Զինվոր.կոչում,պատիվ

Մեր ազգային-ազատագրական շարժումն իրենով պայմանավորեց Արցախում ապրողներիս գործելակերպը, դառնալով հավատամք, միասնության ու միակամության խորհրդանիշ: Ժողովրդական շարժումը նաև ճակատագիր սահմանեց մեզնից յուրաքանչյուրի համար, կրկին կյանքի կոչելով պատմության մեծագույն դասը, որ մեր հարցերն ուղղենք հենց մեզ և հենց մեր էության մեջ փնտրենք անհրաժեշտ պատասխանները:

Զրուցակիցս` Վլադիկ Խաչատրյանը, մեզանում ճանաչված անհատականություն է, մասնագիտությամբ` ֆիզիկոս, արցախյան գոյապայքարի նվիրյալներից ու փառավոր զինվորական կենսագրության տեր, ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, արժանացել է ԼՂՀ և ՀՀ պետական բարձր պարգևների: Բոլորիս պես իր ապրած կյանքի կարևոր ճամփաբաժան է համարում Շարժումը և այսօր էլ շարունակում է իր աշխատանքը` այն համարելով մեր հաղթանակի ևս մեկ ամրագրում: Զինվորական ծառայությունից հետո մի քանի տարի ղեկավարել է ԼՂՀ ԿԳ նախարությունը, իսկ 2013 թվականից նշանակվել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար:

– Ծնվել եմ Արցախի ամենահին բնակավայրերից մեկում` Մարտակերտի շրջանի Դամիրլու, այժմ` Ծաղկաշեն գյուղում: Պապս ասում էր, որ մեր գյուղն առաջացել է Կուսապատից, դարեր առաջ ներկայիս գյուղի տարածք է եկել չորս ընտանիք և մշտական բնակություն հաստատել: Ասեմ նաև, որ այդ տարածքը կուսապատցիների դաշտավայրերից էր, ինչպես նաև գյուղի դարբնոցն էր այդտեղ, երևի այդ պատճառով է նորաստեղծ գյուղը կոչվել Դամիրլու:

1961 թվականի հունվարի 21-ին եմ ծնվել, ուզում եմ շեշտել, որ ես ու հայրս նույն օրն ենք ծնվել: 1978-ին ավարտել եմ Կուսապատի միջնակարգ դպրոցը, իսկ մեր գյուղի տարրական կրթարանն այդ դպրոցի մասնաճյուղն էր: Ավելորդ չէ նշել, որ Կուսապատում էին սովորում ոչ միայն մեր գյուղի, այլև Գյուլաթաղի, Մոխրաթաղի, Մեհմանայի, Ջանյաթաղի երեխաները: Միջնակարգից հետո ընդունվել եմ Սեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը և ավարտել 1982 թվականին: Ինձ գործուղել են Չայլու: Եվ հենց այստեղ է սկսվել իմ մանկավարժական գործունեությունը:

Ընտանիքիս մասին ուզում եմ մի քանի խոսք ասել: Հայրս Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր, վիրավորվել էր Կուրսկ-Օրյոլում: Դեռևս դպրոցը չավարտած, երբ պատերազմը սկսվեց, նա, ունենալով մտավոր ու ֆիզիկական հիանալի տվյալներ, զորակոչվում է: Ուղարկում են սովորելու ռազմական հաստատությունում, բայց հրաժարվում է և մեկնում ռազմաճակատ: Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների, շատ շքանշաններ, մեդալներ ուներ: Ստալինգրադի մատույցներում, երբ շրջափակում և ձերբակալում են գերմանական բանակի քսանչորս գեներալի, այդ գործողության միակ հայ մասնակիցը հայրս էր: Գեորգի Ժուկովի կողմից պարգևատրվել է: Նրա զինվորական պարգևները պահվում էին Կուսապատի` Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանին կից գործող թանգարանում, ինչն էլ ավերվեց թուրքերի կողմից:

Առստամ պապս մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, հեծելազորային էր, արժանացել էր պարգևների: Նրա անցած մարտական ուղղու մասին առավել պերճախոս էր իր մարմինը, որի վրա այնքան շատ էին սվինների թողած հետքերը: Երկրորդ աշխարհամարտին, տարիքը հաշվի առնելով, չուղարկեցին առաջավոր գիծ և նա դարձավ թիկունքային, աշխատեց կոլտնտեսությունում` ռազմաճակատին օժանդակություն ցուցաբերելու համար: Ահա նման ընտանիքում եմ ծնվել, մեծացել: Տասնչորս տարեկան էի, երբ հայրս մահացավ, մեզ` չորս երեխաներիս, պահել, մեծացրել է պապս: Բոլորս էլ կարողացանք կրթություն ստանալ և մեր տեղը գտնել կյանքում:

– Շարժումը և Դուք:

– Առաջին հանրահավաքը Չայլուում` երիտասարդներիս դրդմամբ, երբ կայացավ, այն ղեկավարեց մեր ավագ գործընկերներից մեկը` դպրոցի նախկին ուսմասվար Ռուբեն Աբրահամյանը: Հիշում եմ նրա խոսքն ու արցունքները. <<Սա երազանք է, որ պիտի իրականանա, դուք երիտասարդ եք, բայց ես կոմունիստական կուսակցության թոհուբոհով եմ անցել և գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում խորհրդային պետությունը և ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը հայության հանդեպ: Մեծ լուծ եք վերցնում ձեզ վրա>>:

Սա դեռ 88 թվականին էր, թե ինչպես պիտի ծավալվեին հետագա գործողությունները, չգիտեինք, բայց մի բան հստակ էր, պետք է ունենայինք մի խումբ` հակահարված տալու: Շատ չանցած` տեղի ունեցավ Սումգայիթի ցեղասպանությունը: Դրանից հետո Չայլուի սովխոզի խոզաբուծական ֆերմայից գողություն կատարեցին թուրքերը: Ծիծաղելի է, քանզի նրանք խոզի միս չեն ուտում: Բայց կատարվել էր նաև ամենավատը. երկու անասնապահներին պատանդ տարան և փրկագին պահանջեցին: Դրանից էլ ելնելով` երիտասարդներս որոշեցինք ստեղծել պաշտպանության շտաբ: Չայլուն չնայած մեծ գյուղ էր, 4000 բնակիչ ուներ, բայց իրեն սահմանամերձ էր ավելի մեծ բնակավայր Միրբաշիրը, իսկ դրա հարևանությամբ` Բուրսալուն: Շտաբը ձևավորվեց, ես դարձա շտաբի անդամ: Սկզբում մեր ինքնապաշտպանությունը տարերայնորեն էինք կազմակերպում: Գյուղն էինք շրջափակել, փոխանակ դիրքավորվեինք Միրբաշիրի մատույցներում: Հետո թուրքերը կատարեցին հերթական անասնագողությունը: Տեսանք, որ մենք պետք է ունենանք որոշակի պաշտպանական հատված, որ յոթ կիլոմետր հեռու գտնվող Միրբաշիրից և հարակից այլ ադրբեջանական շրջաններից ներթափանցում չլինի: Բայց զենք չունեինք, ունեցածը մի երկու հրացան էր, դրանցով էինք պահակություն անում: Այսպես սկսվեց շարժումը…

-Առաջին մարտական գործողությունը …

– Թուրքերը մտնում են Մարաղա գյուղ և մեծ հարձակում սկսում Չայլուի վրա: Մինչ այդ հրթիռակոծում են մեր խրամատները, որոնք հողով լցվում են այն աստիճան, որ հայտնվում ենք բաց դաշտում: Այդ ժամանակ 15 ավտոմատով էինք զինված, որսորդական հրացաններով, ունեինք մեկ թնդանոթ, մեկ մարտական մեքենա: Մեր բախտը բերեց. ճանապարհն ականապատել էինք, և թուրքերի տանկը պայթեց ականի վրա: Կարողանում ենք մեր ունեցածով հակառակորդի հետևակը կանգնեցնել: Պատերազմի դաշտը, որը ես առաջին անգամ տեսա` հենց այդ օրն էր, Մարաղայի ողբերգության օրը: Հրաման ստացանք, որ մենք պիտի պահենք մեր դիրքերը և, իրոք, Չայլուի մեր ջոկատին հաջողվեց այդ անել: Կայուն կապ չկար, մենք չգիտեինք, թե մեր ձախ կողմում ինչպիսին է իրավիճակը: Պատերազմի ժամանակն ռադիոկապը մեծ դերակատարություն ունի: Մի բան հստակ էր, որ եղած զենքով մենք պիտի պահենք մեր դիրքերը: Հիշում եմ նաև մի պահ, որ ինձ կանչեցին ռադիոկապի մոտ և ասացին, որ Վլադիմիրն է եկել օգնության, որ Լեոնիդն է եկել, այլ ջոկատներ ևս և շուտով թուրքերին հետ ենք քշելու: Մեր աչքի առջև տեսնում էինք, որ եթե կրակոցները սկզբում Հասանղայա գյուղի մոտերքում էին, ապա հիմա հասել են Մարաղայի մերձակայքը, սա արդեն հուշում էր, որ թուրքերը նահանջում են:

Երբ Վլադիմիրը տեղեկացավ, որ Չայլուի ջոկատն այդ վատ իրավիճակում չի թողել իր դիրքերը, թշնամուց ավար մնացած թնդանոթը նվիրում է մեր ջոկատին: Մինչ այդ մենք թնդանոթ ունեինք, բայց երբ ասում էինք հերթափոխին` ինչո՞ւ չեք կրակում թուրքի վրա, ասում էր` հեռավորությունը որոշեք` կրակենք:Դպրոցից բերեցի մեծ փոխադրիչներ, ինքնաշեն սարքերով նաև հեռավորություն էի ուզում որոշել: Այդ ժամանակ ծննդով չայլվեցի` երևանաբնակ Աբրահամյանը եկավ: Փոխգնդապետը տեսավ, որ ուզում եմ իմ չափումներով հեռավորություն որոշել, հետաքրքրվեց, ասաց, որ հեռաչափ կա, բայց մենք դա էլ չունեինք: Հետո մտածեցի, որ հեռաչափն էլ մեզ նման մի մարդ է ստեղծել և մաթեմատիկական հաշվարկներով չափումներ կատարեցինք, կրակեցինք ու նշանակետին հասանք: Դրանից հետո նա ասաց, որ պետք է ինձ տեղափոխել հրետանային բաժին: Բայց ես առարկեցի` հրետանային գործին անծանոթ եմ: Ոչինչ, կսովորես, իսկ առաջին քայլերդ էլ հուսադրող են` ասաց նա:

92 թվականի մարտին էր դա: Եվ 92-ի սկզբից, արդեն ամեն օր, ընթանում էին մարտական գործողությունները, բայց ամենածանրը եղավ թշնամու հարձակումը Մարաղայի վրա: Շատ ծանր վիճակում էինք հայտնվել, բայց մեր ժողովրդի անկոտրում ոգին ես այդտեղ տեսա: Դիրքերը գյուղից ութ կիլոմետր հեռու էին, ոչ դիզվառելիք ունեինք, ոչ էլ տրանսպորտ, հոսանք նույնպես չկար: Մի ջրաղաց ունեինք, որն ալյուր էր հասցնում գյուղի բնակիչներին: Ամեն օր գյուղի տարեցները ութ կիլոմետր ճանապարհը կտրում էին ու գալիս մեր խրամատները լցված հողը հանում, հետո նորից սկսվում էր հրետակոծությունը, նորից մեր խրամատները լցվում էին հողով և նորից տարեց չայլվեցիները գալիս էին մեզ օգնության: Այսպիսին էր ժողովրդի ոգին…

Մեր գումարտակը 490 հոգանոց էր, երկու թնդանոթ ունեինք, երկու մարտական մեքենա, զենքով ապահովված էինք, և ասեմ նաև, որ Չայլուի ջոկատը ամենավերջինն է թողել դիրքերը:

– Ե՞րբ ընկավ Չայլուն:

– 1992 թվականի հունիսի 16-ին, հունիսի 7-ին ես վիրավորվել եմ, 8-ին վիրավորվել է հորեղբորս որդին` Ռոբերտը, ով իմ հաշվարկի կազմում էր, պայթեցնում են իմ թնդանոթը և նա ծանր վիրավորվում է: Դա Վլադիմիրի զոհվելու օրն էր, երբ հորեղբորս որդին վիրավորվեց, Վլադիմիրն ինքը նրան հանեց մարտադաշտից` իր մեքենայով, բայց չանցած կես ժամ` ինքը զոհվեց: Ես 18 օր մնացի հոսպիտալում: Այդ ժամանակ թուրքերը գրավել էին Թալիշը, մտել Մատաղիս, բայց Չայլուն դեռ կանգուն էր: Մեր գումարտակը եղել է բավականին հզոր, մարտունակ:

– Պարոն Խաչատրյան, պատերազմը 92-ին թեժացավ ու նաև այդ ժամանակ կազմավորվեց մեր բանակը: Ազատագրական պատերազմն առավել դժվար էր, քան` նահանջը: Այդ ժամանակ արդեն այլ փուլ սկսվեց Ձեր զինվորական կենսագրության մեջ:

– Երբ ես 18 օրից հետո վերադարձա հոսպիտալից, Գառնիկ Իսրայելյանը շրջանի հրետանու պետն էր: Կարճ ժամկետում ես նորից մտա հրետանավորների շարքերը, տեսա ինչպես է մարտկոցի կազմում իրականացվում <<գրադ>>կայանի կառավարումը և ինձ նշանակեցին մարտկոցի հրամանատար: Դեռևս կազմավորված չէր մեր բանակը և Մարտակերտի անկումից հետո էր դա, նույնիսկ ստույգ հիշում եմ` հուլիսի 18-ին:

– Որտե՞ղ էին թուրքերն այդ ժամանակ:

– Այդ ժամանակ մեր հրետանին Մեհմանայի կողմերում էր, իսկ հետո հրետանին տեղափոխվել է Կիչան գյուղի գերեզմանոցի` ձախ և Առաջաձորի ֆերմայի վերևի մասերը: Բնականաբար, հրետանին պետք է ավելի հեռու տեղակայված լինի ճակատային գծից, որ կարողանա նշանակետին խփել: Իսկ մեր դիրքերն արդեն Չլդրանում էին, հետագայում թուրքերը գրավեցին այն, Մեհմանան, նույնիսկ Կիչանը: Այդ ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի գումարտակը գտնվում էր հյուսիս-արևելյան հատվածում` Ղազանչիի և Բաշ Գյունեփայայի դիրքերում: Օրհասական պահ էր, այդ գիշեր ոչ մեկս չենք քնել: Ժիրոյի գումարտակի տղաները չհամաձայնեցին նահանջել և մնացին շրջափակման մեջ: Ամբողջ գիշեր մտածում էինք հնար գտնել նրանց շրջափակումից հանելու համար: Բացի այդ, մտածում էինք` եթե թուրքը հասավ Խաչենի կամուրջ, ապա ամբողջ Խաչենի ենթաշրջանը կհայտնվի թշնամու ձեռքում: Մեր գնդի ամբողջ թիկունքային մասը, շտաբը, գտնվում էին Առաջաձորում, Վանքի գումարտակը գտնվում էր գյուղում: Մեր բոլոր ուժերը կենտրոնացրինք, անգամ թնդանոթ տեղադրեցինք Ուլուբաբի բարձունքում և, բարեբախտաբար, առանց զոհի Կիչանն ազատագրեցինք: Ճիշտ է, Կիչանն ամբողջովին ավերվեց, ինչպես ասում են` քարը քարի վրա չմնաց, դրանում նաև մենք էինք <<մեղավոր>> քանզի ամենակարևորը կենդանի ուժը փրկելն էր, իսկ շինությունները նորից կհառնեն, իրավամբ, այսպես էինք մտածում: Այդ ժամանակ ես արդեն դիվիզիոնի հրամանատար էի, մարտկոցները միավորվեցին, հիշում եմ` Առաջաձորի տեղամասի հրետանու հրամանատարն էր Արթուր Մնացականյանը և միավորվելուց հետո էլ իրեն նշանակեցինք դիվիզիոնի շտաբի պետ:

– Մարտակերտն ընկավ, բայց մինչև մեկ տարի վերադարձանք:

– 1993 թվականի հունիսի 28-ին ազատագրվեց, համարյա մեկ տարի մնաց գերության մեջ: Անմոռաց մի դեպք պիտի պատմեմ. Ժորա Գասպարյանը հրամայեց, որ թնդանոթները Խաչենի կամուրջն անցկացնենք, եկանք` կամրջին կանգնեցինք և բոլորս էլ արտասվում էինք. այս ո՞ւր ենք գնում, մեզ համար անհասկանալի էր, հուսալքված էինք: Սեյդիշեն և Խնձրիստան գյուղերի մոտակայքում տեղադրեցինք թնդանոթները, որ կարողանանք կրակն ապահովել: Բայց այդ գիշեր, երբ հրամկազմը հավաքվեց` նորից ոգևորվեցինք, տեսանք, որ հուսալքվելու իրավունք չունենք, մարտական ոգին վերստին վերելք ապրեց, խուճապն իսպառ վերացավ: Միայն այդ պահին էր, որ մեզ մոտ նման տրամադրություն էր առաջացել:

– Դրան նպաստել էր նաև գաղթականների հոսքը` վհատեցնող…

– Մեր աչքի առաջ էր մեր բնակչության գաղթը` սայլերը բեռնած, ով ինչպես կարող էր իր երեխաներին ուզում էր փրկել, և դա բնական էր, իհարկե, այդ ամենը շատ էր ճնշում մեր հոգին, բայց նաև այդ ամենից մեր ապրած ցասումը մեզ ավելի էր մարտական ոգի ներարկում: Պետք է վրեժխնդիր լինել թշնամուց, այսինքն` ազատագրել քո տունը, քո երկիրը: Կոնկրետ իմ օրինակով ասեմ, ինչպես եմ իմ ընտանիքը Չայլուից հանել. երկու փոքրիկ երեխայիս և կնոջս ինքնաթափ մեքենայի մեջ մի կերպ տեղավորել ենք և նույնիսկ հնարավորություն չունեինք մեր ունեցվածքից որևէ բան վերցնել: Այդ օրը հազարից ավելի արկեր են ընկել գյուղի վրա: Մենք ավելի ապահով էինք դիրքերում, քան գյուղի բնակիչները: Լավ տուն էի կառուցել Չայլուում, լավ էինք ապրում, ստիպված էինք ամեն ինչ թողնել: Երբ քո օջախն է վտանգված, երբ քո տունն է ավերվում, դու թշնամու նկատմամբ լցվում ես ատելությամբ: Անհրաժեշտություն չկա անգամ ատելություն սերմանելու համար, հենց թշնամու անհաջողությունն սկիզբ առավ մեր ահագնացող ատելությունից: Մեր պապերն ասել էին, չենք ասում, թե չգիտեինք ազերիների վայրագությունների մասին, և մեր վերաբերմունքը պետք է լիներ նրանց արարքներին համարժեք: Իմ առանձնատունն իմ ձեռքերով էի շինել, 28 տարեկան էի, երկու երեխա ունեի, լավ աշխատանք, և հանկարծ այդ ամենն ազերին ավերի, ու ես հանդուրժե՞մ…

Եվ Ժիրայր Սեֆիլյանի գումարտակի տղաների կեցվածքից առավել ոգևորվեցինք, որովհետև նրանք հրաժարվեցին թողնել դիրքերը և նահանջել: Այնտեղ չէր հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանել է հրամանատարի տեղակալ Պետրոս Ղևոնդյանը: Սա միակ հրամանն է, որ մենք հրաժարվում ենք կատարել` ասել է նա: Եվ իրենք մնացին աներեր իրենց դիրքերում և հետագա որոշ գործողություններ պայմանավորվեցին այդ հանգամանքով:

-Այդ ժամանակաշրջանն արցախյան գոյապայքարում շատ բեկումնային եղավ` և կորուստների, և վճռական որոշումներ կայացնելու առումով:

– Այդ ժամանակը, ճիշտն ասած, բազմակարծիք էր, բայց Ժիրոյի գումարտակի տղաների հետ կապված այս դեպքը մեզ ստիպեց դառնալ միակարծիք:

– Դրանից հետո սկսվեց վերադարձը:

– Դրանից հետո, երբ թշնամուն կանգնեցրինք, սկսվեց դիրքային պատերազմը: Ճիշտ է, հարձակումներ կային և չնայած Հայադ գյուղի վերևի Ճիլոտ տեղամասում թուրքն էր, մերոնք ստորոտում էին, կարողացանք Կիչանով, Ղազանչիով, Բաշ Գյունեփայայով, հակառակորդին կանգնեցնել: Դրանից հետո բանակի կայացման գործընթացն էր, պատերազմը չի դադարել, եղել է դիրքային պատերազմ:

– Դուք պատերազմը շարունակել եք որպես հրետանավոր:

– Այո, եղել եմ դիվիզիոնի հրամանատար, մասնակցել եմ մարտական բոլոր գործողություններին, անգամ հետախուզության եմ գնացել, դիվիզիոնում 21 հոգանոց հետախուզական խումբ կար, հրաշալի տղաներ էին, ոչ միայն հրետանու հետախուզությունն էին անցկացնում, այլև օգնում էին նաև Նորայր Դանիելյանին: Մասնակցել եմ բոլոր գործողություններին` որպես հրամանատար: Կրակային դիրքերում գտնվում էին շտաբի պետը և մարտկոցի ավագ սպան, մնացածներս հետևակի հետ գտնվում էինք հետախուզության մեջ կամ առաջին գծում: Ես, որ առաջին գծում էի միշտ, քանզի հնարավոր չէ, որ հրամանատարը զինվորին մարտադաշտ ուղարկի, իսկ ինքը չգնա: Ու, այսպես, մեր հրետանին ձևավորվեց, այնուհետև ինձ նշանակում են հրետանու պետ:

Հուլիսի 23-ին Լևոնարխ գյուղում էինք, երբ Աղդամի ազատագրական ռազմագործողությունն սկսվում է, հակառակորդը հարձակվում է մեր դիրքերի վրա, մերոնք նահանջում են, մենք գնում ենք ականանետային դիվիզիոնի հրամանատար Սուրեն Անտոնյանի հետ միասին, որ դիրքերը վերականգնենք և հրետանային կրակով հակառակորդին հետ շպրտենք, հենց այդտեղ էլ ես վիրավորվում եմ և … աչքերս բացում` Երևանում: Մի միտք ինձ հանգիստ չէր տալիս, որ ես այլևս չեմ կարող վերադառնալ բանակ: Հետո ինձ առաջարկեցին հրետանու վարչության շտաբի պետի պաշտոնը: 1994-ին անցնում եմ այդ աշխատանքին, 1996-ին ինձ տեղափոխում են խառը հրետանային գնդի հրամանատար, 99-ին` հրետանու վարչության պետ:

– Ձեր զինվորական կենսագրությունը մինչև ո՞ր թվականն է շարունակվել:

– Մինչև 2007 թվականի սեպտեմբերի 24-ը:

– Ունեք գեներալ-մայորի զինվորական կոչում: Որքանո՞վ մոտ են իրար գեներալի և շարքային զինվորի զգացողությունները, չէ՞ որ դուք պատերազմը սկսել եք որպես զինվոր:

– Կարծում եմ մարդու ոգին պիտի մնա զինվոր, որովհետև զինվորն է ամենաբարձր արժեքն ու ամենաբարձր կոչումը: Երբ եմ ես դա զգացել: Ընդամենը տասնինը տարեկան էի, սովորում էի Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, կապ ունեի երևանյան բուհերի ուսանողների հետ, և նրանք մեզ ուղարկում են Հովհաննես Շիրազի անտիպ բանաստեղծություններից, Սերո Խանզադյանի  <<Խոսեք, Հայաստանի լեռներ>>  գիրքը:

Բանաստեղծը դա գրել է Անդրանիկ զորավարի մահվանից տարիներ հետո և ֆիդայական ջոկատների հրամանատար Անդրանիկին է դիմել, զինվորին է դիմել: Եվ մեր պատմության դառը էջերը վկայում են, որ մեզ պատուհասած արհարվիքները հենց զինվորի պակասից էին: Հայրենիք ենք կորցրել, եղեռն ապրել, որովհետև զինվոր չենք ունեցել: Կրկնում եմ, ինձ համար, ամենաբարձր արժեքը զինվորն է: Անգամ մեր անկախության ամենաբարձր գրավականը ես համարում եմ այն, որ վերջապես մենք ձեռք բերեցինք այդ արժեքը: Եվ մեր զինվորը հպարտ կանգնած է մեր սահմաններում, ի լուր աշխարհի հայտարարում է, որ այս երկրի տերն ինքն է: