Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղերձը Կոլխոզաշենի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եվ գեներալ-գնդապետ ՄիքայելՊարսեղովի անվան թանգարանի վերաբացման կապակցությամբ

Հարգարժան հայրենակիցներ

Սիրելի ազատամարտիկներ

Հիշարժան այս օրը գյուղի պատմության մեջ նշանավորվեց սրբություն հանդիսացող հուշարձանի և Փառքի թանգարանի բացման կարևորագույն իրադարձությամբ: Այս սրբատեղիները խորհրդանշում են Արցախյան գոյապայքարում մեր ժողովրդի՝ հանուն ազատության ու անկախության մղած համառ ու անզիջում պայքարը:

Մեծարանքի և երախտիքի են արժանի հայրենիքի համար նահատակված ազատամարտիկները, ովքեր անձնվիրաբար կատարեցին իրենց առաքելությունը՝ իրական դարձնելով Արցախի Հանրապետության կայացումը, զարգացումն ու հզորացումը: Գլուխ խոնարհենք Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկների անմահ հիշատակի առաջ:

Մեծ է Կոլխոզաշենի ազատամարտիկների ներդրումը Արցախյան գոյապայքարում:

Եվ այն արժեքները, որոնք ձեռք բերեցինք համառ ու անզիջում մարտերում, այսօր լավագույն միջոց են երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Ապրիլյան իրադարձությունները ևս մի անգամ վկայեցին, որ երիտասարդ սերունդը իսկական հետնորդն է ազատամարտիկների, արժանի ժառանգորդը հայ ժողովրդի արիական ոգու:

Հայրենասիրությունը հերոս պապերից ժառանգած ազատամարտիկները դեռ շատ անելիքներ ունեն, բազում երազանքներ, որ պիտի իրականություն դառնան մեր միասնական ջանքերի շնորհիվ:

Եվ այսօր այս սրբատեղի դարձած հուշարձանի և Փառքի թանգարանի բացումով մենք հաստատում ենք մեր միասնական կամքի և զենքի հաղթանակը:

Փա՜ռք Ազատամարտի հերոսներին:

Փա՜ռք մեր Բանակին:

Փա՜ռք հայ ժողովրդին, որ անձնվիրաբար կերտում է իր ապագան:

 

Արցախի ազատամարտիկների Միության նախագահ գեներալմայոր

Սամվել Կարապետյան