Արցախի ազատամարտիկների միությունը հենասյունն ու ոգին է ազատամարտիկների

Արցախի ազատամարտիկների միության գործունեությունն, ինչպես միշտ, 2018 թվականին ևս նպատակաուղղված է եղել մեր նորանկախ հանրապետության ստեղծման և կայացման գործում իրենց անմնացորդ ավանդը բերած երեկվա պատերազմի մասնակիցների համախմբմանն ու հայոց պետականակերտման ուղղությամբ վերջիններիս կատարածի արժանավայել գնահատմանը:

Անցնող տարվա ընթացքում, Միության վարչության կողմից հաստատված աշխատանքային պլանի շրջանակում, կյանքի են կոչվել համապետական ու տեղային նշանակության բազմաթիվ ծրագրեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետականաշինության տարբեր ոլորտներում կազմակերպության անդամների ակտիվ ներգրավմանը: Նրանց մասնակցությամբ բանակային ստորաբաժանումներում և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են ռազմահայրենասիրական կարևորության տարաբնույթ միջոցառումներ: Միայն Միության տարածքային և համայնքային միավորումներում նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու համար ծախսվել է 4.380.000 դրամ գումար:

Այս և մյուս գործընթացներին զուգահեռ Միության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը շարունակել է մնալ երեկվա պատերազմի մասնակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը, ինչն արտահայտվել է նյութական ու բարոյական օժանդակությամբ: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում բուժման նպատակով թվով 860 ազատամարտիկի ցուցաբերվել է 66.320.000 դրամ ընդհանուր գումարով ֆինանսական օժանդակություն, ԱԱՄ միջնորդությունների արդյունքում իրականացվել են թվով 41 ազատամարտիկների անվճար բուժումներ ԱՀ ՊՆ-ի զինվորական հոսպիտալում: Արցախյան գոյամարտի 1-ին և 2-րդ կարգի թվով 987 հաշմանդամներ ստացել են 49.310.000 դրամ գումար:

Նշանակալի աշխատանք է կատարվել նաև ազատամարտիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: ԱԱՄ մի շարք անդամների բնակարանները նորոգելու համար Միության վարչության որոշմամբ ձերք է բերվել և հատկացվել 26.237.000 դրամ գումարի շինանյութ:

Զուգահեռ այս ամենին անհատական հանդիպումների միջոցով ներկայացվել և պաշտպանվել են ԱԱՄ տասնյակ անդամների իրավունքներն ու օրինական շահերը դատարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հասարակական կազմակերպություններում: Ներկայացվել և պետական ամենաբարձր մակարդակում իրենց կատարածի համար արժանավայել կերպով գնահատվել են բազում ազատամարտիկներ: Վկայությունը Արցախի

հանրապետության նախագահի հրամանագրով տարվա ընթացքում պարգևատրված ԱԱՄ 369 անդամներն են, որոնցից 365-ը արժանացել է <<Մարտական ծառայություն>>, իսկ 4-ը՝ <<Շուշիի ազատագրման համար>> մեդալների: Նույն ժամանակահատվածում Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ 162 ազատամարտիկներ պարգևատրվել են <<Հայրենյաց պաշտպան>> մեդալով, 171-ը՝ Միության պատվոգրով, 43-ը՝ արժեքավոր նվերներով, (2.352.000 դրամ գումարի չափով), 18-ն արժանացել է դրամական խրախուսանքի:

Առանձնահատուկ հիշատակման է արժանի Արցախի հանրային ոլորտում Միության կողմից ծավալած հայրենանվեր գործունեությունը: Թերևս այս ուղղությամբ ձեռնարկված ամենախոշոր ծրագիրը Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակի կառուցապատումն է, որի ավարտական փուլի համար ընթացիկ տարում Միության բյուջեից ծախսվել է 301.473.000 դրամ: Սա թերևս մեր մայրաքաղաքի կյանքում նախադեպը չունեցող ձեռնարկում է, որի ընձեռած հաճելի հնարավորությունից հավասարապես օգտվելու են բոլոր քաղաքացիները:

Բացի վերոնշյալից Միությունը հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է մշտական սերտ կապ ապահովել ԱՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ: Մանավանդ, հատկանշական է հանգամանքը, որ այդ հարաբերությունների շրջանակում Միությունը հանդես է եկել ոչ թե օգնություն ակնկալողի, այլև իր հնարավորության սահմանում փորձել է հանդես գալ աջակցողի դիրքերից: Ապացույցը ԱԱՄ կողմից մի շարք պետական ու ոչ պետական կառույցներին հասցեագրված հետևյալ ֆինանսական աջակցությունն է`

  • ԱՀ Պաշտպանության բանակին – 7 386 000 դրամ
  • Հայ Առաքելական եկեղեցուն – 1 500 000 դրամ
  • <<Մայրություն>> ՀԿ –ին – 300 000 դրամ
  • Առաջաձորի համայնքի հուշարձանի կառուցման համար – 2 000 000 դրամ
  • Բերդաշենի հուշարձանի նորոգման համար – 200 000 դրամ
  • Վանք համայնքի դպրոցին – 200 000 դրամ
  • Ազոխի համայնքի դպրոցին – 400 000 դրամ
  • Նորագյուղի համայնքի ԱԱՄ գրասենյակի կահավորման համար – 200 000 դրամ և այլն:

Շարունակելով այս ցանկը, բայց արդեն առանց թվերի, հավելենք, որ Արցախի ազատամարտիկների միության կողմից Ստեփանակերտի <<Մոր և մանկան առողջության կենտրոնին>>, Քաշաթաղի շրջանի մի շարք մանկապարտեզների, դպրոցների հատկացվել Է համապատասխան իրեր և խաղալիքներ, իսկ ազատամարտիկներին՝ հագուստեղեն: Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում միության երիտասարդական թևի միջոցով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մայրաքաղաքում բաժանվել են վարդեր:

<<Առողջ հոգին առողջ մարմնում>> կարգախոսին հավատարիմ մնալով, միության ֆինանսավորմամբ գործում է<<Կարատե-դո>>մարզական խմբակ,որտեղ անվճար պարապմունքներ են անցկացնում մոտ 25 երեխա: Ուրախությամբ պետք է արձանագրել,որ այդ մարզական խմբակի անդամներից ոմանք արդեն հաղթող են ճանաչվել համահայկական տարբեր մրցույթներում և այսօր էլ շարունակում են վայելել Արցախի ազատամարտիկների միության վարչության հատուկ ուշադրությունը:

Արցախի պետական-հասարակական կյանքում ապահովելով իր ակտիվ ու կառուցողական դիրքը, այդուամենայնիվ Արցախի ազատամարտիկների միությունը, որպես երեկվա պատերազմի մասնակիցներին միավորող հասարակական կազմակերպություն, իր գլխավոր խնդիրն է համարում Հայրենիքի պաշտպանությունը: Հիմք ընդունելով այս առաջնահերթությունը, Միությունը ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցում դա: Վկայությունը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԱԱՄ-ին կից ստեղծված Արագ արձագանքման ստորաբաժանումն է, որն իր հաստիքապաշտոնային կառուցվածքով և նյութատեխնիկական բազայով մշտապես գտնվում է կազմ ու պատրաստ և, հարկ եղած դեպքում, ի զորու է կատարելու իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր:

Ամփոփելով ԱԱՄ 2018 թվական ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, կարելի է միանշանակ արձանագրել, որ տարվա կտրվածքով նախատեսված բոլոր միջոցառումները կյանքի են կոչվել լիարժեքորեն:

Միության վարչությունը հավաստիացնում է, որ ինչպես երեկ և այսօր, այնպես էլ այսուհետ, Արցախյան ազատամարտի մասնակիցներին համախմբող մեր հասարակական կազմակերպությունն իր ուժերն ու կարողությունները կներդնի Հայոց պետականակերտման կարևորագույն գործում և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կնպաստի Արցախի անվտանգության ամրապնդման,բանակի հզորացման և նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խթանման գործառույթներին: Մենք լիահույս ենք այս ամենում, քանզի մեր շարքերը հարուստ են հայրենիքը սիրող արժանապատիվ զավակներով և այնպիսի անհատներով, որոնք իրենց բարեգործություններով ու հանգանակություններով մշտապես եղել ու մնում են Արցախի ազատամարտիկների միության կողքին: