Միջոցառում՝ նվիրված Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 30-րդ տարելիցին

Փետրվարի 15-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 30-րդ տարելիցին: Մինչ միջոցառման մեկնարկը՝ մասնակիցները այցելեցին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան գոյամարտում մարտիրոսված իրենց մարտընկերների հիշատակին: Այնուհետև նրանք այցելելով Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվան պուրակ, ծաղիկներ խոնարհեցին լեգենդար հերոսի հուշաքարին:

Բացման խոսքով հանդես եկավ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Վահրամ Ղահրամանյանը: Զեկուցումով հանդես եկավ վարչության անդամ Շիրակ Զաքարյանը:

Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը ներկայացրեց ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը: ԱԱՄ վարչության որոշմամբ՝ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման կապակցությամբ և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք վետերաններ պարգևատրվեցին «Հայրենյաց պաշտպան» մեդալով և արժեքավոր նվերներով:

Աֆղանստանի պատերազմի վետերանները միշտ եղել և այսօր էլ գտնվում են Արցախի ազատամարտիկների միության ուշադրության կենտրոնում և իրենց հասարակական ակտիվ գործունեությամբ նպաստում են պետականակերտման, ինչպես նաև երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության սուրբ գործին: