ԱԱՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի հայրենակիցներ.

Արցախի ազատամարտիկների միության վարչությունը և նրա շուրջը համախմբված երեկվա պատերազմի մասնակիցների  տաս հազարանոց բանակն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Հայոց արևելաց կողմի ազատագրված տարածքների հետ կապված հնարավոր զիջումների մասին արդեն իսկ անթաքույց հնչեղություն ստացած դավաճանական հայտարարությունների  վերաբերյալ և դա որակում ոչ այլ կերպ, քան մեր ազգային միասնության խարխլմանն  ուղղված բացահայտ ոտնձգություն:

Ողջուներով Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ուղղված մեր համազգային ջանքերի շարունակական դինամիկան և դրա շնորհիվ առայսօր արդեն իսկ ունեցած ձեռքբերումները սրբորեն պաշտպանելու և հարկ եղած դեպքում դրանք բազմապատկելու հայ ժողովրդի վճռականությունը, Արցախի ազատամարտիկների միությունը միաժամանակ ողջախոհության կոչ է հղում բոլոր նրանց, ովքեր զիջողականությունը և, ըստ այդմ՝ նաև պարտվողականությունը համարում են որպես հիմնախնդրի լուծման ցանկալի ու, թերևս, այլընտրանքային ճանապարհ:

Արցախի ազատամարտիկների միությունը հարգելով հայոց պատմական տարածքների ազատագրման համար իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերած հազարավոր մարտընկերների կատարածը և մշտապես կանգնած լինելով հարազատ պետականության պաշտպանության դիրքերում, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ պատրաստակամ է իր վճռական գործողություններով սատարել մեր երկրի տարածքային ամբողջականության և նրա լիարժեք անվտանգության ապահովմանը:

ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ