Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ – մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի ազատամարտիկներ, հայրենակիցներ

Արցախյան գոյապայքարի տարեգրությունում իր ուրույն տեղն ունի Մարտակերտի ազատագրումը, որն իրականություն դարձավ նվիրյալ քաջորդիների անձնազոհության և փայլուն ռազմագործողության շնորհիվ: Մեծ է այս օրվա խորհուրդը, պատմական նշանակությունն ու դերը. դրանով ամրապնդվեց և բազմապատկվեց հայ մարտիկի հաղթանակի հասնելու հավատը:

Արյամբ ազատագրված Մարտակերտ քաղաքը մաքառման պատմություն ունի, որը որպես արիության ու սխրանքի դաս, փոխանցվելով սերունդներին, նրանց ընթացքը դարձնում է ավելի՛ փառապանծ, ավելի՛ վստահ ու նպատակասլաց:

Արցախյան գոյապայքարը մեր ազատության ոգու պայծառ նկարագիրն է, որը գրվել է բազում քաջորդիների մաքառող արյամբ և սրբագործվել նահատակների հիշատակի լույսով: Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների հիշատակի առաջ: Նրանք իրենց մահով էլ ծառայեցին հայրենիքին:

Հիրավի՛, միասնական ուժերով ազատագրված երկիր ենք փոխանցում սերունդներին՝ մեր ջանքերով և անմնացորդ նվիրվածությամբ մշտապես նպաստելով պետականակերտման և բանակի հզորացման սուրբ գործին:

Այսօր Մարտակերտի բնակչությունը նոր ուժով ու եռանդով է շենացնում հայրենի բնօրրանը՝ ապավինելով սեփական ուժերին և վստահորեն նայելով վաղվա օրվան:

Ի սրտե շնորհավորելով Մարտակերտի ազատագրման  25 – րդ տարեդարձի առթիվ, ցանկանում եմ, որ հերոսութունն ու արիությունը ուղեկցեն սերունդներին:

Փա՜ռք Մարտակերտն ազատագրած քաջորդիներին:

Փա՜ռք հայ ժողովրդին, որ վստահորեն կերտում է իր ապագան:

Արցախի ազատամարտիկների միության

 նախագահ, գեներալ – մայոր                                                                  Ս. Ջ. Կարապետյան