Սիրելի հայրենակիցներ, թանկագին ազատամարտիկներ և զինծառայողներ
Անշուշտ, 2018 թվականը հնարավորություն ընձեռեց մեզ կատարելագործելու մեր բանակի մարտունակությունը, ամրապնդելու մեր երկրի անվտանգությունը՝ ապահովելով մեր ժողովրդի խաղաղ-ստեղծագործական աշխատանքն ու արժանապատիվ գոյակցությունը:
Այսօր Պաշտպանության բանակն ավելի հզոր է, քան երբևէ, Ազատամարտի մասնակիցներն էլ հարկ եղած դեպքում պատրաստ են կանգնել սահմանապահ զինվորի կողքին, որովհետև նրանք միշտ այնտեղ են, ուր վճռվում է Հայրենիքի ճակատագիրը: Ճշմարիտ է ասված. «Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը»:
Հիրավի՛, մեծ է նաև Ազատամարտի մասնակիցների դերակատարությունը պետականակերտման, բանակի հզորացման, հասարակական կյանքի զարգացման, ինչպես նաև երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Հայրենյաց պաշտպանի վեհ պատվանունը կրող երիտասարդները Հաղթանակ կերտած քաջորդիների արժանի հետնորդներն են, որոնք իրենց ուժն ու ավյունն են ներդնում այսօր բանակի հզորացման և երկրի բարգավաճման գործում:
Երախտիքի և մեծարման են արժանի բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել մեր բանակի կազմավորման ակունքներում, իրենց համառ ջանքերով և անմնացորդ նվիրվածությամբ ամրապնդել հայրենիքի անվտանգությունը, նրա՛նք, ովքեր Երկրի անկախության ու ազատության համար չխնայեցին ամենաթանկը՝ երիտասարդ կյանքը: Գլուխ խոնարհենք Արցախյան գոյամարտում նահատակված քաջորդիների անմահ հիշատակի առաջ:
Սիրելի հայրենակիցներ, թանկագին ազատամարտիկներ և զինծառայողներ, ի սրտե և ջերմորեն շնորհավորում եմ Ձեր Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում քաջառողջություն, երջանկություն և նորանոր իղձերի իրականացում:
Թող Նոր տարին բոլոր բնագավառներում լինի բարգավաճման և հաղթանակների տարի: