Ազատամարտիկները սահմանային դիրքերում

Ավանդույթի համաձայն`  եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներն այս անգամ նույնպես մեկնարկեցին Հայրենիքի սահմանից:  Գնահատելով մեր երկրի անվտանգությունն  օր ու գիշեր անառիկ պահող դիրքապահների նվիրվածությունը, տոնական միջոցառումների  մեկնարկից առաջ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ այցելեցին դիրքեր, իրենց շնորհավորանքի խոսքն  ու երախտագիտությունը հայտնելու սահմանապահներին: Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հանձնարարությամբ  միության տարածքային միավորումների նախագահները ազատամարտիկների և <<Հայրենյաց Պաշտպան >> երիտասարդական կազմակերպության անդամների հետ եղան ՊԲ բոլոր ուղղություններում :

Շնորհավորելով դիրքապահներին Մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման հերթական տարեդարձերի առթիվ, վերջիններս հետաքրքրվել են սահմանին տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողներին հանձնել ծանրոցներ:

Ազատամարտիկների այցելությունը դիրքեր հաճելի էր և՜ զինվորների ,և ՜հրամանատարության համար:Դիրքապահները իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեցին միության նախագահին ու ազատամարտիկներին:

Շնորհավորելով Եռատոնի առթիվ Մարտունու տարածքային  միավորման  խորհրդի նախագահ Սարո Երեմյանը շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին՝ նման որդիներ դաստիարակելու, դիրքապահներին՝ ամենօրյա նվիրված ծառայության համար` կոչ անելով մեր երկրի համար կարևոր այս օրերի ընթացքում լինել ավելի զգոն ու պատասխանատու:

<<2016 թվականի ապրիլյան դիմակայությունը ցույց տվեց՝ այսօրվա սերունդը ոչնչով չի զիջում իր նախորդներին, իրենց քաջությամբ և անձնուրացությամբ նրանք անառիկ պահեցին մեր երկրի սահմանները, և ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ հանուն հայրենիքի>>,- իր խոսքում   մասնավորապես նշեց Արցախի ազատամարտիկների միության  աշխատակազմի ղեկավար էդուարդ Խաչատրյանը:

Նոր ուժ ու եռանդ առած ազատամարտիկները հրաժեշտ տվեցին  սահմանների անառիկությունն ապահովող դիրքապահներին,որտեղից սկսվում է մեզ համար թանկ ու անփոխարինելի հայրենիքը: