Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը արցախյան շարժման ակտիվ մասնակից, արցախյան գոյապայքարի նվիրյալ, ռազմական բժիշկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վալերի Երվանդի Մարությանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ

Հայրենակիցներ,

Արցախյան գոյապայքարի նվիրյալ, ռազմական բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Վալերի Մարությանն այսօր կդառնար 75 տարեկան, բայց նրան՝ նվիրյալ ու հայրենասեր հայորդուն վիճակվեց այլ ճակատագիր: Արցախյան ազգային ազատագրական պայքարում Վալերի Մարությանը միշտ եղել է մարտնչող զինվորի կողքին՝ մի ձեռքին նշտար, մյուսին՝ զենք: Նա իր մարտընկերների հետ դաշտային հոսպիտալներում սխրանքներ է գործել՝ կատարելով դժվարին ու բարդ վիրահատություններ և փրկելով բազում ազատամարտիկների կյանքեր: Բանակի գլխավոր վիրաբույժն էր,  զորամաս-հոսպիտալի հիմնադիրը:

Հիրավի՛, դա՛ էր այն սուրբ առաքելությունը, որ նրան ընձեռվեց ճակատագրով: Եվ նա՝ ռազմական բժիշկն ու նվիրյալ հայորդին անմնացորդ նվիրվածությամբ և մեծ պատասխանատվությամբ կատարեց իր սուրբ առաքելությունը՝ համառ պայքարով ու ջանքով  իրականություն դարձնելով մեր ժողովրդի համար այնքան բաղձալի հաղթանակը:

Եվ այսօր վստահորեն կարող ենք ասել, որ Վալերի Մարության բժշկի և ազատամարտիկի հայրենանվեր կերպարը, նրա կյանքի յուրաքանչյուր դրվագ նոր սերունդների համար ուսանելի և անհրաժեշտ խորհուրդներ ունեն: Չէ որ հայրենանվեր  բժիշկն ու նվիրյալ հայորդին չխնայեց ոչինչ, անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն հայրենասիրությամբ ձեռնամուխ եղավ Արցախի ազատության և անկախության սուրբ գործին:

Անգնահատելի է նրա ու նրա մարտընկերների սխրանքը: Նրանց կյանքն ու գործը սերունդների համար արիության դաս են, ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն միջոց:

Փա՜ռք Արցախի ազատությունն ու անկախությունը կերտած քաջորդիներին:

Փա՝ռք հայոց բանակին:

Փա՜ռք հայ ժողովրդին, որ վստահորեն կերտում է իր ապագան:

Արցախի ազատամարտիկների միության  նախագահ, գեներալ-մայոր

Ս. Ջ. Կարապետյան