Նախաձեռնություններ, որոնք ունեն ավանդական բնույթ

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն այս անգամ նույնպես մեկնարկեցին Հայրենիքի սահմանից: Գնահատելով մեր երկրի անվտանգությունը գիշեր ցերեկ անառիկ պահող դիրքապահների նվիրված ծառայությունը, տոնական միջոցառումների մեկնարկից առաջ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ այցելեցին դիրքեր, իրենց շնորհավորանքի  ու երախտիքի խոսքն ասելու սահմանապահ զինվորներին:

ԱԱՄ  վարչության անդամները     նախագահ գեներալ-մայոր  Սամվել Կարապետյանի գլխավորությամբ եղան  պաշտպանական դիրքերում և շնորհավորեցին դիրքապահների  անկախության տոնը:

Սեպտեմբերի 1-ին Արցախի հանրապետության բոլոր կրթօջախներում ԱՀ պաշտպանության նախարարության և Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպվեցին<<Արիության դասեր>>:Վետերանների փորձն ու ներուժն արդյունավետ օգտագործելով,միությունը փորձում է նպաստել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, երկրի  պաշտպանունակության ամրապնդմաը:

Ամեն տարի սեպտեմբերի 2-ին հավաքվում են Արցախի ազատամարտիկների միության անդամները: Հավաքվում են խոսելու տարած հաղթանակներից, ձեռքբերումներից, երկրի անցուդարձից՝ ծաղիկներ խոնարհում կորցրած մարտընկերների հիշատակին: Մինչ  հուշահամալիր մեկնելը Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ- մայոր Սամվել Կարապետյանը  ողջունեց ազատամարտիկներին, ապա շնորհավորեց նրանց անկախության տոնը:

27 տարին պատմության համար գուցե փոքր, բայց բովանդակությամբ և նշանակությամբ մեծ է  ու բացառիկ: Հռչակելով Արցախի հանրապետություն,մեր ժողովուրդը արտահայտեց իր ազատ ու անկախ ապրելու կամքը: Ազատության տենչը արցախյան գոյապայքարում դարձավ համայն  հայությանը միավորող ուժ: Անկախությունը ձեռք է բերվել քաջորդիների արյան գնով. այն պահելն ու ամրապնդելը մեր այսօրվա գերխնդիրն է: Չափազանց կարևոր է նաև մեր քաղաքական ակտիվությունն ու պատասխանատվությունը  հայրենիքի վաղվա օրվա համար: Ժամանակի պահանջն է, որ հայ ժողովուրդը վճռական լինի մեր երեկվա տարած հաղթանակների պահպանման ու նոր ձեռքբերումների  կերտման գործում,- իր խոսքում նշել է Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ- մայոր Սամվել Կարապետյանը:

Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ  ԱԱՄ-ը լինելով ժողովրդի միասնությունը ամրապնդող ուժ, այսուհետ ևս իր ջանքերն ու կարողությունները կներդնի  երկրի և բանակի հզորացմանը: