Լաչինի ազատագրման 27-րդ տարեդարձը

1992թ.մայիսի  18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը (այժմ ՝Բերձոր): Բացվեց Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի, Լաչին ռազմագործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին << Կյանքի ճանապարհ>>: Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, ԼՂՀ-ն գտնվում էր դաժան շրջափակման մեջ: 1992թ.մայիսին կրկին փայլատակեց հայի հաղթանակի հասնելու կամքը: Վարդանի, Անդրանիկի զավակները նորից կրկնեցին ավագների սխրանքը՝ կրկին ամիսն այդ պսակելով պանծալի հաղթանակներով: Հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումից  9 օր անց, հայ քաջազունները շարունակելով իրենց փառավոր հաղթանակը, ազատագրեցին պատմական Մեծ Հայքի  Արցախ և Սյունիք նահանգների մեջ ընկած՝ Լաչին կոչվող տարածքը, որը ոչ միայն տարածքի ազատագրում էր, այլև ամեն մի հայի սրտում պահած մեծ երազանքի իրականացում: Համառ ջանքերից հետո ազատագրվեց Արցախը մայր Հայաստանի հետ կապող ճանապարհը:Ամեն տարի մայիսի 18-ին , հավաքվում են ռազմագործողության  մասնակից ազատամարտիկներ,  Հայաստանից և Արցախից,վերագնահատում ռազմագործողության պատմական նշանակությունը և հերթական անգամ փաստում՝ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում դրանց պակասի պատճառով:Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի ազատամարտիկների միության ներկայացուցչությունը:

Նախքան միջոցառումների մեկնարկը ներկաները հարգանքի տուրք մատուցեցին նրանց, ում արյան գնով բացվել էր կյանքի ճանապարը և ապահովել հաղթանակը:

Բացման խոսքով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը: Տոնի առթիվ նա շնորհավորել է բերձորցիներին և մասնավորապես ասել. «Շուշիի փառապանծ հաղթանակից հետո մեր հերոսները շարունակել են իրենց հաղթական արշավը և ազատագրել Բերձորը: Եթե Շուշին մեծ հաղթանակն էր կորուստներից ու Ցեղասպանությունից հետո, ապա Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն էր: Այդ միասնության շնորհիվ քաշաթաղցիները շարունակեցին մեր նահատակների սուրբ գործը. վերաբնակվեց Քաշաթաղը: Անտեսելով բոլոր դժվարությունները և հաղթահարելով մի շարք խոչընդոտներ կրկին վերածնվեց շրջանը: Փառք բոլոր այն հերոսներին որոնց շնորհիվ այսօր ունենք զարգացող շրջան»:

Բերձորի քաղաքապետ Անահիտ Չարչյանն էլ իր խոսքում ասել է. «Այսօրվա համար մենք պարտական ենք այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր բարօրության համար: Նրանց անունները հավիտյան կմնան մեր և նոր սերունդների սրտերում: Ցանկանում եմ նոր ձեռքբերումներ, հաջողություններ, անամպ երկինք և անսահման հայրենասիրություն»:

Օրը հիշողություններով էր հարուստ հատկապես Բերձորի ազատագրման մասնակիցների համար: Այո՛, հողը ազատագրում են արյամբ,պահում ու շենացնում ՝ հողում ապրելով: Այս վեհ գաղափարին հետևելով Քաշաթաղ բնակվելու են եկել հազարավոր մարդիկ:Եկել են վերամիավորելու Արցախը մայր Հայաստանին, եկել են հաստատելու, որ շարունակվում է հայ ազատամարտիկի սուրբ գործը, որ հայոց հողում հայը պիտի ապրի: ՉԷ՞ որ այս տարածքը տարիներ շարունակ կարոտ էր իր տիրոջը: Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց  աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը,ապա հրապարակեց  միության վարչության որոշումը, համաձայն  որի՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձի և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք ազատամարտիկներ  պարգևատրվեցին «Հայրենյաց պաշտպան» մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով, իսկ թվով 10 ազատամարտիկ էլ  հատկացվեց 30 000 (երեսուն հազարական) դրամ գումար: Պարգևատրումն իրականացրեց Արցախի ազատամարտիկների միության  վարչության անդամ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Միջոցառման ընթացքում ազգային պարերով և հայրենասիրական երգերով հանդես եկան Բերձորի արվեստի դպրոցի և Վահան Թեքեյանի անվան N1 դպրոցի աշակերտները:

Վերածնված Բերձորն այսօր կենդանություն է առնում, բերձորցին եկել ու շենացնում է իր օջախը, խաղաղ պայմաններում նշում է, շրջանի ազատագրման տարեդարձը: Եկող սերնդին էլ պատգամում է դաս հայրենյացը՝ աչքի լույսի պես պահել սուրբ հայրենիքը: