Հիշենք և մեծարենք

Նոյեմբերի 23-ին Պաշտպանության բանակի կենտրնական ենթակայության զորամասերից մեկում  կազմակերպված հուշ եեկույթը նվիրված էր Արցախյան ազգային ազատագրական պայքարում մարտիրոսված տղաներից երեքի՝ Լև Հարությունյանի, Կամո Փիրումյանի և Կարո Միքայելյանի անմար հիշատակին: Միջոցառումը, որին մասնակցում էին նվիրյալների հարազատները, ընկերներն ու հասարակության  տարբեր շրջանների ներկայացուցիչները՝ մեկնարկեց զորամասի փառքի անկյունում ծաղիկների խոնարհմամբ ու առ Աստված հնչեցրած տերունական աղոթքով:Նվիրյալների մեծարման առթիվ կազմակերպված հուշ-ցերեկույթին ելույթ ունեցողները՝ մարտընկերներն ու հարազատները, ներկայացնելով նրանց կյանքն ու գործունեությունը, հիշարժան դրվագներ մարտական գործողություններից, կարևորեցին նահատակներից յուրաքանչյուրի տեղն ու դերը և ուրույն ավանդը Արցախյան ազատամարտում, քանի որ մեկը կազմակերպչական, մյուսը՝ ինքնաշեն զենքերի ստեղծման, երրորդը հրամանատարական և այլ ունակություններով նպաստեցին մեր ընդհանուր հաջողությունների կերտմանն ու հաղթական նոտայով հրադադարի հաստատմանը: Հուշ-ցերեկույթի ժամանակ ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը ներկայացրեց  Արցախի Ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի՝ հայրենիքին անմնացորդ նվիրված հայրենյաց պաշտպաններին և նրանց հարազատներին ուղղված երախտիքի խոսքը, իսկ միության որոշմամբ նահատակների ընտանիքի անդամներին հուշանվերներ փոխանցվեցին: Հավելենք, որ հուշ-ցերեկույթին հնչած ելույթներն ընդմիջվում էին զորամասին կցված դպրոցների սաների և  Պաշտպանության բանակի <<Ասպետ>> համույթի գեղարվեստական կատարումներով:

Լև Հարությունյանի որդին՝ Սամվել Հարությունյանը, ով ծառայում է Պաշտպանության բանակում՝ հոր կիսատ թողած գործն է նաև շարունակում: Նա մեզ հետ զրույցում շեշտեց, որ ամեն ինչ անելու է հայրենիքին օգտակար լինելու և դրանով իսկ բոլոր նվիրյալների պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար: Կամոյի դուստրը՝ Սուսաննա Փիրումյանը, հուզմունքով, բայց նաև հպարտությամբ խոսեց հոր ու կյանքը հայրենիքին զոհաբերած մյուս տղաների մասին, ովքեր իրենց կյանքով  սերունդներին նոր կյանք շնորհեցին: Եվ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին նահատակների հիշատակը մեծարելու համար՝ կարևորվեց հարազատների մորմոքը կիսելու և մոռացված չզգալու հանգամանքը:

Զորամասի հրամնատարի՝ ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Հովիկ Սարգսյանի վստահեցմամբ կազմակերպված հուշ-ցերեկույթը բացի նահատակված տղաների հիշատակը հավերժացնելուց՝ ուղղված է նաև առ այն, որ այսօրվա սերունդը նրանց գործի շարունակողն է բոլոր առումներով և պատրաստ է ցանկացած պահի կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում և անառիկ պահել նրա սահմանները: