25-ամյա անպարտելի մարտական կենսագրություն

Դեկտեմբերի 1-ին հանդիսավոր պայմաններում նշվեց գնդապետ Կարեն Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ստեղծվելով Արցախյան ազգային ազատագրական պայքարի արյունոտ մարտերում՝ զորամասը փառավոր մարտական ուղի է անցել՝ իր առաքելությամբ նպաստելով Արցախի Հանրապետության արևելյան սահմանների ամրապնդմանն ու մեր ընդհանուր հաղթանակների կերտմանը:

Տոն օրվա կապակցությամբ զորամաս էին այցելել ՊԲ հրամկազմը՝ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն  Մնացականյանի գլխավորությամբ, Մարտունու շրջանի ղեկավարությունը, ազատամարտիկներ ու հյուրեր:

Շնորհավորելով զորամասի նախկին ու ներկա բոլոր զինծառայողներին տոն օրվա կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը արժևորեց զորամասի անցած անպարտելի մարտական ուղին, որին նպաստել են փորձառու և նվիրված հրամանատարները՝ իրենց քաջարի զինծառայողներով: Նա նաև շեշտեց, որ հակառակորդի հոխորտանքների պայմաններում պետք է ամեն ինչ անեն Ազատամարտիկների ակունքներում կանգնածների պատիվը բարձր  պահելու և վերջնական հաղթանակի հասնելու համար, ինչին հնարավոր է հասնել բոլոր ստորաբաժանումների ու զինծառայողների մասնագիտական ունակությունների անընդհատ կատարելագործման ճանապարհով:

Զորամասի առաջին հրամանատար, այժմ արդեն պահեստազորի գեներալ-մայոր Նելսոն Սողոմոնյանը շնորհավորելով բոլորին զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշեց, որ հպարտություն է ապրում տեսնելով օր-օրի հզորացող հարազատ զորամասը և առիթն օգտագործելով հիշարժան դրվագներ պատմեց կազմավորման առաջին օրերին տեղի ունեցած մարտական գործողություններից, որում զգալի էին դեռևս նոր կազմավորված ջոկատների տղաների նվիրվածությունն ու մարտական ոգին: Եվ հենց այդ ոգին հանդիսացավ հզոր բանակ ունենալու կարևորագույն նախապայմանը:

Շարունակելով լավագույն ավանդույթները՝ հետպատերազմյան տարիներին անընդհատ աշխատանքներ են իրականացվել զինանձնակազմի  մարտավարամասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործման, նոր զինատեսակների ձեռքբերման, շարքային և հրամանատարական կազմի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, թիկունքային ապահովման և այլ ուղղություններում: Զորամասն իր պատրաստվածությունն ու անպարտելիությունը կրկին ապացուցեց 2016 թվականի ապրիլյան առճակատման օրերին, իսկ այժմ, զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանի վստահեցմամբ՝ պատրաստ են ոչ միայն պաշտպանել հայրենիքի իրենց վստահած սահմանները, այլև հարձակողական գործողություններով վերջնականապես ծնկի բերել ագրեսիա դրսևորող հակառակորդին:

Միջոցառման ավարտին հրապարակվեցին պաշտպանության նախարարի, Արցախի ազատամարտիկների միության նախագահի և զորամասի հրամանատարի հրամանները: Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքն ուղղված զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձին ներկայացրեց Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը:

Վերջինս հրապարակեց միության վարչության որոշումը, որի համաձայն զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձի և ակտիվ հասարակական գործունեության համար մի շարք ազատամարտիկներ, սպաներ ու ժամկետային զինծառայողներ պարգևատրվեցին  <<Հայրենյաց պաշտպան>> մեդալով, պատվոգրով և արժեքավոր նվերներով:

Պարգևատրումն իրականացրեց Արցախի ազատամարտիկների միության Մարտունու տարածքային միավորման խորհրդի նախագահ Սարո Երեմյանը:

Զորամասի 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միտինգն ավարտվեց ստորաբաժանումների հանդիսավոր երթով: