Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի և թանգարանի հանդիսավոր բացում Կոլխոզաշենում

Մայիսի 11-ին Մարտունու  շրջանի Կոլխոզաշեն համայնքում տեղի է ունեցել  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման և գեներալ գնդապետ Միքայել Պարսեղովի անվան թանգարանի   վերաբացման արարողություն։ Ներկա էին ԱՀ նախագահ  Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, նախարարներ,ԱԺ պատգամսվորներ,ՊԲ բարձրաստիճան սպաներ, հյուրեր։ Կոլխոզաշենցիների երազանքն իրականություն դարձավ Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ -մայոր Սամվել Կարապետյանի  հովանավորությամբ։Հուշակոթողի կարմիր ժապավենը կտրելու պատիվն ընձեռնվեց  բարերարի որդի Վալերի Կարապետյանին և զոհված ազատամարտիկի թոռ Նարե Բաբայանին։ Վալերի Կարապետյանի խոսքով՝ իրականություն դարձավ նաև Ջամիլ պապիկի երազանքը։ Պարսեղովի անվան թանգարանի վերաբացման պատիվն էլ ընձեռնվեց Հրաչյա Բեգլարյանի թոռանը։ Օրը բազմաշերտ էր՝ կոլխոզաշենցու աչքերում  հպարտությունն էր տիրում։ Բակո Սահակյանը նշել է՝ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին։ «Կոլխոզաշենը Արցախի հինավուրց բնակավայրերից է, և նրա բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը պարկեշտությունը,նվիրվածությունը հայրենիքին և  հարազատ օջախին։Դուք ունեք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր»,-ասել է նախագահը՝ համոզմունք հայտնելով,որ հուշահամալիրը կդառնա  ուխտավայր և’ կոլխոզաշենցիների, և’ ողջ Արցախի համար։Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Նախագահը բարձր պարգևներ է հանձնել մի շարք ազատամարտիկների։Գյուղի նախկին ջոկատի հրամանատար Ալիկ Ավանեսյանը պարգևատրվել է  «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։Մի շարք արժանավորներ էլ արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալի։ Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշումը հրապարակեց միության   աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, որի համաձայն մի շարք ազատմարտիկներ պարգևատրվեցին «Հայրենյաց պաշտպան»մեդալներով,ԱԱՄ պատվոգրերով, արժեքավոր նվերներով։ Գյուղի զոհված ազատամարտիկների ընտանիքներին հատկացվեց գումար՝յուրաքանչյուր ընտանիքի 30 000( երեսուն հազար) դրամ,իսկ հուշակոթողի բացման մասնակից աշակերտների(թվով  7 աղջիկ և 2 տղա) համար հագուստ գնելու նպատակով հատկացվեց 254 000(երկու հարյուր հիսուն չորս հազար) դրամ գումար։