Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Բենիկ Արտաշի Սահակյանի ծննդյան 50-ամյակի առթիվ

Հայրենակիցներ

Արցախյան գոյապայքարի նվիրյալ Բենիկ Սահակյանն այսօր կդառնար 50 տարեկան: Բայց նրան վիճակվեց հայրենիքն ազատագրող նվիրյալի վեհ ճակատագիր, որն Արցախի Հանրապետության անկախության և ազատության համար չխնայեց ամենաթանկը՝ երիտասարդ կյանքը:

Հիրավի՛, նա իր մարտընկերների հետ անցավ մարտական դժվարին ու պատվաբեր մի ճանապարհ, որն այսօր նոր սերնդի համար արիության դաս է, ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն միջոց: Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների հիշատակի առաջ:

Ճշմարիտ է ասված. «Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով»:

Արցախյան գոյապայքարի նվիրյալ Բենիկ Սահակյանն իր մարտընկերների հետ իրականություն դարձրին մեր ժողովրդի երազանքը՝ բաղձալի հաղթանակը: Նրանք իրենց անմնացորդ նվիրվածությամբ և ոգու կորովով փրկելով հայոց ոստան Արցախը, դարձան հավատի, ոգու և միասնական պայքարի պայծառ խորհրդանիշ:

Արցախի ազատամարտիկների միության վարչության անունից խորին երախտագիտություն ու շնորհակալություն եմ հայտնում Ազատամարտի նվիրյալ Բենիկ Սահակյանի հարազատներին, Կոլխոզաշեն համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին՝ այդպիսի հայրենասեր զավակ դաստիարակելու համար:

Փա՜ռք հերոսական մեր հայրենիքի անձնվեր ու քաջակորով ազատամարտիկներին, փա՜ռք Երկրի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մարտիրոսներին:

 

Արցախի ազատամարտիկների միության նախագահ  գեներալ-մայոր

Ս. Ջ. Կարապետյան