Ստեփանակերտի կենտրոնում` Վերածննդի հրապարակի հարևանությամբ, սկսվել է Արցախի ազատամարտիկների զբոսայգու կառուցման աշխտանքները. ընթացքի մեջ են հողային ու հենապատերի կառուցման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից, զբոսայգին ունենալու է Ճարտարապետական յուրահատուկ լուծումներ ու ժամանակակից շինություններ. այն հանգստի ու ժամանցի իդեալական վայր է լինելու :
Ներկայացնելով զբոսայգու կառուցվածքը` «Արցախպրես»-ին հայտնեցին, որ գլխավոր մուտքը լինելու է Վերածննդի հրապարակից, երկրորդը` Հովհ. Թումանյան փողոցից, երրորդ մուտքը` Ստեփ.Շահումյանի անվան մարզադաշտին հարող «Սիրո պուրակ»-ից:
Ազատամարտիկների անվան զբոսայգու` ամբողջությամբ կանաչապատ տարածքն ունենալու է ցայտաղբյուրներ ու ծառուղի: Տարածքի տարբեր հատվածներում նախատեսվում է տեղադրել նստարաններ: Կենտրոնական հատվածում էլ կառուցվելիք օղակաձև ինքնատիպ շատրվաններից ջուրը հոսելու է կասկադով :
Զբոսայգու հարևանությամբ գտնվող Արցախի Ազատամարտիկների միության վարչական շենքի ետնամասում նախատեսվում է կառուցել երկհարկանի կցակառույց, որի առաջին հարկում, ըստ նախագծի, լինելու են հանրային սանհանգույցն ու տեխնիկական սպասարկաման սենյակները:
Այստեղ նախատեսված են նաև մանկական խաղասրահ, իսկ երկրորդ հարկում վետերան-ազատաարտիկների հանգստի համար լինելու է բացօթյա տաղավար: Տարածքում կբացվեն սրճարաններ, 150 տեղանոց ամֆիթատրոն և այլ ժամանցային վայրեր:
Իր տեսակով ու ճարտարապետական լուծումներով Ազատամարտիկների զբոսայգին Արցախի մայրաքաղաքում առաջինը կլինի: Այն նախագծել է «Նարինե և Գեղանի» կազմակերպությունը, որը հատուկ ուշադրություն է դարձրել նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց տեղաշարժն ապահովելուն:
Նշենք նաև, որ կառուցվող զբոսայգին իրականացվում է Արցախի Ազատամարտիկների Միության ֆինանսական միջոցներով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: