորագույն բաղկացուցիչն է,կասկածից վեր է: Արցախյան ազգային ազատագրական պայքարում հայ բժիշկներն եղել են զինվորի կողքին՝ հաճախ մի ձեռքին նշտար, մյուսին՝ զենք:Նրանց սխրանքը մեր գոյապայքարում անգնահատելի ու անունրանալի է:Այդ նրանք էին՝Հիպոկրատի սպասավորները, որ հայրենի երկրամասի համար դժվար պահերին կանգնելով ազատամարտիկի կողքին, կիսել են առաջին գծի ուրախություններն ու դառնությունները, դաշտային հոսպիտալներում կատարելով վիրահատություններ հաճախ անհնարինը դարձրել են հնարավոր:Նրանք իրենց կոչմանը հավատարիմ լինելուց բացի ՝ ճանաչել ու սիրել են երկիրը, գիտակցել ,որ փրկելով վիրավոր զինվորին, իրենք փրկում են Արցախ լեռնաշխարհը:Այսպես շարունակում են խորհել նաև այսօր:

-Պարոն Գևորգյան խնդրում եմ,պատմեք ձեր գործունեության մասին: Վաղու՞ց է , ինչ ծառայում եք հայրենիքին՝ որպես ռազմական վիրաբույժ:

  -1971-1977թթ. սովորել եմ Սարատովի բժշկական ինստիտուտում: 1978-1982թթ. զբաղեցրել եմ Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1984թ. մեկնել եմ Արցախ և մինչև 1992թ. աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ:Ռազմաբժշկական ծառայության աշխատանքները սկսվեցին բանակաշինությանը զուգահեռ:Այն ժամանակ Արցախում էին հայտնի բժիշկներՎալերի Մարությանը,Բորիս Դանիելյանը և ուրիշներ:

Պատերազմի ամենածանր շրջանում` 1992-1994 թթ., ստանձնել եմ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը: 1994-2000թթ. զբաղեցրել եմ ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001-2003թթ.` Իվանյանի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003-2013թթ.`  ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը:

-Ձ եր  ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլև հետագա զարգացման գործում: Այսօր էլ  շարքում եք: Ձեզ է վստահված ամենածանր վիրավորների կյանքը:

Ձեր փորձն  ու գիտելիքները հաջող վու՞ մ է արդյոք փոխանցել երիտասարդ մասնագետներին:

-Մենք շատ լավ երիտասարդներ ունենք,ովքեր պատրաստ են ամեն ինչ սովորելու,կարևորը, որ ձգտում ունեն:Իմ աշակերտներն աշխատում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, Երևանում,Մոսկվայում:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրականացրել ենք շուրջ 30 ծանր վիրահատություններ:

Որքանո՞վ է այսօր հայ ռազմական բժշկությունը պատրաստ արտակարգ իրավիճակներին:

Արտակարգ իրավիճակներում բուժօգնության ցուցաբերումը մեր հիմնական պարտականություններից մեկն է, և աշխատում ենք արտակարգ իրավիճակում: Այսօր կարող եմ ասել, որ  վստահ քայլերով ռազմական բժշկությունը, այդ թվում նաև վիրաբուժությունը, առաջ են ընթանում գրանցելով նոր հաջողություններ ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումերի պլանավորման և իրականացման գործում: Սրան զուգահեռ, առանց ավելորդ համեստության և մեծ ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հոսպիտալը զինծառայողներին զուգահեռ հասցնում է սպասարկել նաև մեզ դիմած յուրաքանչյուր քաղաքացու:

Ի՞նչ խնդիրներով են հաճախ դիմում ժամկետային զինծառայողները: Ի՞նչ խնդիրներ ունի այսօր զինվորը:

– Կանխարգելիչ միջոցառումների ճիշտ պլանավորման և որակյալ բուժօգնության ցուցաբերման միջոցով  մենք հասնում ենք ցանկալի արդյունքի: Այսօր մեր զինվորները, ինչպես և մենք, պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրը պատվով իրականացնել:

Ձեր պրակտիկայում, առիթ ունեցե՞լ եք աշխատել արտակարգ իրավիճակներում:

-Այո, իհարկե: Նման դեպքեր հաճախ են պատահում՝ հաշվի առնելով , որ սա զինվորական ծառայություն է և առաջին բուժօգնություն ցուցաբերելու դեպքերը քիչ չեն: Հաճախ դեպքեր են լինում նաև, որ պահանջում են թիմային աշխատանք:

 –Հոսպիտալում բժիշկների մե՞ծ թիմ է աշխատում:

 -Այո, մեծ և բազմապրոֆիլ թիմ, և թիմի համալրումը կրում է շարունակական բնույթ: Բոլորն էլ պատվով են կատարում իրենց առջև դրված խնդիրներ:

Ըստ Ձեզ, զորամասային բժիշկներն ինչպիսի՞ մասնագիտական որակներ ունեն: Արդյո՞ք նրանք ևս անցնում են վերապատրաստումներ, տիրապետում են ժամանակակից մոտեցումներին:

-Զորամասային բժիշկները մեզ հետ մշտապես համագործակցության մեջ են, բավական հաճախ մենք մեկնում ենք զորամասեր՝ տեղում ցուցաբերելու անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն, միասին կազմակերպում և իրականացնում ենք անձնակազմի բուժզննում: Կարող եմ ասել, որ նրանք ունեն բավական բարձր գիտելիքներ և լիարժեք պատրաստվածություն՝ հաղթահարելու իրենց առջև դրված խնդիրները:

– Ապրիլյան  դիմակայության  ժամանակ ինչպես Է  կազմակերպվել վիրավորների բուժօգնությունը

-Ես այնտեղ եմ, որտեղ իմ կարիքը կա:

Ապրիլի առաջին օրերին, երբ արդեն պարզ էր, որ բազմաթիվ վիրավորներ կան, բժիշկներն անցան իրենց գործին:
Ես վիրահատություններ էի կատարում Ջաբրաիլում, հետո նույն օրը գնում ՝Մարտակերտ: Ամեն զինվորի կյանքը մեզ համար թանկ է: Այդ պահին մտածում ես միայն նրանց փրկելու մասին: Ի վերջո մենք հիվանդների չենք վիրահատում, այլ վիրահատում ենք առողջ տղաների,ովքեր վիրավորվել են: Այո, շատ բարդ վիրահատություններ ենք կատարել, բայց մենք փորձել ենք անել հնարավորինս մեր զինվորների համար: Ցավոք, եղան զոհեր, բայց անհնար է, որ նման ռազմական գործողությունների ժամանակ կորուստներ չունենանք:

Նախկին պատերազմի  նման, այս անգամ ևս՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բժիշկները համախմբվեցին: Ջաբրաիլում և Մարտակերտում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում ռազմական բժիշկների կողքին են եղել նաև քաղաքացիական հիվանդանոցների բժիշկները և համատեղ ուժերով իրականացրել ենք նախանշված խնդիրները:

Անհամեմատ բարձր է ներկայիս հոսպիտալային բուժման հնարավորությունները նախկինի՝ 1990-ականների համեմատ:

Եթե նախկինում չկային շատ սարքավորումներ, ներկայումս մեր բանակի հոսպիտալները համալրված են նորագույն սարքավորումներով, հիմա արդեն կարողանում են նույնիսկ դաշտային հոսպիտալային պայմաններում ցանկացած վիրահատություն կատարել: Նաև պլաստիկ վիրահատություններ են կատարել՝ փրկելով զինվորի ոտքը:

-Ինչպիսինն է այսօրվա սերունդը:

Ես  որպես բժիշկ հիացած եմ  մեր տղաների  ոգու արիությամբ:

Առաջին օրը՝ ապրիլի 2-ին, գնացի Ջաբրաիլ, բազմաթիվ վիրավորներ ունեինք: Ընդունում էի ծանր վիրավորների, բայց ապշել էի, որ նրանք մտածում էին  ոչ թե բուժօգնություն ստանալու, այլ՝ կրկին ճակատ վերադառնալու մասին: Մի վիրավոր կար, անունը Համբարձում, վիրավորում էր ստացել վզի հատվածում: Զրույցի ժամանակ հարցրեցի՝ թուրք սպանել ես, ասաց ՝ մի 20 թուրք սպանել եմ, իսկ հետո ասաց՝ բժիշկ ժամանակ չկա, արագ վիրակապեք, որ հետ գնամ: Նման տղաները շատ էին, մոտենում էին ինձ ու ասում՝ դուրս գրեք, մեր ընկերներն այնտեղ կռվում են, իսկ մենք էստեղ պառկած ենք,  պետք է իրենց հասնենք: Իսկապես զարմացել էի, թե ինչ ներուժ ունեն այդ տղաները: Մենք հրաշալի սերունդ ունենք, արժանի զինվոր են, նրանք ամեն ինչի պատրաստ են, միայն թե պաշտպանեն իրենց հողը:

 Յուրաքանչյուր զինվորի ընդունում եմ  ինչպես զավակի, քանի որ՝ որպես ծնող,   հասկանում եմ, թե այդ տղաների ծնողներն այսօր ինչ հոգեվիճակում են:

Մենք պատերազմ չենք ուզում, բայց Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, պատրաստ ենք կռվել մեր հայրենիքի համար:Ասել է թե ՝ինչպես զինորներ են պատրաստ, բանակն է պատրաստ,  այնպես էլ առողջապահության օղակը:

Ինչպիսի՞ իրավիճակ է սահմաններում:

Սահմաններում ամեն բան կազմակերպված է էլ ավելի մեծ զգոնությամբ: Յուրաքանչյուր ստորաբաժանում ունի հատուկ պատրաստվածությամբ զինծառայողներ, ովքեր տիրապետում են առաջին բուժօգնության կանոններին, իսկ առավել ռիսկային դիրքերում հերթապահում են բժիշկներ: Մեր բոլոր զինծառայողները զորամասերում անցնում են բժշկական դասընթացներ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես առաջին բուժօգնության կանոններին տիրապետելուն:

Ընդհանուր ռազմական քաղաքականության մեջ ո՞րն է ռազմական բժշկության դերը:

-Ռազմական բժշկությունը կարևորագույն դեր ունի՝ իհարկե ինչպես հիվանդների բուժման, այնպես էլ կանխարգելման հարցում: Կատարվում են ծավալուն աշխատանքներ, որպեսզի տարեց տարի նվազի հիվանդացությունը: Աշխատանքներ են կատարվում նաև բուժման տևողությունը կրճատելու ուղղությամբ, իհարկե, ոչ որակի հաշվին: Մեր կարգավիճակում գտնվող պետության համար խիստ կարևոր է, որ յուրաքանչյուր զինվոր, ով ունի որոշակի առողջական խնդիրներ, շուտ առողջանա և շարք վերադառնա:Մեր զինվորը առողջ զինվոր է:

Որոշակի առողջական խնդիրներով զորակոչված զինվորների նկատմամբ կա՞ արդյոք հատուկ ուշադրություն, հսկողություն:

-Նման զինծառայողները գտնվում են մշտական բժշկական հսկողության ներքո: Խնդիրը կարգավորվում է հատուկ հրամաններով: Նրանք մշտապես հսկողության տակ են գտնվում ինչպես բուժ անձնակազմի, այնպես էլ հրամանատարության կողմից, պարբերաբար ենթարկվում են բուժհետազոտությունների զորամասային և հոսպիտալային օղակներում: Նրանց համար նախատեսված են ծառայողական պարտականությունների որոշակի սահմանափակումներ՝ ելնելով ունեցած առողջական խնդիրներից:

Կարելի՞ է ասել, որ զինվորը բժշկական ավելի մեծ հսկողության տակ է գտնվում զորամասում, քան կարող էր լինել քաղաքացիական կյանքում:

-Այո, վստահ այդպես է:

Հաջողվել է արդյոք կառուցել ձեր երազած երկիրը:

-Մենք ինքնահաստատման էինք գնում: Թե մեզ, թե աշխարհին պետք էր ապացուցել, որ ազգ ենք, որ արժանապատվություն ունենք և թույլ չենք տա, որ մեզ ոտնահարեն,  մեզանից խլեն այն, ինչը, հիրավի,մեզ է պատկանել ի սկզբանե: Դա էր, որ իր հողն ու հայրենին պաշտպանելու համար ոտքի էր հանել ազատամարտիկներին՝ համակելով ոգևորությամբ, հաղթողի հոգեբանությամբ, առանց որի անհնար կլիներ դիմագրավել ժամանակակից տեխնիկայով զինված ու կենդանի ուժով մի քանի անգամ գերազանցող թշնամուն: Հաղթողի հոգեբանությունը տիրել էր նաև բժիշկներին: Համոզվեցի, որ, իրոք, հայի ոգին անպարտելի է:

Բնականաբար, այսօր էլ քիչ չեն այն ազատամարտիկները, ովքեր իրենց բուժական խնդիրներով Ձեզ են դիմում: Դուք բոլորին էլ պատրաստակամ օգնության ձեռք եք մեկնում:

-Իհարկե: Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ, մասնագետ իր գործը պետք է նվիրումով ու ազնվորեն կատարի, լինի նախարար, շինարար, ատաղձագործ, զինվոր, թե բժիշկ: Իսկ ես երբեք չեմ մոռանում, որ որպես բժշկի՝ իմ պարտքը մարդկանց օգնելն է: Երբեք չեմ մոռանում այն, որ այդ տղաները՝ մեր ազատամարտիկները, իրենց կյանքն էին դրել հայրենիքի փրկության զոհասեղանին, որ նրանց շնորհիվ ձեռք բերվեց այսօրվա խաղաղությունը, անկախությունը: Մերժել նրանց նշանակում է մերժել այն գաղափարները, հանուն որոնց ինքս էլ պայքարում էի: Արցախյան պատերազմի մասնակից  բժիշկների գիտեմ, ովքեր նույնպես հատուկ վերաբերմունք ունեն ազատամարտիկների նկատմամբ:

Ազատամարտիկներին էլ պետք է հասկանալ. նրանք դիմում են նրան, ով մտնում է իրենց դրության մեջ, ով երբեք չի անտեսում իրենց կատարածը, ով սիրով է ընդունում և ուշադիր վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ:

Ի՞նչ կմաղթեք զինծառայողներին, ռազմական բժիշկներին:

-Ցանկանում եմ, որ բանակում տիրի իդեալական մթնոլորտ, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյահոգեբանական առողջության տեսանկյունից, և այս հարցում իհարկե իրենց տեղն ունեն նաև ռազմական բժիշկները: Զինվորներից յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք է կատարվում:

Բոլոր բժիշկներին մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ:Թող սիրեն իրենց աշխատանքը ձգտեն միշտ կատարելագործվել:

Մաղթում՝ խաղաղություն, անամպ երկինք, թող որ մեր բոլոր ջանքերն ուղղված խաղաղության պահպանմանը ունենան պրոֆիլակտիկ բնույթ, մեր հրանոթներն ու արկերը որոտան միայն զորավարժանքների ժամանակ, իսկ անհրաժեշտության դեպքում, իհարկե, պատրաստ ենք պաշտպանել մեր սահմանների անառիկությունը, ինչը, դեռ երեկ, կրկին ապացուցեցինք հակառակորդին:

ՈՒզում եմ  երկիրս խաղաղ, ազատ, անկախ, հարուստ և զարգացած լինի, որ մեր ժողովուրդը երջանիկ ապրի այս  հողի վրա, որ մեզանից յուրաքանչյուրը իր երկրի մասին այնպես մտահոգվի, ինչպես իր տան, ընտանիքի մասին: