Արցախի ազատամարտիկների միության Շուշիի տարածքային միավորման գործունեությունը

Մենք  պարբերաբար անդրադառնում ենք ԱԱՄ տարածքային ու համայնքային միավորումների գործունեությանը,փորձում իմանալ, թե ինչպես են ապրում իրենց երազած ազատ ու անկախ երկրում երեկվա գոյապայքարի մասնակիցները :

Արցախի ազատամարտիկների միությունը իր ստեղծման առաջին իսկ օրից գործունեության կարևոր ուղղություններից մեկն է ընտրել՝ նյութապես ու բարոյապես աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ մարտընկերներին, և ընդհանրապես պատերազմի բովով անցած ու այսօր սոցիալ- կենցաղային ծանր վիճակում գտնվող քաղաքացիների ընտանիքներին:Անչափ պատասխանատու և միաժամանակ հարգանք ներշնչող այս առաքելությունը իրականացնելու գործում անուրանալի դերակատարություն ունեն միության տարածքային ու համայնքային միավորումները:Պատերազմում տարած հաղթանակը նվաճվեց թանկ գնով և այդ հաղթանակում իրենց ծանրակշիռ ներդրումն ունեցան նաև մեր զինվորական կոմիսարիատները:Այսօր Արցախի ազատամարտիկների միության տարածքային ու համայնքային միավորումները համագործակցում են զինկոմիսարիատների հետ:Նման համագործակցությունը ինքնանպատակ չէ:

Ազատամարտիկները հանուն Արցախի անկախության չեն խնայել ոչինչ՝ ոչ առողջություն, ոչ երիտասարդություն:Հաջողվե՞լ է արդյո՞ք կառուցել այն երկիրը, որ երազել ու նրա կերտման համար հասել են մինչև բաղձալի հաղթանակ:

Շուշիում հաճախակի են հավաքվում պատերազմի արհավիրքն ապրած ու հաղթանակած ազատամարտիկները:Հավաքվում են հպարտությամբ խոսելու տարած հաղթանակներից, մեկ առ մեկ հիշելու ազատության ճանապարհին նահատակված մարտընկերներին, խոսելու ձեռքբերումներից, երկրի անցուդարձից:

Ինչպես յուրաքանչյուր ոք, առավել ևս ազատամարտիկը իրավունք չունի անտեղի վատնել նույնիսկ մեկ օրը, քանզի հետպատերազմյան մեր երկրի համար օրն ավելին արժե, քանզի կառուցելու, վերակառուցելու , ստեղծելու և արարելու ծրագրեր շատ ունենք:

Իհարկե, դեռ ամեն ինչ հեռու է կատարյալ լինելուց, քանզի զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներից շատերը սոցիալապես անապահով վիճակում են:Մտահոգիչ հարցերի թվում է ազատամարտիկների հաշմանդամության կարգի վերականգնման խնդիրը:

Այս ուղղությամբ շարունակում են աշխատանքներ կատարել:Չնայած այս  ամենին, ազատամարտիկները  հավատարիմ են իրենց վեհ կոչմանը :Հանուն խաղաղության ու հայրենիքի հզորացման պայքարելը իրենց առաքելությունը համարելով՝ այսօր արդեն մաքառում ու պայքարում են կյանքի այլ ոլորտներում:

Շուշիի Տարածքային միավորումը շարունակում է օժանդակել զինված ուժերի զորացմանը դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը:

Համայնքի գրեթե բոլոր անդամները պարգևատրված են  տարբեր պատվոգրերով ու մեդալներով:Պարգևներ, որոնք ավելի շատ պարտավորեցնող են:Սակայն ամենամեծ պարգևն ու փոխհատուցումը նրանք համարում են անկախ հայրենիքը, մեր հզոր բանակը:Ազատամարտիկների խոսքով՝ երեկվա  << մանուկն >> այսօր չափահաս է դարձել, ամուր կանգնել ի պաշտպանություն ԼՂՀ սահմանների, այն գիտակցությամբ ,որ իրեն  ապավինում են  հայրենիքն ու ժողովուրդը, որոնց հուսախաբ անելու իրավունքը չունի:Հզոր բանակ ունեցող պետության մեջ կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ փխրուն խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի կողմից:Բանակ, որի զինվորը լավ գիտի արյամբ պաշտպանած հայրենիքի գինը:

Ազատամարտիկները շատ խստապահանջ են նոր սերնդի հանդեպ, քանի որ իրենց մարմնի վրա զգացել են ազատ ու անկախ հայրենիք ունենալու գինը և այսօր պարզապես դողում  են այդ հայրենիքի ու նրա անվտանգության համար, չէ՞ որ սեփական արյամբ են սրբագործել,ատամներով  պաշտպանել ու մեզ հանձնել անկախ հայրենիքը:Մարտադաշտում հաղթանակած զինվորը վստահ է, որ շարունակվում է իր սկսած սուրբ գործը, որ հայրենիքի սահմանը վստահել է մի սերնդի, ով հստակ գիտի`հայրենիքը ազատագրվել է ավագ սերնդի արյամբ:

Այսօր  ազատամարտիկները  խրոխտ հայացքով են նայում իրենց անցած ճանապարհին, նայում են ու հպարտությամբ փաստում.պատվով ենք կատարել մեր սերնդին բաժին  ընկած առաքելությունը:Ադրբեջանաղարաբաղյան զինված առճակատումը դեռևս չի վերջակետվել խաղաղության մեծ համաձայնագրով, իսկ դա նշանակում է, որ պատերազմի վերսկսման սպառնալիքը շարունակվում է մնալ օրակարգում, իսկ դա նշանակում է, որ ազատամարտիկների համախմբված ներուժն հույժ անհրաժեշտ է, անհրաժեշտ է, քանզի վերահաս պատերազմում հաղթանակն ամրագրելու գործում պետք է ունենանք հզոր արցախատուն, ասել է թե՝ երկիր,որը կարող է դիմագրավել հակառակորդի հերթական ոտնձգությանը: