Հայրենակիցներ, այսօր Արցախյան գոյապայքարի նվիրյալ Էդմոն Բարսեղյանը կդառնար 50 տարեկան, բայց այն առաքելությունը, որ նրան վիճակվեց ճակատագրով, սրբազան պարտք էր, սեփական արյան գնով հող-հայրենին պաշտպանելու:
«Բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»: Այս նվիրական խոսքերով է առաջնորդվել քաջարի ազատամարտիկն ու նվիրյալ հայորդին, Արցախի ազատության և անկախության համար չխնայելով ամենաթանկը՝ երիտասարդ կյանքը:
Եվ այսօր կարող ենք վստահորեն ասել, որ նրա անցած մարտական ճանապարհը ոչ միայն արիության դաս է, այլև հավատի, ոգու և միասնական պայքարի պայծառ խորհրդանիշ:
Գլուխ խոնարհենք Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակի առաջ: Հիրավի՛, նրանք էին հաղթանակների հիմքը դնողները և նրանք պետք է համարժեք գնահատականի արժանանան:
Ակնհայտ է, որ հերոսների զավակներն էլ հերոսներ են: Դրա վկայությունը հենց Ապրիլյան պատերազմի ժամանակ երիտասարդ սերնդի ցուցաբերած քաջությունն ու արիությունն է, որոնց շնորհիվ ջարդվեցին ագրեսորի զորամիավորումները: Եվս միանգամ հաստատվեց այն ճշմարտությունը, որ ազգի միասնությունն ու համախմբվածությունը հաղթանակի գրավականն են:
Իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Ազատամարտի նվիրյալ Էդմոն Բարսեղյանի հարազատներին, Ասկերանի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին՝ այդպիսի հայրենասեր զավակ դաստիարակելու համար:
Փա՜ռք հերոսական հայրենիքի անձնվեր ու քաջակորով ազատամարտիկներին, փա՜ռք Երկրի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներին:
Արցախի ազատամարտիկների միության
վարչության նախագահ, գեներալ-մայոր Ս. Ջ. Կարապետյան