Ապրում ենք հիշելով

1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի մի շարք քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

30 տարի առաջ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, բազմաթիվ ընտանիքներ մնացին անօթևան:

Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Ամեն տարի այս օրը առաջադեմ մարդկությունը ծաղիկներ է խոնարհում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Այսօր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին  ինչպես իշխանավոր այրերը, այնպես էլ  Արցախի ազատամարտիկների միության անդամները՝ Ստեփանակերտի տարածքային միավորումների նախագահների գլխավորությամբ: