Հայրենասեր հետնորդների վարքագիծը

Խոնարհվում եմ նրանց առաջ,որ պատերազմ գնացին:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փառավոր հաղթեցին:

Խոնարհվում եմ նրանց առաջ,որ վիրավոր ետ դարձան:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ այլևս չդարձան…

                                                                                                          Հ. Սահյան

Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների, հերոսների մասին դեռ շատ է խոսվելու ու գրվելու: Վերջերս հանդիպեցի Ստեփանակերտի N2 դպրոցի աշակերտների հետ և մի քանի հարցերի պատասխաններ իմանալու ակնկալիքով զրուցեցի նրանց հետ:  6-րդ ա դասարանի աշակերտուհի Էլեն  Ալլահվերդյանի  խոսքով՝ դպրոցի հայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակի վրա է: Կրթօջախի թվով 9 շրջանավարտներ  պատերազմից  չեն վերադարձել, նրանց մասին առ այսօր ոչ մի լուր չկա:

Սպարտակ Գրիգորյան, Բենյամին Այվազյան, Վարդան Մարտիրոսյան, Անդրանիկ Սարգսյան, Արմեն Սարգսյան, Վալերի Գաբրիելյան, Ալեքսանդր Ավագիմյան, Էդվարդ Ավթանդելյան, Էդվարդ Դանիելյան:

Դպրոցում արդեն 2-րդ տարին է ինչ գործում է «Անհայտ կորած ազատամարտիկների անվան դասարան»: Աշակերտները սովորելով Աշոտ Ղուլյանի անունը կրող դպրոցում, առանձնակի ակնածանք են տածում թե ՛զոհված, թե անհայտ կորած, թե՛ կենդանի ազատամարտիկների նկատմամբ: Ամուր է կապը հասարակական կազմակերպությունների հետ: Ապացույցը՝ աշակերտների կատարած այցելություններն են  անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ:  «Մենք՝ աշակերտներս, դասղեկ Լ. Արզանգուլյանի,  տիկին Վերա Գրիգորյանի և ծնողկոմիտեի անդամների հետ այցելություն կատարեցինք  անհայտ կորած ազատամարտիկ Էդվարդի տուն, որտեղ մեզ ջերմ դիմավորեց Էդվարդի հարս`Զարինեն: Ցավոք, Էդվարդի կինը` Անահիտը այդ պահին Ռուսաստանում  էր, մենք մեր սրտի ջերմ խոսքերը և նվերները  հանձնեցինք այդ հրաշալի ընտանիքին:Էդվարդը այսօր ունի 2 հիանալի թոռնիկ»,- հիացմունքով պատմում են աշակերտները: Թոռնիկները պապիկին ճանաչում են ծանոթ բարեկամների պատմածներից  …

Աշակերտները  եղան նաև Վարդան Մարտիրոսյանի օջախում:

«Մեզ ջերմ դիմավորեցին Վարդանի կինը`տիկին Ռոմելան իր հարսիկ` Ստելլայի հետ:Վարդանի օջախում ծնվեց փոքրիկ Վարդանը :

Տիկին Ռոմելայի հետ զրույցից հասկացանք, որ մինչև թոռնիկի ծնվելը նրա կյանքը անիմաստ  էր: Երբ Վարդանը գնաց պատերազմ նրա որդին`Դավիթը  6 ամսական էր:Տարիներ են անցել… Տիկին Ռոմելան փորձում է շտկել մեջքը և նոր ուժ գտնել թոռան հետ:

Մտնելով ներս ես հայացքս գցեցի Վարդանի նկարի վրա, նա մեզ դիմավորեց իր անշարժ հայացքով, պահի տակ փշաքաղվեցի, ինձ թվում էր, որ Վարդանը ինչ որ տեղ նեղության մեջ է և նա կգա անպայման կգա… Մենք մեր սրտի խոսքերն ասեցինք Վարդանի ծննդյան օրվա կապակցությամբ, երգեցինք,շնորհավորեցինք,  հանձնեցինք նվերը ,տիկին Ռոմելան մեզ լավ հյուրասիրեց»,- պատմում է Էլենը: Իր սրտի խոսքն ասաց նաև այդ վիշտը տեսած տիկին Վերան, որը կորցրել է իր Սպարտակին: Նա բոլորի պես հույսով սպասում է որդու վերադարձին:

Մենք միշտ հիշել և հիշելու ենք մեր ազգի նվիրյալներին.

Ստեփանակերտի լեգենդար հերոս Աշոտ Ղուլյանի անվան դպրոցում այսպիսի հանդիպումներ, այցելություններ, հուշ-ցերեկույթներ հաճախակի են կազմակերպվում: Նպատակը մեկն է՝  սերմանել հայրենասիրություն  ու նաև գնահատել նրանց, ովքեր իրենց գործունեությամբ ապահովել են մեր այսօրվա խաղաղությունը: Աշակերտներից  յուրաքանչյուրը քաջ գիտակցում է,  որ լավ սովորելն ու հերոսների հիշատակը վառ պահելը ևս հայրենասիրություն է, և ոչ միայն,  նրանք հիշում և խոնարհվում  են նաև նրանց առաջ, ովքեր մարտի գնացին, բայց չվերադարձան, մնացին անշիրիմ…