Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը 3-րդ պաշտպանական շրջանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ

Հարգելի սպաներ, զինվորներ, ազատամարտիկներ

25 տարիների հեռվից նայելով Ձեր անցած մարտական ճանապարհին, հպարտություն ենք ապրում և հավաստում, որ զգալիորեն մեծ է այն ավանդն ու չափաբաժինը, որ Դուք ներդրել եք Հայրենիքի ազատագրության և հող-հայրենիի փրկության սրբազան գործում:

Հիրավի՛, զորամասի անցած փառավոր ուղին վկայությունն է այն միասնական ու անխոնջ պայքարի, այն անմնացորդ նվիրվածության և հայրենասիրության, որի արդյունքում իրականություն դարձավ ժողովրդի համար այնքան բաղձալի հաղթանակը:

Ակնհայտ է, որ մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ կատարելով Ձեր պարտականությունը, ևս մի անգամ հաստատում եք այն ճշմարտությունը, որ աննկուն ու անպարտելի է հայ զինվորի և սպայի ոգին, երբ նրանց միավորող ուժը Հայրենիքի անվտանգության ապահովման սուրբ գաղափարն է:

Մաքառումների և պայքարի այս ճանապարհին իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերեցին բազում քաջորդիներ, համոզված լինելով, որ իրենք փրկում են հող- հայրենին, անխափան ու հաստատուն դարձնում ազգի ապագան: Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում մարտիրոսված քաջորդիների հիշատակի առաջ:      Հարգելի սպաներ, զինվորներ, ազատամարտիկներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ 3-րդ պաշտպանական շրջանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր հայրենանվեր ու հանրօգուտ գործում:

Փա՜ռք, զորամասի անձնվեր ու քաջակորով սպաներին ու զինվորներին:

Փա՜ռք հայոց բանակին:

Փա՜ռք հայ ժողովրդին, որ վստահորեն կերտում է իր ապագան:

Արցախի ազատամարտիկների միության  վարչության նախագահ, գեներալ-մայոր

Ս. Ջ. Կարապետյան