Մայիսի 18 –ին Արցախյան գոյապայքարում իրենց կարևորագույն դերն ու ավանդն ունեցած ազատամարտիկները պարգևատրվել են Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորման գրասենյակում, որին մասնակցել են Ստեփանակերտի տարածքային միավորման նախագահները: Հրապարակվել է ԱՀ նախագահի հրամանագիրը, համաձայն որի մի շարք ազատամարտիկներ պարգևատրվել են <<Մարտական ծառայություն>> և <<Շուշիի ազատագրման համար>> մեդալներով: Նախքան պարգևների հանձնումը ԱԱՄ վարչության անդամ, Ստեփանակերտի տարածքային միավորման խորհրդի նախագահ Ալեքսանդր Հարությունյանը արժևորեց մայիսյան եռատոնի խորհուրդը, ապա շնորհավորեց ներկաներին: Միշտ էլ երջանիկ է համարվել նա, ով հանուն հայրենիքի կարողացել է սխրանքներ գործել: Ազատամարտիկների խոսքով՝ այսօր պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում են մեր գոյապայքարի մասնակից վետերանները և դա գնահատելի է ու ողջունելի:Հայրենիքի փրկության պահին ոչ ոք չէր մտածում մեդալների, փառքի, դափնիների կամ հերոսի վեհ կոչման մասին: Պարզապես յուրաքանչյուրն անում էր այն, ինչ կարող էր,ինչ պահանջում էր ժամանակը: Իսկ այսօր արդեն այդ նույն ժամանակի թելադրանքով վաստակածի իրավունքով, հանգիստ խղճով նրանք պարգևների են արժանանում:
Սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը վետերանները ձեռք են բերել համառ պայքարում: