Շնորհակալագիր Արցախի ազատամարտիկների միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանին

 «Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված  հերոսների հիշատակը անմար պահելն է»:

                                                                                          Հովհաննես Իսակով

Օրերս Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքում տեղի ունեցավ Արցախյան գոյամարտում մարտիրոսված 17 կոլխոզաշենցի ազատամարտիկների հիշատակը հավերժացնող  խաչքար-հուշակոթողի բացման և Խորհրդային Միության հերոս,  հրետանու գեներալ-գնդապետ Մ.Պարսեղովի թանգարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Հուշարձան կերտելը ժամանակի հրամայականն է: Նմանօրինակ յուրաքանչյուր կոթող և միջոցառում առաջին հերթին հարգանքի տուրք է մեր նվիրյալներին և, անշուշտ, հայրենասիրական բաց դաս սերունդների համար: Մատաղ սերունդը կարողացավ հաղորդակից դառնալ հերոս տղաների հոգևոր արժեքներին: Հերոս նահատակներին արժևորելով և նրանց կատարած սխրանքները վերհիշելով՝ մենք կկարողանանք դարերի հորձանուտով մեզ հասած ռազմահայրենասիրական գենը փոխանցել նոր սերնդի ներկայացուցիչներին:

Կոլխոզաշենում այդ օրը եղավ պատմական ու հիշարժան: Քանզի խաչքար-հուշակոթողը ապրելու է դարեդար, անցնելու՝ սերնդեսերունդ որպես հայրենասիրության, անմնացորդ նվիրումի և արծիվ տղաների քաջագործությունների քարակերտ վկա:

Կոլխոզաշենի «Հրաչյա Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոցի» մանկավարժական հանրույթը իր խորին երախտագիտությունն է հայտնում Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին, ով իր անմիջական նախաձեռնությամբ և հովանավորությամբ ի կատար ածելով հոր՝ ծնունդով կոլխոզաշենցի Ջամիլ Կարապետյանի ցանկությունը, իրականություն դարձրեց կոլխոզաշենցիների վաղեմի երազանքը:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ արցախյան ազատամարտիկների հիշատակի հավերժացումը կարևոր նշանակություն ունի մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, հայի տեսակի ու արժեհամակարգի պահպանման ու զարգացման գործում:

 

 

  Կոլխոզաշենի Հր. Բեգլարյանի անվան միջն.  դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Իզաբելլա Խաչատրյան