Մարտի 22-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված հուշ ցերեկույթը նվիրված էր կրթօջախի լավագույն սաներից մեկի ՝արցախյան գոյապայքարի նվիրյալ Հովիկ Յուրիի Արամյանի հիշատակին:Ներկաները հավաքվել էին գլուխ խոնարհելու և մեծարելու անձնվեր հայորդուն:
Մինչ միջոցառումը սկսվելը՝ հերոսի հարազատները, դասընկերներն ու մարտական ընկերները այցելեցին Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց, որտեղ հանգչում է անվեհեր զինվորը : Ճակատագիրը բոլորովին այլ ուղի էր նախանշել երիտասարդի համար: 1992 թվականի Հովիկը զինվորագրվել էր ԼՂՀ ԻՊՈՒ-ի ԿՊՇ-ի առաջին գումարտակի երրորդ վաշտին: Թեև երիտասարդ էր, սակայն կարճ ժամանակահատվածում հմուտ նռնականետորդի անուն էր ձեռք բերել: Նա կարողանում էր ճիշտ ու նպատակային օգտագործել իրեն վստահված զենքը: Քաջորդին մասնակցել է Լաչինի, Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի ազատագրման համար մղվող մարտերին: Ավյունով էր լցված նրա երիտասարդ հոգին: Խելամիտ և հայրենասեր տղան լավ էր գիտակցում, որ միայն զենքի միջոցով կարող է լուծվել Արցախի հարցը: Տանը հազվադեպ էր լինում:
Կարոտում էր նա իր ծնողներին ու քույրերին և ամեն անգամ մարտի մեկնելիս մտածում էր նրանց մասին, հիշում մայրական խրատներն ու խորհուրդները: Մայրը նրա մեջ սերմանել էր բարություն, ընկերասիրություն, ամուր կամք… 1993 թվականի գարունն էր…Ամենուր թեժ ու անհավասար մարտեր էին մղվում: Ահեղ մարտեր էին ընթանում Մաղավուզի, Մեծ շենի ազատագրման համար: Հովիկը մարտի դաշտում էր, հերթական առաջադրանքն էր կատարում: Ավաղ, այդ մարտը վերջին ն էր նրա համար, թշնամու գնդակը ընդհատեց օրեր առաջ 19 տարեկան դարձած երիտասարդի մատաղ կյանքը: Մարտի 28-ին էր դա…
Հուշ-ցերեկույթը, որ Հովիկ Արամյանի համադասարանցի Ավետ Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը, հայրենասիրական յուրովի մի դաս էր մատաղ սերնդի համար:
Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, հարազատներ, համադասարանցիներ, ազատամարտիկներ, ուսուցիչներ, զինվորներ:
Հնչեց ԱՀ օրհներգը:
Աիդա Գյանջումյանի բացման խոսքը լեցուն էր գնահատանքով և հպարտությամբ.
-Նրանք ծնվել են հերոսանալու և երկնքից հայրենի սահմանները հսկելու համար: Այդպիսինների ճանապարհը կանխավ ուղղորդված է: Հայրենիք, հայրենիքի ազատություն, հայրենի սահմանների անառիկություն, անձնուրաց նվիրվածություն հայրենիքիդ: Այսպիսի վեհ գաղափարներով առաջնորդվողներից մեկն էլ Հովիկ Յուրիի Արամյանն է: Հայրենիքի նվիրյալները մեր կողքին են, ամեն վայրկյան մեր մտքերում և գաղափարներում: Ես չեմ ցանկանում նրանց մասին խոսել անցյալ ժամանակով:
Վերջինիս առաջարկով ներկաները հոտնկայս ծափերի ներքո շնորհավորեցին Հովիկ Արամյանի ծննդյան տարեդարձը:
Դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանն օրվա խորհուրդն անգնահատելի համարեց՝ նշելով, որ Հովիկ Արամյանի հարազատների հետ մեծ վիշտ է ապրում նաև Ասկերանի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը:
Հովիկի առաջին ուսուցչուհի Սիլվա Ջահանգիրյանը սրտի թրթիռով է հիշում Հովիկին:
-Կարևոր չէ, թե մարդ քանի տարի է ապրել. կարևոր է, թե ինչպես է ապրել և ինչ հետք է թողել: Հովիկի կյանքը մաքուր բոց էր. նա իր մեջ կրում էր ջերմ արև, որով ինքը այրվեց, մեզ տվեց լույս, ջերմություն և ապրելու հնարավորություն:
Իմ հուշերը ինձ տանում են մինչև 1981 թվականի սեպտեմբերը…Մտա դասարան, նստած էին 28 աշակերտներ՝ փայլուն, պսպղուն աչքերով և անքթիթ նայում էին իրենց համար անծանոթ ուսուցչուհուն: Նրանց մեջ անմիջապես աչքի զարնվեց բոլորից բոյով, բարակ, շիկահեր, բաց շագանակագույն աչքերով, ժպտադեմ տղան՝ Հովիկը: Այսօր էլ աչքիս առաջ է նրա ամեն մի քայլը, ժպիտը, խոսքը: Այդ դասարանը յուրահատուկ էր և իմ հիշողության մեջ կմնա ցմահ: 28 աշակերտներից 21-ը սովորում էին ուժերի գերագույն լարումով:
Հովիկը ուրախ, հետաքրքիր տղա էր: Ընկերասեր էր, աշխատասեր, սովորում էր գերազանց: Փոքր տարիքում կայացած էր, ուներ հասուն, մտածող էություն: Նրա մեջ խտացված էր հայ մարդու լավագույն հատկանիշները: Ուներ փայլուն ընդունակություններ, ապագան խոստումնալից էր:
Համադասարանցիների խոսքով՝ Հովիկը սկզբունքային էր, լավատես, համարձակ և վճռական: Նա մեր դասարանի ավագն էր, սովորում էր գերազանց գնահատականներով: Օժտված էր կազմակերպելու, ղեկավարելու և առաջնորդելու բանականությամբ: Վայելում էր ընդհանուրի հարգանքը, սերը, պարզ էր, սիրում էր անմիջական հաղորդակցումը մարդկանց հետ: Նրա մեջ վառ էր նկատվում հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը, պայքարելու եռանդը, կամքը…
Հայրենիքի հանդեպ սերը նրան ստիպել է պատանեկության շրջանից ցուցաբերել ոչ սովորական վարքագիծ և առանձնանալ իր յուրահատուկ պահվածքով: Դպրոցականները հպարտությամբ էին շեշտում, որ Արցախի ազատության և անկախության համար մղվող պայքարում կատարած հատուկ սխրագործությունների համար Հովիկ Արամյանը հետմահու պարգևատրվել է <<Արիության համար>>, <<Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին>> մեդալներով:
Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի՝ Հովիկ Արամյանին և նրա հարազատներին ուղղված երախտիքի խոսքը ներկայացրեց միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը և միության անունից հուշանվեր հանձնեց հերոսի հարազատներին:
Հիրավի, միջոցառումը կազմակերպվել էր այնպես, ասես Հովիկը ներկա էր : Հուշ-ցերեկույթը հավուր պատշաճի կազմակերպելու համար հերոսի հայրը իր գերդաստանի անունից շնորհակալություն հայտնեց այսչափ գեղեցիկ միջոցառման և իր որդուն մեծարելու համար:
Փա՜ռք բոլոր նահատակներին և նրանց հիշատակը միշտ վառ պահողներին…