Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը…

Արցախի ազատամարտիկների  միության գործունեության ուղղություններից մեկն էլ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելն ու հնարավորության սահմաններում նրանց նյութական օժանդակություն ցուցաբերելն է:

Հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի կանանց ֆորում՝ նվիրված «Մայրություն» հասարակական կազմակերպության, Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալի ստեղծման 25-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ բարձրաստիճան այրերը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Բացման  խոսքով հանդես  է  եկել «Մայրություն» հասարակական  կազմակերպության  նախագահ Հասմիկ Միքայելյանը:

Նա  շնորհակալություն  է  հայտնել բոլոր  այն  անձանց, ովքեր  30  տարի  շարունակ   աջակցել     են  կազմակերպության    ստեղծմանը, կայացմանն ու  զարգացմանը: Տիկին Միքայելյանը  փաստել  է, որ կազմակերպության  յուրաքանչյուր  անդամ   պատրաստակամ է  իր  մասնակցությունը  բերելու հանրապետության կենսագործունեությանը  միտված  բոլոր  միջոցառումներին՝  ի  բարօրություն   Արցախի  ծաղկմանն  ու  բարգավաճմանը, և  ի  շահ    Արցախի  անկախության  վերջնական  հաղթանակի:

Կազմակերպության  30-ամյա  գործունեության  մասին հանգամանալից   զեկուցել է «Մայրություն»  ՀԿ  համանախագահ  Սիրվարդ  Մարգարյանը:

Նրա խոսքով՝  «Մայրություն»-ը ստեղծվել  է  ականավոր  բանաստեղծուհի, երջանկահիշատակ  Մարո  Մարգարյանի  նախաձեռնությամբ  1988 թվականի  մայիսի  25-ին Ստեփանակերտում,  որի  առաջին  նախագահն   է  ընտրվել  Հասմիկ  Միքայելյանը: 30  տարիների  ընթացքում կազմակերպության  նշանաբանը է  եղել  «Գթասրտություն  առանց  սահմանի» կարգախոսը:

Ադրադառնալով կազմակերպության ստեղծմանը Սիրվարդ Մարգարյանը իր խոսքում մասնավորապես ասել է.«Ազատագրական  շարժման  առաջին  իսկ  օրերից  կանանց  կազմակերպությունը  դարձել  է  քաղաքական շտաբ՝ ընդդեմ ազգային ինքնորոշման  իրավունքի ոտնահարման, մարդու, մոր  և  մանկան, ընտանիքի  իրավունքի   պաշտպանության  համար  ադրբեջանական  իշխանությունների  կամայականությունների:  Արցախյան ազգային-ազատագրական պայքարի  ծնունդ   կանանց  շարժումը  եղել  և մնում  է  որպես  հասարակական-քաղաքական ինքնուրույն  ուժ:  30-ամյա   պայքարի  ձևերը  տարբեր էին՝ քաղաքական հանրահավաքներ, ցույցեր, գործադուլներ, հացադուլներ, բողոքի  հեռագրեր  և  դիմումներ՝  ի  պաշտպանություն մարդու  իրավունքի՝ աշխարհի  բազմաթիվ  գործող  կազմակերպություններին:   Այս  տարիների  ընթացքում  մենք  աջակցություն   ենք    ցուցաբերել   ֆիդայական  ջոկատներին՝  սննդով, հագուստով ու  դեղամիջոցներով:  Իրականացրել    դոնորոկան  օգնություն  վիրավոր  ազատամարտիկներին,  խնամք  հոսպիտալներում, ացելել    զոհված  ազատամարտիկների ընտանիքներին, ամենամյա  նյութական  օգնություն երկկողմանի  ծնողազուրկ, զոհված  ազտամարտիկների, խուլ  ու  համր, անշարժ, հաշմանդամ  երեխաներին»:

Նա  նաև  նշել  է՝  «Մայրություն»-ը  եղել   և  այսօր  էլ շարունակում է  լինել  զինվորի  կողքին, ամենօրյա  ուշադրության  կենտրոնում  պահելով  նրանց հոգսերն  ու  խնդիրները:

Միջոցառմանը  հրավիրված   Արցախի   հերոս Արկադի  Տեր-Թադևոսյանն  առաջիններից  է  եղել, ով արժանացել  է «Մայրական երախտագիտություն»   մեդալի:

Իր   խոսքում   նա  ընդգծել է  այն  մեծ  դերակատարությունը, որ  բերել  է    «Մայրություն»  կազմակերպությունը՝  սկսած  իր  ստեղծման  օրից  ցայսօր:

«Մայրությունն այն  մեծ  արժեքն  է,  որը    յուրաքանչյուրիս  համար  սուրբ է:  Անուրանալի  է     այս  կազմակերպության   ավանդը թե´  Արցախյան  շարժման,  և  թե´  խաղաղ   տարիներին: Տեսնելով   այս  կազմակերպության   կանանց կատարած աշխատանքը, մենք  ևս  ոգևորվեցինք ու ոգեշնչվեցինք»,-նշել  է  Ա.  Տեր-Թադևոսյանը:Ելույթ ունեցողները շատ էին:

ԱՀ  Ազգային  ժողովի   արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ,  կազմակերպության  համանախագահ  Արզիկ  Մխիթարյանը, աֆղանական  և  արցախյան պատերազմների  մասնակից Արմեն  Գևորգյանը, բանաստեղծ Սոկրատ Խանյանը: Արցախի ազատամարտիկների միությունը, ողջունելով  «Մայրություն» հասարակական կազմակերպության 30 ամյակը, 300 000 դրամ նյութական օժանդակություն է ցուցաբերել  կազմակերպությանը:

Հ. Միքայելյանը   «Մայրական երախտագիտություն»  մեդալով  պարգևատրել է  արցախյան  և  ապրիլյան ռազմագործողությունների մասնակից, զորամասի  հրամանատար, գնդապետ  Մարտին  Ջհանգիրյանին:

«Լավագույն սպայական  ընտանիք» մեդալներին      էլ արժանացել  են    Արցախի  հերոս  Յուրի  Պողոսյանի  և Ստեփանակերտի զինվորական  կոմիսար  Գրիգորի  Գասպարյանի  ընտանիքները:

Ելույթներն   ընդմիջվել  են     ԱՀ  պաշտպանության  բանակի  «Ասպետ»  համույթի և   անհատ-կատարողների կատարումներով:

Միջոցառմանը  «Մռակած»  պետական  երգչախմբի  կատարմամբ   հնչել  է «Քայլ» երգի պրիմիերան՝ նվիրված  Արցախի  հերոս  Արկադի  Տեր-Թադևոսյանին, որի խոսքերի  հեղինակն  է   Գառնիկ  Սարգսյանը, իսկ  երաժշտությանը՝  կոմպոզիոտոր   Սիմոն  Սարգսյանը:

Վերջում  ՀԿ  անդամները ներկաներին են նվիրել «Մայրս  պատկերն է մայր հայրենիքիս» գիրք-ալբոմը: Հայ ազգային ինքնության պահպանման  ֆենոմենը հայ մայրերն են: Ճշմարիտ է ասված. «Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը»: Եվ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, իսկ մենք, հիրավի զորավոր ընտանիքներ շատ ունենք: Համոզված ենք՝ ինչպես երեկ և այսօր, այնպես էլ այսուհետ «Մայրություն» հասարակական կազմակերպությունը պատվով է կատարելու իր առաքելությունը: