Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ – մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը Չլդրանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման կապակցությամբ

Հարգարժան հայրենակիցներ,

Սիրելի ազատամարտիկներ,

Հիրավի՛, այս հուշարձանը, որ ոգու և արիության մարմնացում է, խորհրդանշում է մեր ժողովրդի՝ հանուն ազատության մղած պայքարը, ինքնության հաստատման այն ճանապարհը, որը միավորեց մեր ժողովրդի քաջարի ու նվիրյալ զավակներին, դարձրեց միակամ ու վճռորոշ ուժ, որն էլ իրականացրեց Արցախի Հանրապետության կայացումը, զարգացումն ու հզորացումը:

Մաքառումի ու պայքարի այս ճանապարհին իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերեցին բազում քաջորդիներ, համոզված լինելով, որ իրենք կյանքի – մահի պայքարում փրկում են ոչ միայն հող – հայրենին, այլև անխափան ու հաստատուն են դարձնում ազգի ապագան, սերունդների երթը: Անմահների հիշատակը սերնդեսերունդ փոխանցվող արիության դաս է, ռազմահայրենասիրական դաստիարակության զորավոր միջոց: Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների հիշատակի առաջ:

Նրանց անցած մարտական ճանապարհը հայրենանվեր ոգու վառ դրսևորում է, հայոց պատմության էջում ոսկե տառերով գրված հիշատակություն, ազգային այնպիսի արժեք, որ սերունդների հոգում միշտ վառ է պահում միասնական պայքարի անշեջ հուրը:

Մեծ է Չլդրանի ազատամարտիկների ներդրումը Արցախյան գոյապայքարում: Եվ համոզված ու վստահ ենք նաև, որ երիտասարդներն հաղթանակներ կռած քաջորդիների արժանի հետնորդն են, մեր ժողովրդի միասնանկան ոգու իսկական ժառանգորդը:

Այսօր էլ մեր ուժը մեր ազգային միասնությունն է, համատեղ ջանքերով հայրենիքի անվտանգությունն ապահովող Բանակի մարտունակության բարձրացումը, ոգու հաղթանակը և մեր լինելիության գրավականը:

Հիրավի՛, այս հուշարձանի բացումով մենք հաստատում ենք մեր ոգու ու կամքի հաղթանակը:

Փա՜ռք հաղթանակներ կերտած մեր հերոսներին:

Փա՜ռք հայ ժողովրդին, որ վստահորեն կերտում է իր ապագան:

Արցախի ազատամարտիկների

միության նախագահ, գեներալ – մայոր                                       Ս. Ջ. Կարապետյան