Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան զբոսայգում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված մայիսյան եռատոնին

Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N7 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ազատամարտիկների զբոսայգում տեղի է ունեցել «Հայրենականից Շուշի» խորագիրը կրող համերգ՝ նվիրված մայիսյան եռատոնին:

Դպրոցի աշակերտները և Պաշտպանության բանակի «Ասպետ» համույթը  հանդես են եկել ազգային հայրենասիրական երգերով ու պարերով

Եղիշե Չարենցի անվան N7 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանի խոսքով՝ դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ են պատրաստվել տոնին:

«Մեր նպատակն է բանակ-հասարակություն-դպրոց կապի ամրապնդումը: Ընտրել ենք «Հայրենականից Շուշի» խորագիրը՝ ցանկանալով, որ մեր երեխաներն իմանան իրենց պապերի գործած սխրանքները և դաստիարակվեն հայրենասիրական ու ազատատենչ ոգով: Այսպիսի միջոցառումները հիանալի դաս են մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու,աշակերտների մեջ հայրենիքի և հայոց բանակի նկատմամբ սեր և նվիրվածություն սերմանելու համար: Համոզված եմ, որ ինչպես մեր, այնպես էլ  հանրապետության բոլոր դպրոցներում ռազմահայրենասիրական դրվածքը բարձր մակարդակի վրա է»,-մասնավորապես նշել է Ա. Պողոսյանը:

Միջոցառման մասնակից Պաշտպանության բանակի «Ասպետ» համույթի անդամ, շարքային Հովհաննես Կարապետյանի դիտարկմամբ՝ մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է փառավոր հաղթանակներով և ունի պատմական մեծ նշանակություն,այն խրհրդախորհուրդ բազմիմաստ ամիս է:

«Ցանկանում եմ, որ հայ ազգն այլևս պատերազմներ չտեսնի, և մեր հաղթանակները շարունակվեն արդեն գիտության ասպարեզում: Ծառայելով ԱՀ ՊԲ-ում՝ ես համոզվեցի, որ բանակ-հասարակություն կապն այստեղ  բարձր մակարդակի վրա է, և յուրաքանչյուրը ծառայում է զինվորին  հավասար»,-մասնավորապես ասել է նա: