Հայրենակիցներ
Արցախյան գոյապայքարի նվիրյալ Վարդան Ջիվանշիրյանը այսօր կդառնար 55 տարեկան, բայց նրա առաքելությունը այլ էր. հայրենիքի ազատության և անկախության համար նա մարտիրոսվեց՝ փրկելով հող-հայրենին և ազատագրելով հայոց ոստան Արցախը:
Դպրոցի ֆիզկուլտուրայի և ռազմագիտության երբեմնի ուսուցիչը անմնացորդ նվիրվածությամբ և մեծ պատասխանատվությամբ ձեռնամուխ եղավ Արցախի ազատության և անկախության սուրբ գործին, կատարելով Հայրենիքի հանդեպ իր սրբազան պարտքը: Նվիրյալ հայորդու և վաշտի հրամանատարի անցած մարտական ճանապարհը ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն միջոց է սերունդների համար:
Անգնահատելի է Վարդան Ջիվանշիրյանի ու նրա մարտընկերների կատարած սխրանքը: Ազատամարտի մեր նվիրյալները չխնայեցին անգամ իրենց երիտասարդ կյանքը՝ հայրենիքի փրկության ու ազատության համար:
Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում մարտիրոսված քաջորդիների անմահ հիշատակի առաջ:
Ճշմարիտ է ասված. «Հաշտվելով մահվան գաղափարի հետ՝ մարդս դառնում է եղբայրն ու զինակիցը այն բոլորի, որոնք մարդկային ցեղի պատմության բոլոր դարերում եկել ու անցել են մեր աշխարհով իբրև լույսի, հավատքի և սուրի հերոսներ»:
Հիրավի՛, Վարդան Ջիվանշիրյան ազատամարտիկի, հայրենանվեր հայորդու կերպարը, նրա կյանքի յուրաքանչյուր դրվագ իր անունը կրող դպրոցի աշակերտների համար ուսանելի և օգտակար խորհուրդներ ունեն:
Իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Արցախյան գոյապայքարի նվիրյալ Վարդան Ջիվանշիրյանի հարազատներին և ուսուցիչներին՝ այդպիսի հայրենասեր զավակ դաստիարակելու համար:
Փա՜ռք հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներին:
Փա՜ռք հայոց բանակին:
Փա՜ռք հայ ժողովրդին, որ վստահորեն կերտում է իր ապագան:
Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ – մայոր
Ս. Ջ. Կարապետյան