Կյանքը որպես անմահության հանգրվան

Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան:Նա ապրեց ընդամենը 40 գարուն, բայց այդ գարունների աշխարհում կերտեց իր աշխարհը:Աշխարհ, որն իր գույներով իրենն է  ու բոլորից տարբեր…

Գարունների այդ աշխարհում  նա ապրեց ու կերտեց այն,ինչ որ թելադրեց իր խիղճն ու պատիվը, ինչ որ մարդկային էր, ընկերական ու բնատուր…

 Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս, «Հայրենիք» եւ «Ոսկե արծիվ» շքանշանների ասպետ Վազգեն Սարգսյանը մեկն է այն անհատականություններից, որ ընտրել էր հայրենապաշտության ճանապարհը:ճանապարհ, որում և զինվոր էր և հրամանատար:Հաղթող բանակի շարքերում անցավ տարբեր ռազմաճակատներով,արեց հնարավորն ու անհնարը,իսկ երբ արդեն պատերազմ չէր, նա ընտրեց հայրենապաշտության ճանապարհը:

Անսահման է արցախցիների սերն ու համակրանքը սպարապետրի նկատմամբ, անուրանալի՝ նրա դերը աշխարհազորայինների, կամավորական ջոկատների հավաքագրման ու պաշտպանության բանակի ստեղծման գործում։ Այդ իրողությունը քաջ գիտակցում են նաեւ այսօրվա զինվորն ու սպան, ՊԲ բոլոր զինիծառայողները, ովքեր սպարապետի գաղափարներին հավատարիմ, շարունակում են հայրենիքի պաշտպանի իրենց վեհ առաքելությունը։ Այդ ավանդույթների կրողն է նաեւ Արցախի պաշտպանության բանակի՝ «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր Վազգեն Սարգսյանի անվան զորամասը, որտեղ տրվեց հերոսի ծննդյան 60—ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, պետական այրերի, ՊԲ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց սպարապետի հուշարձանին։ Այստեղ էին նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Վ. Սարգսյանի հարազատներն ու զինակիցները,  հյուրեր Երեւանից եւ արտերկրից։

Բացման խոսքով հանդես եկավ  ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ—մայոր Վարդան Բալայանը. «Սպարապետը նրանցից մեկն էր, ով քայլ առ քայլ երկիրը բարձրացրեց մի նոր հարթության վրա։ Նա մեր տեղն ու դերը հաստատելու միտումով գնաց մահու եւ կենաց կռվի՝ հավատացած լինելով, որ 21—րդ դարը անկասկած մերն է լինելու»։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շեշտեց ՝ սպարապետն իրավամբ համարվում է հայոց նորագույն պատմության կերտողներից մեկը, որն իր անունը հավերժ թողել է Արցախի ազատագրման հերոսական տարեգրության էջերում. «Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, որին կհիշեն ե՛ւ սերնդակիցները, ե՛ւ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնանվեր ընկերոջ եւ հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի եւ սպարապետի։ Նա իր արած գործերով, ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի ու կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով եւ դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ։ Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը, որպես հայրենիքի հավերժ զինվոր»։

Երկրի ղեկավարը ընդգծեց՝  «Արցախը միշտ հիշում եւ մեծարում է Վազգեն Սարգսյանին։ Նրա գործուն աջակցությամբ կատարվեցին մեր ժողովրդի փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը։ Յուրաքանչյուր պահի նա մեր կողքին էր՝ օգնելով եւ աջակցելով ցանկացած խնդրի լուծմանը։ Նա իր կյանքն անմնացորդ նվիրեց հայրենիքը հզոր ու ծաղկուն, զարգացած եւ բարեկեցիկ դարձնելու գաղափարի իրագործմանը։ Եվ համոզված եմ, որ սերունդներն արժանապատվորեն շարունակելու են կյանքի կոչել նրա վեհ գաղափարները՝ վառ պահելով սպարապետի պայծառ հիշատակը»։

 Գնդապետ Արտյոմ Առաքելյանի ելույթը հուզիչ էր. «Վազգեն Սարգսյանն  իրավամբ համարվում է մեր ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկը։ Արցախը երբեք չի մոռանա ճակատագրական 1992 թվականի ամառը, երբ սպարապետի մարտակոչով հարյուրավոր մահապարտներ շտապեցին ռազմաճակատ՝ պաշտպանելու մեր հայրենիքը։ Վազգեն Սարգսյանի կերպարում անթեղված է մեր ժողովրդի հերոսական ներկան եւ հավիտենական պայքարի գաղափարը, նրա ներկայությունը թեւավորում եւ ուժ էր տալիս զինվորականին ու բանվորին, մտավորականին եւ գյուղացուն, նրանց միավորում հայրենիքի փրկության դրոշի ներքո։ Սպարապետը երբեք չի վազել փառքի ետեւից, այլ փառքն էր նրան կրնկակոխ հետեւում, նա չէր ձգտում հաճոյանալ պատերազմի աստծուն, այլեւ շահում էր նրա քմահաճ վերաբերմունքը։ Վազգեն Սարգսյանն իսկական ժողովրդական հերոս է, պարզ, անմիջական եւ անկեղծ։ Այժմ առավել քան համոզված ենք, որ նա ծնվել էր առաջնորդելու, հերոսանալու համար»։

 Սերժանտ Գագիկ Հարությունյանը խորհրդանշական համարեց հայ ժողովրդի պանծալի զավակի լույս աշխարհ գալը։ Վերջինս ընկերների անունից երդվեց երբեք չերկնչել դժվարությունների առաջ՝ կարևորելով. «Սպարապետ, այս հողի կռիվը պատվով ենք տանելու եւ հասցնելու ենք քո երազած հանգրվանին»։

Հոբելյանական միջոցառումը շարունակվեց երեկոյան՝ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում:Ներկա Էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակիցները, ՊԲ հրամկազմը, Հայաստանից եւ արտերկրից ժամանած  հյուրեր։

«Արդեն քսան տարի է, ինչ ավարտվել է Վազգեն Սարգսյանի երկրային ճանապարհը։ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հերոսի 60—ամյա հոբելյանն այսօր, ցավոք, նշում ենք առանց Վազգենի,–այսպես սկսեց իր ելույթը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ—մայոր Կարեն Աբրահամյանը.–Մեծ անհատների մասին խոսելը բավականին բարդ գործ է, քանի որ նրանց կատարածը սովորաբար այնքան տարողունակ եւ հսկայածավալ է լինում, որ ժամանակակիցների հայացքները հաճախ չեն կարողանում ընդգրկել այն։ Միայն որոշակի ժամանակահատվածից հետո է հնարավոր լինում ամբողջությամբ իմաստավորել մեծ անհատի պատմական դերը։ Նման բացառիկ անհատներից է Վազգեն Սարգսյանը, ով 1988թ. համազգային շարժման կազմակերպիչներից եւ նրա ռազմական ղեկավարներից մեկն էր»։

Ռազմական գերատեսչական նախարարի խոսքով՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար, նա զարմանալիորեն կարողանում էր օրգանապես միաձուլել հայրենիքի նվիրական բեկորի՝ Արցախի հերոսական պաշտպանության տարիներին ձեռք բերած մարտական փորձն իր ենթակաների՝ կադրային սպաների տեսական ու գործնական բազմապիսի գիտելիքների եւ երիտասարդների մարտական փորձի ու ձեռնողականության հետ, դրանք ծառայեցնելով ազգային անվտանգության շահերին։ Սպարապետը կարեւորում էր հայրենական ռազմակրթական համակարգի ստեղծումը՝ գտնելով, որ ժամանակի ընթացքում պատերազմում հաղթանակած սերնդին պիտի փոխարինի բարձրագույն ռազմական կրթությամբ երիտասարդ հերթափոխը։

Իր տաղանդավոր գրչընկերոջ մասին սրտառուչ խոսք ասաց Արցախի ԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը. «Նա պիտի այսօր այստեղ լիներ, այս դահլիճում, այս բեմի վրա, հոբելյանի գահաթոռին, եւ պիտի բեմը հեղեղվեր ծաղիկներով, դահլիճը՝ ծափողջուններով, ու մենք մեզ կարեւորեինք նրա ձեռքսեղմումին արժանանալ… Եվ առաջինը պիտի նրա հետ ողջագուրվեին նրա գրչակիցներն ու զինակիցները, հրամանատարները, հերոսական գեներալները։ Ես մեծ ուշադրությամբ ու բավականությամբ լսեցի քիչ առաջ նրա գործի արժանավոր շարունակողներից մեկի՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի խոսքը, եւ մեզ համար, ազգի համար մխիթարանք է, որ ինչպես ասում են՝ մեր ժողովրդի հերոսականության գենը շարունակական է… Պատերազմը մեզանից, մեր գրականությունից խլեց մեր լավագույն գրողներից մեկին… Նա, ով ընտրել էր բառը, այնպես եղավ, որ դարձավ զորական, զենքի մարդ։ Նա, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասել, դարձավ «իր ժամանակի ու տարածության տիրակալը» եւ ազգի հերոսության առասպելականությունը դարձրեց իրական»։

Հուշ երեկոյի ժամանակ սերնդակիցների անունից ներկաներին ողջունեց ՊԲ զինծառայող, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Նորայր Քամալյանը։ «Ես՝ նոր սերնդի ներկայացուցիչս, թեկուզ անձնապես չեմ ճանաչել սպարապետին, այնուամենայնիվ, հասակ եմ առել նրա եւ մեր մեծերի կտակած դասերով, քաջ գիտակցելով, որ հայոց հայրենիքի փրկությունն ու ազատությունը կախված է հայ զինվորի բազկի ու ոգու ուժից։ Ես եւ իմ սերնդի ներկայացուցիչները պատրաստ ենք անմնացորդ ծառայել հայրենիքին՝ չխնայելով անգամ մեր կյանքը։ Ապրիլյան քառօրյա առճակատումն ու հետ մղած հակառակորդի բազմաթիվ դիվերսիաները դրա վառ ապացույցն են։ 2014թ. հուլիսի 31—ին, երբ 18 տարեկան զինվոր էի, մարտական դիրքի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության բրիգադի դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի բռնվեցի՝ թույլ չտալով նրանց իրականացնելու իրենց նենգ մտադրությունները։ Ես առավել քան համոզված եմ, որ այսօր էլ մեր յուրաքանչյուր դիրքապահ զինվոր պատրաստ է հանուն հայրենիքի վտանգել կյանքը ու ամեն գնով փրկել այն»,–նշեց նա։

Հարազատների անունից շնորհակալություն հայտնելով հոբելյանի կազմակերպիչներին ու ելույթ ունեցողներին անկեղծ, սրտառուչ խոսքերի համար, սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, նշեց՝ ինքն էլ շատ կերազեր, որ դահլիճում նստած լինեին ինչպես հոբելյարը՝ Վազգենը, այնպես էլ իրենց մայրը. «Ու եթե կենդանության տարիներին նա չէր սիրում ծնունդներ նշել եւ իր մասին գովեստի խոսքեր լսել, այսօր գոնե հնարավորություն կընձեռներ, որպեսզի իր համար շատ հոգեհարազատ ու սիրելի Արցախում միասին նշեինք 60—ամյա հոբելյանը։ Առիթից օգտվելով, շնորհավորում եմ թե Վազգենի եւ թե մարտի 5–ին լույս աշխարհ եկած նրա բոլոր ընկերների ծնունդը։ Թող Աստված պահի ու պաշտպանի ազատ եւ անկախ Արցախը»։

Հոբելյանի առիթով օրհնանքի խոսք ասաց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Հնչեցին երաժշտական կատարումներ, ցուցադրվեց ֆիլմ։

40 գարունների բարձունքից  այսօր երևելի է նրա ապրած տարիների բովանդակությունը՝ համեստ ու ինքնահաստատ գեղեցիկ ու շիտակ:Վազգեն Սարգսյանը շարունակում է ապրել սերունդների սրտերում, նա ընդմիշտ կմնա որպես հայրենասիրության ու ազգասիրության ուղենիշ: