Արցախում ոգեկոչել են Սումգայիթի զոհերի հիշատակը

Փետրվարի 28-ին ոգեկոչելով Սումգայիթի զոհերի հիշատակը, ստեփանակերտցիները բազմամարդ երթ կազմակերպեցին դեպի մայրաքաղաքի հուշահամալիր՝ իրենց բողոքն արտահայտելով անցյալ դարավերջի եղեռնագործության նկատմամբ:

Սումգայիթյան ցեղասպանությունը, որ կազմակերպել են Ադրբեջանի իշխանությունները, 1988թ. փետրվարի 20-ի խաղաղ սահմանադրական որոշման պատասխանն էր: Հայ ազգի դեմ կազմակերպված եղեռնագործությունը նպատակ ուներ կանխել Արցախյան  շարժումը, ահաբեկչության միջոցով կասեցնել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը:

Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ կազմակերպված սգո երթը դեպի հուշահամալիր ոչ միայն բողոքի արտահայտություն էր, այլև զգոնության ու պայքարի կոչ: Ազատամարտիկները ծաղիկներ խոնարհելով Սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին, համաշխարհային հանրությանը ևս մի անգամ կոչ արեցին Սումգայիթյան ջարդերը որակել որպես ցեղասպանություն և դատապարտել նրա անպատիժ մնացած կազմակերպիչներին: Եթե ժամանակին դատապարտվեր սումգայիթյան ցեղասպանությունը, մենք չէինք ունենա Բաքվի ջարդերը: Մենք միշտ պետք է զգոն լինենք և դասեր քաղենք պատմությունից: