Հիշենք և մեծարենք

Կովկասյան տարածաշրջանն ազգամիջյան համաշխարհային եռացող կաթսա է: Ինչու այս հարցի պատասխանները բազմաբնույթ են ու բազմատեսակ: Իբրև ազգ մեզ այս հողակտորն է բաժին հասել որպես հայրենիք: Մենք հավատացել ենք, որ կատարյալին հասնելու ճանապարհն անցնում է դեպի մարդը տանող ճանապարհով: Եվ հավատացել ենք մարդուն, իսկ այդ նույն մարդը զենք է վերցրել քշել մեզ մեր տնից,  խոշտանգել է մեր մայրերին ու քույրերին, աքսորի ճամփին մորթել մեր պապերին  ու մանկահասակ երեխաներին, միայն նրա համար, որ նրանք հայի արյունն են կրել իրենց երակներում: Սակայն լցվեց համբերության բաժակը և 88–ին մի բռունցք դարձած արցախցիները ստեղծեցին  կամավորական ջոկատներ, ինքնաշեն զենքերով մարդիկ լեռները բարձրացան, որն իրենց գյուղը, որը  քաղաքը պաշտպանելու, դրանով հաղթեցինք: Ժողովրդի կամքը հաղթեց, հաղթեց բռնությանն ու անարդարությանը ոչ ասելու վճռականությունը:Արցախյան գոյապայքարի նվիրյալներից է Կամո Հայրապետյանը: 1988թ.-ից սկսած կամովին մասնակցել է ազգային-ազատագրական մարտերին: Նա համոզված էր, որ միայն զենքով կլուծվի Արցախի ազատության խնդիրը: Քաջորդին քաջ գիտակցում էր, որ ազատությունը զենքով են նվաճում, իսկ հողը՝ արյամբ պաշտպանում: Մարտական ընկերների վկայությամբ ՝ Կամոն շատ լավ է տիրապետել զինվորական գործին: Նա նաև ընկերասեր էր, համարձակ, իրեն տրված բոլոր հանձնարարությունները կատարում էր արժանապատվորեն:

Նա իր կյանքով հավաստեց, որ ինքը սերում է  Վարդանանց զարմից: <<Կամոն  կռվում էր աննկուն ու աննահանջ… Հերոսաբար ընկավ, ինչպես վայել է հայրենիքի իսկական զավակին>>,- վկայում է մարտական ընկերը:

Կամո Հայրապետյանը ծնվել է 1959թ. Հոկտեմբերի 19-ին Ալի Բայրամլի քաղաքում:Տեղի միջնակարգն ավարտելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտ: Ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է  Ղարմետաքսկոմբինատում ՝ որպես վարորդ: Արցախյան շարժման սկզբից տեղափոխվել է հայրենի Ակնաղբյուր, կամավորագրվել գյուղի մարտական ջոկատին, այնուհետև հրետանային զորամասում: Մասնակցել է Շուշիի և Լաչինի ազատագրական մարտերին: Զոհվել է 1994թ. Մարտի 18-ին, Օմարում: Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանով պարգևատրվել է << Արիության համար>> մեդալով:

1994 թվական: Հաղթանակի մոտալուտ գարունն էր Արցախում: Ազերիները ՝ զգալով պարտության շունչը և չհաշտվելով այդ մտքի հետ, վերջին ճիգերն էին գործի դնում: Մարտակերտի պաշտպանական դիրքերում մարտերը բորբոքվում էին: Ազատամարտիկները կռվում էին ՝ չխնայելով արյան վերջին կաթիլը: Այստեղ էլ նահատակվում է ազատամարտիկ Կամո Հայրապետյանը: Հերոսի հարազատները չեն հավատում, որ նա չկա : ՉԷ՞ որ մարտի գնալիս ասել  էր .<<Պինդ մնացեք, ես կգամ, հաղթանակով կգամ>>…