Ազատության սերունդը երբեք չի հանդուրժի օտարի լուծը

Հարցազրույց <<Հայրենյաց պաշտպան>> թերթի խմբագիր, բանաստեղծ Ռոբերտ Եսայանի հետ

– Ո՞վ է նա՝ հայրենիքի  պաշտպանը:

– Հայրենիքի  պաշտպան  հասկացությունն այսօր նոր իմաստ  ու  հնչեղություն ունի: Արցախյան գոյապայքարը նորովի բացահայտեց բոլոր այն բառերի և հասկացությունների (հայրենիք, տուն,  օջախ, հավատ, պատիվ, մայրենի լեզու) խորքերը, որոնք,  դուրս գալով իրենց  հին  կաղապարներից,  դարձան  ժամանակի և հայ մարդու բաբախուն ոգին: Բառը սոսկ բառ չէ°: Բառի երակից հոսում է իրականության արյունը՝ դառնալով պայքար, խղճի  ընդվզում: Եվ հայրենյաց պաշտպանն այսօր անձնվիրության ու   հերոսության դասեր է քաղում ոչ միայն գրքերից, այլև կյանքից, Արցախյան գոյապայքարի փառավոր էջերից, Ազատամարտի մասնակիցների  ոգու ավյունից:  Մեծ  ու անգնահատելի է նաև հայ կանանց դերը պատերազմական դժվարությունները հաղթահարելու, ազատամարտիկներին ոգեշնչելու և թևավորելու, մարտական գործողությունները հաղթանակով պսակելու գործում: Ազգովի զինվոր ենք և հայրենիքի պաշտպան:

– Ի՞նչ է նշանակում պաշտպանել հայրենիքը:

– Պաշտպանել հայրենիքը` նախևառաջ նշանակում է պատրաստ լինել անձնազոհության: Պաշտպանել հայրենիքը` նշանակում է պաշտպանել արժանապատվությունդ, ամեն օր և ամեն ժամ պահպանել ու հաստատել ազգիդ դարավոր ինքնությունը, կորստի ճիրաններից փրկել հայ բազմադարյա մշակույթը, ստեղծել ժամանակի շնչառությամբ բաբախող և հավերժի հետ խոսող ստեղծագործություններ: Զինվորը, ուսուցիչը, բժիշկը, դիվանագետը, գրողը, լրագրողը, շինարարը իրենց աշխատանքով ամեն օր և ամեն ժամ պաշտպանում ու փրկում են հայրենիքը:

– Ոսոխից մեր հողը պաշտպանելու գործին զինվորագրվեցիր կամավոր: Ի՞նչն է մղել այդ քայլին:

– Երբ Ստեփանակերտի փողոցներում հայտնվեցին Մարտակերտի շրջանի բռնազավթված գյուղերի առաջին բնակիչները, խոր ցավ ապրեցի: Հասկացա, որ լինել¬չլինելու սահմանագծի վրա է կանգնած յուրաքանչյուր հայ: Դա է հենց ինձ մղել, որ իմ ուժերի չափով  զորավիգ լինեմ  Գոյապայքարին: Մինչև այդ կրտսեր եղբայրս՝ Ռաֆայելը, որ 23 տարեկան էր, մասնակցում էր մարտագործողություններին: Երբ ծանր վիրավորվեց և ապաքինվում էր Ստեփանակերտի հոսպիտալում, խնամում էի նրան՝ ինքնըստինքյան հաղորդակցվելով վիրավոր մարտիկների ոգու կորովին, մահվան գիծն անցած ազատարարների վեհանձնությանը: Նրանց տնքոցի ու ցավի մեջ անգամ կար երջանկության փայլ,  որ առնականության չափ  գրավիչ էր: Հասկացա նաև, որ  կամավորության շրջանում զենքով կռվողները ընտրյալներ են: Ես ձգտում էի իմ համեստ մասնակցությամբ միանալ ու ձուլվել Գոյապայքարի նվիրյալների ոգու ընթացքին: Գուցեև դառնալ այդ մարտական ընթացքի մեկնիչն ու պոետը: Փորձում էի լիովին ապրել  հրետանավորի կյանքով: ՙՀրետանու ստվերը ձգվում է, ինչպես ապագայի միջանցք՚: Արկերի սուլոցն ու պայթյունի ձայնը դարձել էին  ղարաբաղյան բնության երևութային համանվագը: Երկաթի հրաշքն  ու զինտեխնիկան ռազմադաշտային  նոր տեղաշարժերի հնարավորություն էին ստեղծում: Իր ոգևորիչ  և  հայրենանվեր գործունեությամբ բանակի հրետանու պետ Ժորա Գասպարյանը միավորեց հրետանային կազմավորումները և դարձրեց հուժկու մի ուժ, որի դեմ  թշնամու թվաքանակի գերակշռությունը  դարձավ անիմաստ, ռազմադաշտում ելք չորոշող մի բան:

– Պոետ և՝ հրետանավոր: Ինչպե՞ս դարձար հրետանավոր: Քո դեպքում թնդանոթները, ուղղակի իմաստով, որոտում էին: Մուսաները լռո՞ւմ էին:

– 1992թ. հուլիսի 20¬ին Ստեփանակերտում, բարեկամիս՝ Յուրի Գաբրիելյանի տանը ծանոթացա պատերազմին մասնակցող հրետանավորների հետ, որոնք երկամսյա ծառայությունից հետո պիտի վերադառնային տուն: Նրանք իրենց փոխարինող զինվորներ  էին փնտրում: Ես ցանկություն հայտնեցի ծառայել այդ հրետանային մարտկոցում: Առավոտյան նրանց հետ մեկնեցի  Մարտակերտի շրջանի  Մեհմանա գյուղ, որտեղ  տեղադրված էին թնդանոթները: Տղաներից մեկն իր ինքնաձիգը հանձնեց ինձ՝ հավատացած, որ իր տեղը դատարկ չի մնում, զինվոր կա կանգնած: Արտեզրին տեղադրված 3  թնդանոթներից ամեն օր  արձակում էինք 100-200 արկ: Իսկ վերևից սպառնում էին թշնամական ինքնաթիռները, որոնց նետած  ռումբերը, բարեբախտաբար, պայթում էին մոտակա ձորերում, դիրքերից հեռու: Այդ օրերին մեր զինված  ուժերին հաջողվեց ոչնչացնել թշնամական  2 ինքնաթիռ, ինչը մեծ  ոգևորություն հաղորդեց ազատամարտիկներին: Հաջորդ դիրքը,  որտեղ  տեղադրվեցին մեր թնդանոթները, Կիչանի բարձունքն էր: Դա թշնամու կողմից մեզ պարտադրված դիրք էր: Այստեղ բլինդաժներ ունեինք, որոնք դեռևս բաց էին, ՙչտանիքավորված՚: Թշնամու դիպուկ հրետակոծությունից մի քանի ժամ առաջ, առավոտյան հրամանատարը՝ Գառնիկ Իսրայելյանը (Պրոֆեսոր), պահանջեց տախտակով և հողային ծածկույթով տանիքավորել  բլինդաժները: Դեռ նոր էինք ավարտել հանձնարարությունը, երբ հրետակոծվեց մեր մարտական դիրքը: Հրետանու անձնակազմը  պատսպարվեց ներքևի  բլրի հետևում, իսկ դիրքում մնաց մեր հրետանային  հաշվարկը, որը  բաղկացած էր 7 հոգուց: Թշնամին  թիրախ էր դարձրել միայն մեր գործող թնդանոթը, որից արձակած  արկերով փորձում էինք կասեցնել  ազերիների  առաջխաղացումը: Մեր արձակած ամեն արկից հետո ստիպված էինք պաշտպանվել բլինդաժում: Եվս մի  արկ՝ անհրաժեշտ կոորդինատներով: Մինչև  որ… թշնամական երկու արկ կիսով չափ  ավերեցին  մեր բլինդաժը, որն իր հողածածկույթով փրկեց 7 զինվորի կյանք: Տարիներ անց, հանդիպելով Գառնիկ Իսրայելյանին, հարցրի. ՙՊրոֆեսո°ր,  ինչպե՞ս զգացիք վտանգը: Դեռ նոր էինք հողածածկույթով ամրապնդել մեր բլինդաժները, երբ րոպեներ հետո դրանք մեզ  կյանքի¯ չափ պետք  եկան՚: ՙԱրտակարգ ոչինչ չկար,- պատասխանեց: – Երբ  թշնամին առաջ է  շարժվում, դառնում  ես խոցելի, և անհրաժեշտ է լինում ամրապնդել պաշտպանական դիրքերը՚:

Մարտակերտի հրետանու հրամանատարական կազմում ընդգրկված էին  տաղանդավոր անհատականություններ՝ Գառնիկ Իսրայելյան, Վլադիկ Խաչատրյան, Գարիկ Հարությունյան, Սանասար Գյուրջյան, Արթուր Մնացականյան, Կարեն Գրիգորյան, Կարեն  Մնացականյան… Պատերազմական  կյանքի մասին առաջին ակնարկը (ՙԱնիվների վրա՚) գրեցի Օմարում, որը տպագրվեց ՙՀայ զինվոր՚ թերթում՝  արժանանալով  թերթի  հատուկ մրցանակին: Իսկ առաջին  բանաստեղծությունը (ՙՈսոխն հետ  քաշվեց՚) նվիրեցի հրետանու հետախուզության պետ Կարեն Մնացականյանի հիշատակին:

– Ի՞նչ է սովորեցրել քեզ պատերազմը:

– Պատերազմը չարիք է, որովհետև կործանում է մարդկային կյանքեր, փլուզում մարդկային երազանքներ: Բայց այս պատերազմը, որ հայոց պատմության մեջ կմնա որպես հայրենական,   մղված  ազերի զավթիչների դեմ, մեր հերոսական ոգու արտահայտությունն է, խղճի ընդվզումը, արժանապատվության և ինքնության հաստատումը: ՙԵս կսիրեմ մեր պատերազմները՚,¬ ասում էր մեծագույն մարդասեր Վիլյամ Սարոյանը: Եվ նրա խոսքը բխել  է հայոց ոգու պատմությունից, գոյատևման ելքից, հիշողության առանցքից:

Այս պատերազմի դասերը, բացառիկ լինելով կարևորվում են նաև ազգային ոգու և դիմագծի վերաարժևորման հնարավորություններով:

– Գրչընկերներդ, որոնք  վառոդի հոտ չեն զգացել, չեն անցել պատերազմական թոհուբոհով, ինչ¬որ բա՞ն  են  կորցրել:

– ՙՆույն արճիճից են ձուլում, իմացիր, գնդակն ու տառը՚,¬ Գևորգ Էմինի այս թևավոր խոսքն այսօր էլ շատ հարցերի պատասխաններ է տալիս: Կյանքը վտանգում էր ոչ միայն զինվորը, այլև ազգային գործիչը: Վառոդի հոտ զգացել է ողջ ժողովուրդը, քանի որ Երկրի ամբողջ տարածքը մարտադաշտի էր վերածվել: Վտանգը համատարած էր: Զոհված խաղաղ բնակիչը նույնպես  պայքարող ոգի էր: Նա իր համառությունն ու գոյատևման պայքարն էր արձանագրում՝  մահվան վախը  հաղթահարելով: Պատերազմի ժամանակ  տուն կառուցող,  հող մշակող, երեխաներ դաստիարակող մարդիկ հույսի  և հավատի մեծ  էներգիա էին հաղորդում յուրայիններին: Իսկ թշնամուն հունից հանում  էր նաև մեր  համառ գոյատևությունը: Քարին տակ գյուղի պաշարման ժամանակ հետաքրքիր մի փաստ է արձանագրվել. ՙԹշնամու  դիպուկահարը ջղային համառությամբ անընդհատ կրակել¬խոցոտել է մանկան հագուստները, որ կախված էին լվացքի պարանից՚:

– Երկիրը ճի՞շտ է վարվում՝ ներելով ու տեղ տալով նրանց,  ովքեր վտանգի պահին, մեղմ ասեմ, հեռացել են ռուսաստաններ:

¬ Զինվորը  ազատություն ու արդարություն է նվաճել  բոլոր հայերի համար: Սրա° մեջ է հենց ազատարար հայի վեհանձնությունը: Մյուս կողմից՝ պիտի սերն ավելացնել ազգի հոգում և ոչ թե՝ ատելությունը:

– Եթե ներում ենք, գոնե այնպես անենք, որ նմանները հայրենիքը պաշտպանածների ու պաշտպանողների հանդեպ պարտքի  զգացում ունենան և ոչ թե, պաշտոն ու դիրք  զբաղեցնելով, վերևից նայեն նրանց:

– Հայրենիքը պաշտպանածների ու պաշտպանողների հանդեպ պարտքի զգացում պիտի ունենան բոլորը: Մամուլի մի ասուլիսի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է, որ բանակում բարձր պաշտոններ չեն կարող զբաղեցնել նրանք, ովքեր չեն մասնակցել պատերազմին: Սա ճիշտ դիրքորոշում է: Այս պահանջի արդարացիությունը բխում է բանակի և ժողովրդի շահերից: Սակայն այս մոտեցումը, ըստ իս, կիրառելի չէ կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում: Չպետք է բաժանող  պատնեշներ դնել  մարդկանց միջև: Մարդուն պետք է տալ ինքնադրսևորման ազատություն և հնարավորություն:

– Ռոբերտ, Ստեփանակերտում էիր բնակվում: Հրադադարից հետո ընտանիքով տեղափոխվեցիր Շուշի: Բնակարանային խնդի՞ր լուծեցիր, թե՞ խորհրդանշական ինչ¬որ բան կար դրանում:

– Ապրել  Շուշիում`  նախևառաջ նշանակում է ձեռք բերել  բարձունքային  մտածողություն: Չէ՞ որ լինում է նաև  հարթավայրային  մտածողություն: Շուշիում ապրողները երկնքին ավելի մոտ են: Եվ  պատահական չէ, որ եկեղեցիները կառուցում են բարձունքներում: Բոլոր կողմերից երևացող տեսադաշտում: Ես  զգացել եմ,  որ Շուշին երկրային և երկնային հաղորդակցության առանցքն է: Մշակութային երբեմնի կենտրոնն այսօր էլ չի  կորցրել տիեզերական  հաղորդակցության կայան  լինելու առաքելությունը: Եվ պատահական չէ, որ խմբավար, Շուշիի պատվավոր քաղաքացի Զաքար Քեշիշյանն ասում է. ՙԲնակվում եմ Բեյրութում, ապրում՝ Շուշիում՚: Համոզվել եմ, որ Շուշիում երփներանգվում է մարդու  մտածողությունը, դառնում՝ բազմաշերտ: Այստեղ քարերն անգամ  ներշնչանքի աղբյուր են: Այն ստեղծագործությունները, որ ես  գրել եմ, ներշնչվելով բարձունքային բնապատկերների անակնկալ կրակից, զուտ շուշիահարույց զգացողության  ծնունդներ են:

Բերեմ օրինակներ.

Փրկեցինք խիղճը մարդկության,

փրկեցինք անունը հերոսիդ,

և  Շուշին, որ քաղաք չէ ու արձան,

փրկված  հայացքն է Մասիսի:

(ՙՆելսոն Ստեփանյանին՚)

Կամ այս  մեկը.

Ժայռեղեն կամքի կապույտ ծերպերին

Բոցկլտում են դեռ ոգու  խարույկներ,

Հրեշտակները իրենց թևերին

Բերում են երկնի լուսե մակույկներ:

– ՙՀայրենյաց պաշտպան՚ ամսաթերթում, Արցախի  ազատամարտիկների  միության գործունեության  լուսաբանումից զատ, ուրիշ ի՞նչ թեմաներ են արծածվում:

– Բազմազան, սակայն ամեն թեմա անցնում է հայրենյաց պաշտպանի ոգու և շնչառության միջով: ՙՀայրենյաց պաշտպան՚¬ը նախևառաջ, ինչպես ասացիր, արտացոլում է Արցախի ազատամարտիկների միության գործունեությունը: Հաճախակի են  տպագրվում ակնարկներ՝ նվիրված զոհված և անհայտ կորած  ազատամարտիկներին: Ծավալուն տեղ ենք հատկացնում Արցախյան  գոյապայքարի, ազատամարտի և նվիրյալ զինվորականների մասին նյութերին: Ունենք քաղաքական էջ: Թերթում հանդես են գալիս նաև արվեստագետներ՝ գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, երգահաններ: ՙՀիշողության դաշտ՚ խորագրի ներքո  ներկայացնում ենք  նյութեր՝ նվիրված գիտության բնագավառում և ռազմաշխարհում նշանակալի դերակատարություն ունեցած  հայազգի երևելի դեմքերին:

– Որպես ազատամարտիկ  ի՞նչ  գնահատական կտայիր  Արցախի ազատամարտիկների միության աշխատանքին:

– Միությունը արցախյան  պատերազմի  մասնակիցներին միավորող ուժ է, որը ծառայում է մեր պետականության ամրապնդմանն ու  հզորացմանը: Միաժամանակ պաշտպանում է ազատամարտիկների սոցիալական և իրավական  շահերը: Նա այն բացառիկ  արժեքների  կրողն է,  որ ձեռք են բերվել  համառ մարտերում, նվիրյալների  արյան գնով: Այսօրվա զինվորն ու երեկվա պատերազմի  մասնակիցը ոգու  կորովով ու  կյանքի փորձով են ամրագրում ազգային արժեքներով ապրելու ազատությունը:

Միության  աշխատակիցները ԱԱՄ  նախագահ, գեներալ-մայոր  Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ծավալում են ազգօգուտ և  հայրենանվեր գործունեություն:

– Ի՞նչ ես  կարծում, իրենց  պապերին ու հայրերին  արժանի՞  սերունդ է մեծանում:

– Ամեն սերունդ ունի ինքնակայացման իր ժամանակը, ինքնադրսևորման հնարավորությունն ու պատմական շանսը: Համոզված եմ, որ երիտասարդ սերունդը պապերին ու հայրերին արժանի կլինի: Արցախի ազատամարտիկների միության ՙՀայրենյաց պաշտպան՚ երիտասարդական կազմակերպությունն իր շարքերում ընդգրկում է երիտասարդների, որոնք հենց շարունակում են պատերազմին մասնակից սերնդի ավանդները: Հայրենյաց պաշտպանները, մշտապես շփվելով զենքի, խրամատի, առաջին գծի զինվորների հետ, իրենց գործունեությամբ ստեղծում են հայրենապաշտության առողջ ու բաբախուն մթնոլորտ:

Ազատության սերունդը  երբեք չի° հանդուրժի օտարի լուծը:

– Պատերազմը, ազգային¬ազատագրական  պայքարը  արտացոլված  են  քո պոեզիայում: Թեման  սպառվա՞ծ ես համարում, թե՞  դա այն նյութն է, որը շարունակ սնելու է քեզ:

– Պատերազմական  թեման  շոշափելով՝ ես փորձում եմ բացահայտել իրականության հոգեպատկերը: Եվ քանի պատերազմն ապրում է ցավի մեջ, ներշնչումների դռներ է  բացելու: Բանաստեղծը նյութի կեղևից գնում է դեպի նրա անակնկալ խորքերը: Արցախյան պատերազմն ունի իր յուրահատկությունները, որոնք պիտի անպայման կերպավորվեն տողերի էկրանին: Հոգեբանական պատկերով բացահայտվում է ոչ միայն պոեզիայի ոգին, այլև ժամանակի դիմագիծը: Իմ ապրած ամեն մի օրը ներշնչանքի մի դուռ է բացում: 1993  թվականին ես պատերազմը այսպես եմ տեսել. ՙՈսոխն հետ քաշվեց: Ճանապարհն  ասես //  օձի  շապիկ է գետափին ընկած: // Հողի արցունքն է մրգի պես հասել: // Շուրթերիս  Աստծո պատկերն է խոցված՚: Իսկ 1994 թվականին տեսա այլ  պատկեր. ՙՀրետանու զարկերով կարելի է ծակել պատմության կեղևը, որից պիտի դուրս մղվեն կեղծիքն ու  սուտը՚: 2010 թվականին ՙՍահմանագծերի ձմեռ՚ տեսա ՙազատության խաչմերուկում՚. սա է մեր ժամանակի ՙՔաղաքական  եղանակը՚:

Թեման չի սպառվում: Կարևորն այն է, թե պատկերավոր խոսքի ջերմությունն ու լույսն ի՞նչ ներշնչումներ են հաղորդելու իրականության ոգուն: Ընթերցողն ի՞նչ է  ստանում՝ կարդալով  քո բանաստեղծական բացահայտումները: Նրա ներաշխարհը հարստանու՞մ է՝ ընդունելով տեսիլային լույսը: