«Կա մի մեծ բան, կյանքից էլ թանկ, որի համար արժե կյանքը տալ, դա մեր ազգի արժանապատվությունն է»…

Արցախյան գոյապայքարի նվիրյալներից է Կարմեն Ավետիսյանը: Նրա կենսագրության  մեջ կարևոր տեղ ունի արցախյան գոյամարտը, որը նշանավորվել է նաև մեր ռազմիկների կողմից ցուցաբերած անհատական սխրագործություններով: «Եթե մարդ պարտավորություն է զգում իր ազգի,երեխաների ապագայի հանդեպ,- խոստովանում է Կարմեն Ավետիսյանը ,- ապա պետք է դրան տեր կանգնի զենքով և երբեք չխուսափի ճակատագրից: Մեր ջահելության լավագույն տարիները անցան ռազմի դաշտերում, սակայն դրա փոխարեն անհամեմատելի մեծ ձեռքբերում ունեցանք, որը ջահելությունից էլ  շատ ավելի թանկ է»:

Կ.Ավետիսյանը գտնում է նաև, որ ռազմական յուրաքանչյուր հաջողության հիքում հայ ազգի նվիրական զավակների արարումն է, բացառիկ ձեռքբերումն ու պայքարող ոգու նկարագիրը: Ազատամարտի նվիրյալի կյանքի ճանապարհը առնչվում կյանքի ակունքներին ՝ հենց այդ պայքարող ոգու ուրույն նկարագրով: «Այս տարիների ընթացքում,-ասում է նա,- մենք՝ ազատամարտիկներս, համոզվել ենք, որ բարեկեցիկ ապագա կերտելու համար պետք է հենվենք  միայն ու միայն սեփական ուժերի վրա: Անչափ կարևոր է, որ մեր դպրոցականները կրթօջախներում դաստիարակվում են՝ որպես ազատամարտի նվիրյալների հետնորդներ»:

Կարմեն Ավետիսյանը ծնվել է 1955 թվականին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում, մանկավարժի ընտանիքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ուսումը շարունակել Երևանի Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժնում:Երեք տարի աշխատել է ժամանակի անտառաարդյունաբերական կենտրոններից մեկում՝ Ուիստ-Իլիմսկում: Վերադառնալով հայրենի երկրամաս, աշխատանքի է անցել Ստեփանակերտի կենցաղսպասարկման կոմբինատում՝ որպես նկարիչ ձևավորող:Հետո տեղափոխվելով Ասկերանի շրջկենտրոն, աշխատել է մշակույթի տանը կից  արհեստանոցում: «Իմ կենսագրությունն առանց արցախյան գոյապայքարի,- խոստովանել է Կ.Ավետիսյանը երևի թե անիմաստ կլիներ: Հատկանշական է, որ օրըստօրե ավելի է բարձրանում արցախյան գոյապայքարի մասնակցի դերը թե՛ բանակաշինության և թե՛ պետական ծրագրերի իրականացման գործում: Լինելով առաջատար և համախմբող ուժ՝ նրանք կարևոր գործունեություն են ծավալում նաև հասարակական կյանքում, միշտ պատրաստ ՝ պաշտպանելու սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը»:

Կարմեն Ավետիսյանի մարտական ուղին թրծվել է մարտադաշտում: Ականատեսն ու մասնակիցը լինելով  բազում  կարևոր  ռազմագործողությունների փրկել է մարդկության ամենամեծ արժեքը՝ ազգի արժանապատվությունն ու ոգու դիմագիծը: «Միտինգներին ու խաղաղ ցույցերին փոխարինելու եկավ ինքնապաշտպանության ջոկատների կազմավորումը՝ ես մեկնեցի գյուղ՝ կոորդինացնելու այդ աշխատանքը, մեր գյուղում էլ՝ Սարուշենում ստեղծվեց կամավորական ջոկատ: Մեր ջոկատը, որը բաղկացած էր 18 հոգուց իր մարտական մկրտությունը ստացավ Քարագլխում՝ մասնակցելով եկեղեցու ազատագրմանը»: Շուշիի ազատագրումից հետո ջոկատը համալրվեց և դարձավ առաջին վաշտ, իր շարքերում ընդգրկելով Շահբուլաղի, Սարուշենի, Քարագլխի, Մխիթարաշենի, Ջաղացների, Չանախչու, Սղնախի տղաներին:

«Շուշիի ազատագրությամբ,- ասում է Կարմեն Ավետիսյանը հայոց բանակը կատարեց մեծագույն սխրանք՝ ԼՂՀ անկախությունը դարձնելով իրական ու անշրջելի, լիակատար ու ընդգրկուն: Այդ հաղթանակով ոչ միայն վերականգնվեց պատմական արդարությունը, այլև ձեռք բերվեց համայն հայությանը ոգեշնչող մի գաղափար: Բացվեցին կյանքի և հաղթանակի ճանապարհները»:

Կարմեն Ավետիսյանը պաշտպանելով հող հայրենին, պաշտպանել է հայ ժողովրդի դարավոր իղձը՝ ազատ ու անկախ ապրելու ձգտումը, սեփական բախտն ու ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու իրավունքը:

Նա պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

«Ազատության ու անկախության դրոշը բարձրացրած նվիրյալների գործը կիսատ չի մնա: Հայրենիքի սուրբ նահատակների արյամբ սրբագործվեց հողը: Ազատագրված երկիրը դարձավ սրբատեղի: Կրկին մեծն Չարենցի խոսքն է դառնում մեր օրերի հիմնական կարգախոսը.«Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»,-համոզված է Կարմեն Ավետիսյանը՝ արցախյան գոյապայքարի նվիրյալն ու ազատասեր հայը: Նրա կարծիքով՝ մեծ է պաշտպանության բանակի դերը մեր պետության անվտանգության գործում: Այսօր ամեն հայ հպարտանում է մեր բանակի մարտունակությամբ, որի շնորհիվ էլ պահպանվում է խաղաղությունը: Կյանքը հետնաբակ չէ, կյանքը առաջին գիծ է: Եվ ամեն հայ կանգնած է առաջին գծում: «Կա մի մեծ բան ,- համոզված է  Կարմեն Ավետիսյանը ,- կյանքից էլ թանկ, որի համար արժե կյանք տալ, դա մեր ազգի արժանապատվությունն է»: