ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՄՐՑԱՇԱՐ

Սեպտեմբերի  11-ից 15-ը Հանրապետական շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 18 մասնակիցներ հանրապետության բոլոր շրջաններից և մայրաքաղաք Ստեփանակերտից:

Ինչպես միշտ, այս անգամ էլ ուշադրության կենտրոնում հաշմանդամ ազատամարտիկներն են: Նպատակը մեկն է՝ ակտիվացնել և նորովի իմաստավորել հաշմանդամ ազատամարտիկների առօրյան, նրանց մեջ ի հայտ բերելով ուժեղագույն շախմատիստներին:

Մրցաշարն ընթացավ առողջ ու ակտիվ մթնոլորտում: Մրցավար Հակոբ Ավագյանի հավաստմամբ՝ այս մրցաշարն ավանդություն դարձած կարևորագույն միջոցառումներից է, որի կազմակերպումը համատեղ ուժերով իրականացվում է ԱՀ կրթության, գիտության, սպորտի նախարարության և Արցախի ազատամարտիկների միության կողմից:

Մրցանակային առաջին տեղը գրավեց Գագիկ Աբրահամյանը՝ Կարմիր շուկայից, երկրորդ տեղը՝ Արարատ Այարյանը՝ Մարտակերտից, երրորդ տեղը՝ Կարո Պետրոսյանը՝ Շուշիից:

Մրցաշարում հաղթած մասնակիցները ԿԳՍ նախարարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական պարգևով, որը հաղթողներին հանձնեց նախարարության բաժնի պետ Վալերի Հայրիյանը:

Արցախի ազատամարտիկների միության նվերները մրցաշարում հաղթած հաշմանդամ ազատամարտիկներին հանձնեց ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, ով հանդես գալով ամփոփիչ խոսքով, Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի անունից շնորհավորեց մրցույթում հաղթողներին և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ու ուշագրավ խաղ ցուցաբերելու համար: