Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձը

Մարտակերտը Արցախ աշխարհի այն բնակավայրերից է,որը եղել է գերության մեջ կրել՝ պատերազմի ծանրությունը:Տեսել է արտագաղթ,ենթարկվել հազար ու մի տեսակ խոշտանգումների:Շուրջ մեկ տարի շրջկենտրոնը մնացել է թշնամու տիրապետության տակ:70քաջորդիներ հանուն Մարտակերտի ազատության իրենց կյանքը դրել են հայրենիքի փրկության զոհասեղանին:Մի շարք հարձակողական ու պաշտպանողական մարտերից հետո արցախցին կարողացավ ազատագրել երբեմնի հզոր շրջանի մեծ մասն ու Մարտակերտ շրջկենտրոնը:Մարտակերտի ազատագրումը պաշտպանության բանակի նշանակալի հաջողություններից էր այն բարենպաստ ներգործություն ունեցավ շրջան վերադարձող խաղաղ բնակչության, ինչպես նաև ավերված բնակավայրերի ու տնտեսության վերականգնման վրա:

Ամեն տարի հունիսի 28–ին մարտակերտցիները հանդիսավոր պայմաններում են նշում քաղաքի ազատագրման տարեդարձը:Տոնական միջոցառումներին մասնակցելու էին եկել  ԼՂՀ ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի նվիրյալների հիշատակին:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Նախագահ Սահակյանը երկու ազատամարտիկի պարգեւատրել է«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, հինգ ազատամարտիկի՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

Բակո  Սահակյանը կարեւորել է Մարտակերտի ազատագրումը ռազմաքաղաքական եւ բարոյական տեսանկյուններից՝ հավելելով՝ քաղաքի ազատագրումն ամրապնդեց մեր հաջողությունները եւ դարձավ թշնամու կողմից ավերված շրջանի վերականգնման ու հետագա զարգացման կարեւոր գրավականներից մեկը:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Մարտակերտը պետք է վերականգնի իր երբեմնի փառքը, եւ հայրենիքից դուրս ապրող հազարավոր մարտակերտցիներ վերադառնան իրենց հարազատ օջախները:

«Հայրենի հողում ապրելն ու արարելը, հայրենիքը պաշտպանելն ու զարգացնելն ամենակարևոր առաքելությունն է հայ մարդու համար:Բոլորիս պարտքն է՝ անել հնարավորն այս ուղղությամբ»,-իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:

Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը հրապարակել է  միության վարչության որոշումը ,որի համաձայն Մարտակերտի տարածքային միավորման բոլոր առաջին և երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտկները(թվով 138 հոգի) պարգևատրվել են 50 000- ական դրամով:Մարտակերտ քաղաքի ազատագրման 25-րդ տարեդարձի և հասարակական ակտիվ գործունեության համար 5ազատամարտիկ պարգևատրվել են թանկարժեք նվերով,7 ազատամարտիկ՝ՙՀայրենյաց պաշտպան՚ մեդալով:Պարգևատրումն իրականացրել է  ԼՂՀ ՊՆ,ԱԱՄ վարչության անդամ գեներալ –լեյտենանտ Լևոն Մնացականյանը:Վերջում պարգևատրվածներից յուրաքանչյուրն իր գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնեց  Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ- մայոր Սամվել Կարապետյանին ՝հավելելով, որ ուշադրության ու հոգածության այսպիսի դրսևորումները շարունակությունն են հայրենասիրական ու մարդասիրական գործունեության: