Արցախի ազատամարտիկների միության Մարտունու տարածքային միավորման գործունեությունը

Արցախի ազատամարտիկների միությունն իր գործունեության հիմքում ունի մեկ գլխավոր նպատակ՝ գոյապայքարի մասնակիցներին համախմբելու և նրանց ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով նպաստել հայրենի երկրամասի հզորացմանն ու բարգավաճմանը:

Արցախի ազատամարտիկների միության Մարտունու տարածքային միավորումը գործում է 2000 թվականից: 2002թ.-ից Մարտունու շրջանի տարածքային միավորման նախագահն է Սարո Երեմյանը: Ստեղծման սկզբնական շրջանում միավորման շարքերում ընդգրկված էր 1485, այժմ՝  2720 մարդ: Վերջերս հանդիպեցի տարածքային միավորման նախագահին  և փորձեցի գտնել մի քանի հարցերի պատասխաններ:

Արցախյան պատերազմին մասնակցել են հազարավոր հայորդիներ, տասնյակ ջոկատներ, որոնք կազմավորվել են այն ժամանակ, երբ չկային պետականորեն կազմակերպված զորամիավորումներ: Դրանցից մեկն էլ Մարտունու <<Մարտիկ >> ջոկատն է:Մարտունու տարածքային միավորման գրասենյակում ազատամարտիկները հաճախ են հավաքվում: Հավաքվում են՝ պատերազմի տխուր ու լուսավոր էջերը ևս մեկ անգամ հիշելու, կորցրած մարտընկերների հիշատակը հարգելու: 26 տարի առաջ նրանց միավորել էր կամավորական ջոկատը, որը հետո դարձավ գումարտակ: Պատերազմի ու խաղաղության ճանապարհով անցած ազատամարտիկները կյանքի ու ժամանակի թելադրանքով  հանուն հայրենիքի չեն խնայել ոչինչ: Ինչի՞ ենք հասել մենք այս ծանր ու դժվարին, միաժամանակ վճռորոշ հաղթանակներով լեցուն տարիների ընթացքում, գոհ ենք արդյո՞ք, ունեցած ձեռքբերումներից ու նվաճումներից:

Իհարկե, դեռ ունենք բազում հոգսեր: Սակայն այս ամենն էլ ինչ որ տեղ բնական ու օրինաչափ է մեր  նորանկախ, կայացման ուղին բռնած երկրի համար:

Տարածքային միավորման նախագահ Սարո Երեմյանի խոսքով՝ այն որ սոցիալական հիմնախնդիրներ ունեն մեր միության անդամները միանշանակ է: Դրանք հիմնականում վերաբերում են ազատամարտիկների բնակարանային պայմանների բարելավմանը, ազատամարտիկներին աշխատանքով ապահովմանը: Հայտնի փաստ է, որ ազատամարտիկների մի մասը գործազուրկ է, իսկ նրանց բնակարանները՝ վերանորոգման ենթակա: Ֆինանսական սուղ պայմանների պատճառով վերանորոգման աշխատանքները իրականացվել են մասնակիորեն: Միության ստեղման օրից ցայսօր մի շարք խնդիրներ են լուծվել: Մեզանից կախված ամեն ինչ անելու ենք ազատամարտիկների և նրանց ընտանիքների կյանքը բարելավելու համար,- նշել է տարածքային միավորման նախագահը:

Մենք միասնական ազգ ենք, իսկ միասնության դրոշի ներքո համախմբված ազգն էլ անպարտելի է:

20-րդ դարի սկզբին մեզ պատուհասած ողբերգությունից հետո, մեր հաղթանակած բանակի շնորհիվ մենք 21-րդ դար մուտք գործեցինք դրական հաշվեկշռով: Արցախյան գոյապայքարում մենք հաղթեցինք, հաղթանակ, որը դարձավ հայ ժողովրդի վերջին հարյուրամյակների պատմության կարևորագույն իրադարձությունը: Գաղտնիք չէ, որ մեր հաղթանակի գրավականը մարտիկների անսասան ոգին էր պատրաստակամությունը, և այն գաղափարները, հանուն որոնց ոտքի էր ելել ամբողջ ժողովուրդը: Այսօր մարտունեցի ազատամարտիկները խրոխտ հայացքով են ետ նայում իրենց անցած ճանապարհին:Նայում են ու հպարտությամբ փաստում.պատվով ենք կատարել մեր առաքելությունը: