Մեծարվեց ազատամարտի նվիրյալը

Դեկտեմբերի 13-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքում կազմակերպված  հուշ -ցերեկույթը նվիրված էր Արցախյան գոյապայքարի նվիրյալներից մեկի՝ Վարդան Ջիվանշիրյանի ծննդյան 55-ամյակին, որին մասնակցում էին նրա հարազատները, պետական այրերը, զինվորականներ ու համագյուղացիներ: Հուշ-ցերեկույթը մեկնարկեց հայրենիքին անմնացորդ նվիրված Ակնաղբյուրի հայրենյաց պաշտպանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհմամբ և առ Աստված հնչեցված տերունական աղոթքով:

Առաջին կամավորականներից էր՝ գյուղի դասակի, իսկ այնուհետև վաշտի հրամանատարը: Մասնակցել է Քարին-տակի  Ամարասի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների գյուղերի, ինչպես նաև Ակնայի ազատագրական ու պաշտպանական մարտերին: Հայորդին զոհվել է 1994թ. Ապրիլի 13-ին Ջավահիրլիի մոտ: Գյուղի դրոցն այժմ նրա անունն է կրում: Նա հետմահու պարգևատրվել է ԼՂՀ <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանով, <<Շուշիի ազատագրման համար>> մեդալով:

Նա այն անհատականությունների թվին է պատկանում, ովքեր գիտակցելով հայրենիքին սպառնացող վտանգն ու նրա կործանարար ծավալները, գրիչը փոխարինեցին սրով և վահան դարձան՝ սեփական կյանքն իսկ չխնայելով հանուն հայրենիքի: Հայրենիքի նվիրյալի ծննդյան 55-ամյակի առթիվ կազմակերպված հուշ-ցերեկույթին ելույթ ունեցողները՝ մարտընկերներն ու համագյուղացիները, ներկայացնելով նրա կյանքն ու գործունեությունը՝ վերստին արժևորեցին Վարդանի ու ազատամարտի մյուս բոլոր քաջորդիների հայրենիքին անմնացորդ նվիրումն ու սերունդներին թողնված հայրենասիրական դասը:

Կամավորական ջոկատների հիմքի վրա ստեղծված և այսօր օրեցօր հզորացող Պաշտպանության բանակն ու նրա քաջարի զինծառայողները, ովքեր այժմ օր ու գիշեր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում, իրենց հերթին վստահեցրին, որ լինելով Վարդանի ու մյուս բոլոր նվիրյալների գործի շարունակողները ՝ արժանապատվությամբ կկատարեն հայրենիքի հանդեպ իրենց պարտքը:

Հուշ-ցերեկույթի ավարտին Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի՝ Վարդան Ջիվանշիրյանի և նրա հարազատներին ուղղված երախտիքի խոսքը ներկայացրեց  միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը. հետո միության վարչության կողմից հուշանվեր փոխանցեց նվիրյալի ընտանիքին: