Մեր անձնվեր կանայք

Արցախյան պատերազմը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Լավագույնները կռվեցին արիաբար ՝ <<Զոհվելն արգելվում է >> նշանաբանով, քանզի թիկունքից սիրելի մայրերն ու քույրերն էին նրանց սիրտն ու ոգին ջերմացնում: Անգնահատելի է կնոջ դերը հայ իրականության մեջ: Բոլոր ժամանակներում էլ կինը կայուն դեր է ունեցել հասարակության համար և կյանքի տարբեր բնագավառներում: Իրենց մեջ միահյուսելով քնքշանքն ու հոգատարությունը, կանացի հմայքն ու գեղեցկությունը՝  նրանք նաև կամքի տոկունության օրինակներ են դրսևորել անհրաժեշտ պահերին:

Արցախյան ազատամարտի տարիներին հազարավոր հայ կանայք միացան կամավորական ջոկատներին՝ անձնվիրաբար պայքարելով մեր ամեն մի թիզ հողի համար,արժանապատվորեն կրելով պատերազմի արհավիրքները: Նրանց փխրուն հոգիներում դրոշմվեցին կորստի ցավն ու սարսափը: Նաև նրանց սխրանքի ու նվիրումի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը հաղթեց արցախյան պատերազմում: Հայ նվիրյալ կանանցից են Վարդուհի Գևորգյանը, Անահիտ Պետրոսյանն ու Անահիտ Թամրազյանը: Հայոց պատմությունը վկայում է, որ ազգային ազատագրական պայքարում ընդգրկված են եղել նաև հայ կանայք և տղամարդկանց հետ հավասար պաշտպանել են հարազատ հողը,սխրանքներ գործել ու հերոսացել: Արցախյան պատերազմում այդ կերպարը վերածնվեց: Հայրենասիրությունն ու ինքնազոհությունը միայն տղամարդուն չեն բնորոշ:

-Տիկին Գևորգյան, ո՞վքեր էին այն կանայք, որ գնացին պատերազմ: Ի՞նչով էին նման իրար:

-Տարբեր էին: Եվ ՛գրող կար, և ամուսին չունեցող կին: Եվ առաքինի և պարկեշտ: Բայց բոլորն էլ մի ընդհանրություն ունեին՝ պատրաստ էին իրենց կյանքը տալ հայրենիքի ազատության համար.

-Հասկանալի է, որ մենք ցանկանում ենք հայրենիքի պաշտպանի կերպարը  կատարյալ տեսնել, բայց կյանքը ստիպում է հաշվի նստել նաև իրականության հետ  և ընդունել, որ հայրենիքի համար կռված մարդը (լինի կին, թե տղամարդ) սովորական մարդ է:

-Մենք  պիտի հայրենասիրությունն  ու քաջությունը համարենք հայի ամենակարևոր հատկանիշները: Մենք պիտի հարգենք ու մեծարենք  նրանց, ովքեր հայրենիքի փրկության համար զենքով պայքարելու խիզախություն են ունեցել :

<<1988 թվականից Ստեփանակերտը նման էր եռացող կաթսայի >>: Միտինգներ ու ցույցեր էին տեղի ունենում, մարզային խորհրդի նիստեր էին գումարվում՝ տարբեր փաստաթղեր ստորագրելու համար: Բացի արտաքնապես տեսանելի գործողություններից, ընթանում էին նաև ընդհատակյա գործընթացներ: Վարդուհին, առանց մի պահ անգամ երկմտելու, մտավ այդ գործողությունների տիրույթ և սկսեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել սկսված գործընթացին: Առաջինն էր ստորագրում մարզխորհրդի բոլոր որոշումների տակ, մասնակցում միտինգներին ու ցույցերին: Իսկ երբ Սումգայիթի դեպքերից հետո որոշում կայացվեց, սահմանային գոտու պաշտպանությունը կազմակերպելու համար ընդհատակյա ջոկատներ ստեղծել, Վարդուհին մտավ 15 հոգանոց խմբի մեջ և լծվեց մարտական ջոկատների  ստեղծման աշխատանքներին:Գործարանում մի քանի ջոկատներ ստեղծվեցին, որոնք սկսեցին գործել Կարեն Առաքելյանի հրամանատարությամբ: Սկզբում տղաները չէին ուզում Վարդուհուն տանել հետները,սակայն նա համոզեց, թե ինքը պահակակետեր չի գնա, այլ ջոկատի տնտեսական հոգսերը կհոգա: Բայց երբ տեղ հասան, ասաց,որ հավասարապես հերթապահելու է դիրքերում: Այսպես սկսվեց Վարդուհի Գևորգյանի  մարտական ուղին>>:

Հակառակորդը մինչ օրս զարմացած է, թե ինչպես եղավ, որ հայկական կամավորական ջոկատին գերազանցող կանոնավոր բանակով պարտություն կրեց, պատճառը մեկն է ու հասկանալի. հայրենիքի ազատության համար այստեղ կռվում էին բոլորը կին, թե տղամարդ:Մեկը պարզապես փրկում էր իր տունը, երեխաներին, մյուսը՝ սրտում կուտակված վրեժն էր լուծում:

Նրանք կռվում էին վայրկյան անգամ չկասկածելով մոտալուտ հաղթանակին:Այսօր էլ պատրաստ են անհրաժեշտության դեպքում զոհել իրենց կյանքը:

Առաջնագծում հայ կնոջ ներկայությունը մեծ ուժ էր, մեծ պատասխանատվություն և անպայման հաղթանակի խորհուրդ:Վարդուհին ու երկու Անահիտները  հայրենիքի համար միասին են խիզախել, մարտական ընկերներ փրկել ու կորցրել: Մեր հանդիպման ժամանակ միահյուսվեցին անցյալի դառը հուշերն ու հաղթական ներկան:

Այս կանայք հանուն Արցախի ազատության ու անկախության չեն խնայել ոչինչ՝ ոչ առողջություն, ո՛չ երիտասարդութոյուն:  Սակայն նրանք չեն դժգոհում, հպարտ են ինչպես հարիր է հայ զինվորին, հաղթանակած զինվորին: Եվ մեդալներ, գովասանագրեր չեն ակնկալում:

Նրանք հավաստիացնում են, որ առանձնահատուկ ոչինչ չեն արել, պարզապես իրենց խղճի պարտքն են կատարել հայրենիքի հանդեպ:<<Մարտական Խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանը, պատվոգրերն ու մեդալները հայրենիքի նվիրյալների արժանի գնահատականներն են:

Արցախյան հերոսամարտի միջով անցած կանայք  պատրաստ էին ազատության համար գնալ մեծ զոհողությունների, իրենց սխրանքներով վեհացնել լեռնաշխարհի պատմությունը ,սրբագործել պապերից ժառանգություն մնացած Արցախի հողը, ինչի պաշտպանությունը գերագույն նպատակ կմնա սերունդների համար: