Հարգելի սպաներ, զինվորներ և ազատամարտիկներ:
Արցախի ազատամարտիկների միության վարչության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 62-րդ հրետանային բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ՝ բարձր գնահատելով հպարտության արժանի Ձեր բացառիկ գործունեությունը Հայրենիքի անվտանգության և Բանակի մարտունակության բարձրացման ոլորտում:
Հիրավի՛, զորամասն ունի մարտական հարուստ կենսագրություն, անցել է հերոսական ճանապարհ և անմնացորդ նվիրվածությամբ, համառ ջանքերով կրել հայ ժողովրդի համար բաղձալի ու բախտորոշիչ Հաղթանակը: Ասյօր մենք հպարտությամբ ենք նայում Ձեր անցած մարտական ճանապարհին, որը սերունդների համար արիության դաս է, պայքարի ու անմնացորդ նվիրումի վկայություն, ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն միջոց:
Ժամանակը ցույց տվեց, որ մենք անպարտելի ենք մեր միասնությամբ: Դրա վառ վկայությունն է նաև ապրիլյան պատերազմը, ուր ևս մեկ անգամ դրսևորվեց մեր ժողովրդի անսասան կամքն ու վճռականությունը: Հիրավի՛, այսօր էլ մեր ուժն ու դաշնակիցը մեր միասնությունն է, սեփական ուժերի նկատմամբ ունեցած ամուր հավատը:
Անշուշտ, զորամասի զինվորներն ու սպաները իրենց գործունեությամբ իմաստավորում և նորովի են արժևորում ժամանակաշրջանը, հաստատելով այն ճշմարտությունը, որ հայրենասիրությունն ու ազգասիրությունը հայի համար գոյության նպատակ են, կյանքի իմաստ և լինելության գրավական: Մեր հայրենիքը հպարտ է ձեզանով և այդ հպարտությունը մենք պարտավոր ենք փոխանցել սերունդներին, ապահովելով մեր իսկ արյամբ գծված հայրենյաց սահմանների անկախությունը: