Արցախյան պատերազմի մասնակիցների խնդիրները պետության և հասարակության ուշադրության կենտրոնում

Արցախյան գոյապայքարը մեր ժողովրդին տվեց ոչ միայն ազատություն, այլև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք և հնարավորություն: Այն մեր հոգեաշխարհից իսպառ ջնջեց ստրուկի հոգեբանությունը և կերտեց ուժեղ հայի կերպար, որը օժտված է հաղթողի, անզիջում կռվողի ու պայքարողի հոգեբանությամբ: Դա ազգային այնպիսի արժեք է, որ ձեռք է բերվել մեր նվիրյալ ազատամարտիկների արյան գնով, միասնական պայքարի շնորհիվ: Եվ այսօր թեև պատերազմն անցյալից է նայում մեզ, այն դեռևս շարունակվում է մեր վիրավոր ազատամարտիկների սպիներում, անդարձ կորուստների, ցավի մրմուռներում, մարդկային հարաբերություններում և առօրյա կյանքում: Պատերազմի պատճառած ցավը չի անցյալանում: Եվ քիչ է ասել, թե պետության և հասարակության ուշադրության կենտրոնում են գտնվում Արցախյան պատերազմի մասնակիցների խնդիրները: Մեծ ջանքերի շնորհիվ աստիճանաբար լուծվելով այդ հիմնախնդիրները` կասեցվում են կյանքի փոքր ու մեծ հարվածները: Հասարակությունն ըմբռնում է, որ առանց այդ ցավոտ խնդիրների լուծման չի կարող նոր տեղաշարժեր կատարել` ի նպաստ կյանքի ապագա բարգավաճման: Պատերազմի հետևանքների ազդեցությունը դեռևս մնում է, չի վերացել ամբողջաբար: Գոյապայքարը շարունակվում է (դա բնական է) մեր կյանքի բոլոր բնագավառներում: Մեր առջև ծառացող դժվարությունները հաղթահարվում են միայն միասնական ուժով: Այդպես միայն կարող ենք պահպանել Հաղթողի հոգեբանությունը: Այդպե՛ս միայն կարող ենք պահպանել այն արժեքները, որ մենք ձեռք ենք բերել Արցախյան պատերազմում, երկարատև ու համառ մարտերում: Պահպանե՛լ մեր անսասանությունն ու անպարտելիությունը:

Մենք չունենք<<գրավյալ>> տարածքներ, այլ ունենք ազատագրված հայրենական տարածքներ, որոնք կրում են հայկական մշակույթի վառ ու բացահայտ հետքերը: Այդ հետքերը, որ եկեղեցիներ են, խաչքարեր, ճարտարապետական բացառիկ նմուշներ, թշնամին չկարողացավ տասնամյակների ընթացքում ջնջել ու ոչնչացնել, փորձեց մեր մշակույթը յուրացնելու ճանապարհով տիրանալ մեր հայրենական հողերին:

Սակայն Արցախյան համազգային շարժումը կանխեց ու հնարավորություն չտվեց իրագործելու հերթական բարբարոսական ծրագիրը:  Եվ մեր ժողովուրդը պարտադրված պատերազմում հաղթելով՝ ամրագրեց սեփական ճակատագիրը տնօրինելու իր իրավունքը: Իսկ արյամբ ազատագրված հողը սրբություն է և սրբատեղի, որտեղ սերունդների ոգին է կոփվում ու շարունակում պայքարի ու գոյատևման նորանոր լիցքեր ստանալ մեր նախնիների թողած ավանդույթներից: Մենք հաղթեցինք անհավասար պատերազմում՝ ամրապնդելով մեր իսկ արժեքներով ապրելու ազատությունը: Շնորհիվ մեր ժողովրդի միասնական կամքի՝ ոսոխը ետ շպրտվեց և … ստորագրեց կրակի դադարեցման պայմանագիրը: Մեր բանակը կանգ առավ, չշարունակեց իր հաղթական ընթացքը… պարտված ու խուճապահար թշնամու դիմաց: Դա մեր ժողովրդի կատարած ամենամեծ զիջումն էր, բարի կամքի արտահայտությունը: Այլևս մենք ոչինչ չունենք զիջելու: Հողը հագուստ չէ, որ փոխանակենք: Հողը հայրենիք է, իսկ <<հայրենիքը կորցնելուց հետո` այլևս ոչինչ չենք ունենա կորցնելու>>:

Մեր բանակի հզորության և մարտունակության շնորհիվ է միայն, որ պահպանվում է զինադադարը, այս<<ոչ պատերազմ, ոչ խաղաղություն>>իրավիճակը, որը միաժամանակ հնարավորություն է տալիս, որ մեր ժողովուրդն այսօր զբաղվի խաղաղ, ստեղծագործական աշխատանքով, կառուցի եկեղեցիներ ու դպրոցներ, զբաղվի սերունդների կրթության ու դաստիարակության գործով, բարեկարգի ճանապարհները: Ժողովուրդն այսօր գիտակցում է, որ սեփական ուժերով ամրապնդելով իր ներկան` անխոցելի է դարձնում ապագան: Ճշմարիտ է ասված .<<Հավատն ու գործելու կամքն է, որ բանակը կարող են տանել հզորացման ու նորանոր հաղթանակների, երկիրը դարձնել անխոցելի, ժողովուրդը` ազատ ու հպարտ>>: Պատերազմում հաղթած երկրի քաղաքացին, բնականաբար, պետք է ապրի հպարտ ու ազատ և լինի անխոցելի: Արցախյան պատերազմի մասնակիցները այն առաքյալներն են, որոնք ինքնակամ զենք վերցնելով և փրկելով երկիրը թշնամու համառ ու երկարատև հարձակումներից, փրկել են մարդկային երջանկությունն ու հպարտությունը, ազատ ապրելու ու գործելու հնարավորությունը, ապահովել ժողովրդի խաղաղ, ստեղծագործական ներկան և հեռանկարներ բացել գալիք սերունդների համար: Ազատամարտի մասնակիցները համառ պայքարով ու նվիրվածությամբ փրկել են հող-հայրենին` ներշնչվելով ու ոգևորվելով Նիկոլ Դումանի, Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Գևորգ Չաուշի կերպարներով: Պատմության և հիշողության շղթան երբեք չի կտրտվում` տասնամյակներ տևած կարմիր բռնատիրությամբ, մեր ոգուն անհարիր օտարածին բարքերով: Այն, ի վերջո, լրացվում ու շարունակվում է նոր օղակներով, որոնցով ամրապնդվում ու կենսունակ են դառնում սերունդների կապն ու հաղորդակցությունը:<<Հայրենասիրությունը վարք է, և մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը>>. նժդեհյան  այս խոսքերն այսօր էլ ժամանակահունչ են և ազդեցիկ, որովհետև այդ խոսքերը բխում են մեր ազգային ոգու ակունքներից: Արցախյան գոյապայքարի մասնակիցները պարտադրված պատերազմում կռելով արժանապատիվ հաղթանակ, իրենց սխրագործություններով և ցուցաբերած բացառիկ արիությամբ գրեցին մեր պատմության հերոսական և մնայուն էջերը, որոնք խորհրդանշում են ազգանվեր պայքար ու սխրագործություն և հանդիսանում ներկա ու ապագա սերունդների համար ռազմահայրենասիրական դաստիարակության դարբնոց: Մեր կողքին են մեր հերոսները: Եվ համոզված եմ, որ միայն սեփական ուժերին հենվելով, կարող ենք նվաճել բարձունքներ, մեր կյանքով, փորձով ու ոգու կորովով ամրագրելով ազգային արժեքներով ապրելու ազատությունը: Հիշելով և մեծարելով մեր զոհված  ազատամարտիկներին` մենք միայն հոգու պարտք չենք կատարում: Ինչպես նշում է ռուս բանաստեծը`<< Դա նրանց պետք չէ, դա ապրողներին շա՜տ է հարկավոր>>: Մենք մեր հերոսներին հիշում և մեծարում ենք նաև նրա համար, որպեսզի չզրկվենք լիարժեք կյանքով ու հպարտությամբ ապրելու հնարավորությունից:

Այսօր ոչ միայն պետության, այլև հասարակության ուշադրության կենտրոնում են գտնվում Արցախյան պատերազմի մասնակիցների խնդիրները: Հասարակությունն ինքն իրեն շտկում է, բուժում վերքերը, լրացնում կիսատն ու թերին, փորձում վերականգնել միասնաբար գործելու և դժվարություններն հաղթահարելու այն բացառիկ ունակությունները, որ լավագույն կերպով դրսևորվեցին Արցախյան շարժման և պատերազմի տարիներին: Այդ հերոսական ոգու կրողները` Արցախյան պատերազմի մասնակիցները այսօր էլ շարունակում են նշանակալի դեր խաղալ կյանքում, որոշակի ներդրում ունենալ նաև բանակաշինության գործում: Նրանց կերպարներով դաստիարակվում և ոգեշնչվում է երիտասարդ սերունդը` արիության դասերից քաղելով ոգու կորով և նպատակասլացություն:

Պետության և հասարակության աջակցությամբ հաշմանդամ ազատամարտիկները փորձում են իրենց կյանքն ապրել ավելի լիարժեքորեն: Գոյապայքարի հիշողությունը հավատի և ոգու խորքերից ապաքինում է ժամանակի վերքերը, սովորեցնում` տոկալ ու դիմանալ…

Հող-հայրենին ազատագրողը շարունակում է կերտել Երկրի ներկան` իր ամենօրյա գործողություններում արտահայտելով հայոց ճակատագրին տեր կանգնելու վճռականությունը: Պատերազմը դեռ շարունակվում է սպիներում և հետքերում: Խաղաղությունն այսօր քան երբևէ իմաստավորվում է հիշողության սրտատրոփով, հիշատակի լույսով և անմահության ելևէջներով: Հուշակոթողները դառնում են սրբատեղի, որտեղ մեր մայրերի և քույրերի աղոթքն է բացում սփոփանքի նորանոր դռներ: Զոհված ազատամարտիկների պատվին կանգնեցված հուշարձանները խորհրդանշում են պայքար ու սխրագործություն:

Պետության և հասարակության ուշադրության կենտրոնում են գտնվում Արցախյան գոյամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խնդիրներն ու հոգսերը:

Զոհված ազատամարտիկների հարազատների միությունը մեծ աշխատանք է կատարում Արցախյան գոյամարտի բոլոր զոհերի հիշատակը հավերժացնելու համար և դարերին է ավանդում նրանց սխրագործությունների և հաղթական ոգու պատմությունը: Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը փորձում է <<մարդկության ուշադրությունը բևեռել<<գերություն>> կոչվող խոցի և համատեղ ջանքերով դրա բուժման հրատապ խնդրի վրա>>:

Զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաթանգարանները ոչ միայն ցավի ու կորստի, այլև մաքառումների պատմությունն են արձանագրում ժամանակի մատյանում, որը ներկա և ապագա սերունդների սրտերում ցանում է հայրենասիրության սերմեր: Թանգարաններ, որտեղ սրբությամբ են պահվում ազատամարտի մասնակիցների կենսագրական տվյալները, փաստաթղթերն ու իրերը, տոկունության ու սպասումի զգացողություններ են արթնացնում, միավորում կոտրված սրտերի նորահույս թրթիռներն ու հավատի բռնկուն կայծերը: Ցավն այս պայքարի ոգի է, որ երբեք չի մեռնում, ցավն այս մաքառումների ճանապարհ է, հույս ու ընդվզում:

Հուշաթանգարաններում հաճախակի են կազմակերպվում <<Արիության դասեր>>, հանդիպումներ զինծառայողների և աշակերտների հետ: Այդ միջոցառումները սերունդներին հաղորդում են մաքառումի և տոկունության դասեր, նրանց հաղորդակից դարձնում Ոգու բարձրագույն թռիչքին, սխրանքների և հերոսության դրվագներին:

Բոլորս գիտակցում ենք, որ այսօրվա երիտասարդի մեջ պետք է տեսնել վաղվա հայրենյաց պաշտպանին, որը պետք է լինի համարձակ, արի, պատրաստ անձնազոհության: Նրա մեջ մշտական պիտի բաբախի մեր նախնիների անպարտելի ոգին, անընդհատ զորեղանա հոգևոր հայրենիքը` իր անհատնելի ժառանգությամբ.

Արցախան պատերազմի մասնակիցներն իրենց ներկայությամբ իմաստավորո՜ւմ են ժամանակաշրջանը, իրենց ոգու կորովն ու ջերմությունը հաղորդում երիտասարդներին, դառնում ոգևորության աղբյուր, անձնվեր գործունեության ու նվիրվածության խորհրդանիշ: Նրանք հիմա, ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, իրենց վճռորոշ և նպատակամետ մասնակցությունն են ունենում երկրի զարգացման գործընթացներում` ցուցաբերելով կամք ու նվիրվածություն: Ըմբռնումով են վերաբերվում Հանրապետությունում ընթացող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, գիտակցում, որ հասարակական կյանքի առողջ ու կենարար մթնոլորտն ի վիճակի է դրականորեն նպաստել բանակի ու պետության զարգացմանն ու հզորացմանը:

Ազատամարտի մասնակիցն ըմբռնում է, որ առկա սոցիալ-տնտեսական դժվարությունները անհրաժեշտ է հաղթահարել միասնական ուժով: Հայտնի փաստ է, որ ներկայիս խաղաղության պահպանման երաշխավորը Պաշտպանության բանակն է, որը ոչ միայն անընդհատ զարգացող ու կատարելագործվող մի ամբողջական ուժ է, այլև Հայրենիքի ոգու պահապանն ու արտահայտիչը: Այսօր ավելի ու ավելի է կարևորվում հզոր ու մարտունակ բանակի գոյությունը, երկրի սահմանը պահպանող զինվորի դերը: Նշանակալի դերակատարություն ունեն նաև բանակի և հասարակության միջև մշտական գործող փոխհամագործակցությունն ու փոխօգնությունը: Եվ այդ տեսադաշտում ավելի է ընդգծվում ու կարևորվում Արցախյան պատերազմի մասնակիցների բացառիկ դերը` ինչպես երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության առումով, այնպես էլ հոգևոր և մշակութային արժեքների պահպանման ու զարգացման գործում: Այն ամուր հավատն ու վստահությունը սեփական ուժի նկատմամբ, որ Ազատամարտի մասնակիցները ձեռք են բերել Հայրենիքի ազատության համար մղված համառ մարտերում, կարևոր արժեքներ են, որոնք ապահովելով ռազմական  հաղթանակը, միտված են բարեկարգելու նաև իրական կյանքը, ամրապնդելու կապը սերունդների միջև: Ազատամարտիկները հիմա էլ ձգտում են ապրել… արժանապատիվ ու լիարժեք կյանքով, որպեսզի անսասան մնա Հաղթողի ոգին: Նրանց սատարում է պետությունը: Նրանց սատարում է հասարակությունը: Հաշմանդամ ազատամատիկները կորցնելով ամենաթանկը` առողջությունը, չեն կորցրել հաղթողի ոգին:

Նրանք մշտապես հոգատարության և աջակցության կարիքն ունեն:

 Արցախի ազատամարտիկների միությունը լինելով Արցախյան  պատերազմի մասնակիցներին համախմբող ուժ, ծառայում է մեր պետության ամրապնդման և հզորացման շահերին: Միությունը ամուր կանգնած է ազատամարտիկների սոցիալական և իրավական պաշտպանության դիրքերում: Ուշադիր է երեկվա պատերազմի յուրաքանչյուր մասնակցի հանդեպ և ամեն կերպ ձգտում է նրանց կատարածն արժևորել օբյեկտիվորեն: Համապատասխան քայլեր է ձեռնարկում ազատամարտիկների սոցիալական վիճակը թեթևացնելու ուղղությամբ: Միության կարևորագույն առաքելությունն այն է նաև, որ երեկվա պատերազմի մասնակիցներին համախմբելով և նրանց ներուժն ու փորձը արդյունավետ կիրառելով, մշտապես նպաստում է երկրի հզորացմանն ու բարգավաճմանը:<<Այսօրվա զինվորն ու երեկվա պատերազմի մասնակիցն իրար կողքի են,- զրույցի ժամանակ նշել է Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը,- ինչը նշանակում է, որ մենք միասնական ուժ ենք… Իսկ միասնության դրոշի ներքո գործող ժողովուրդն անպարտ է…>>:

Արցախյան պատերազմի մասնակիցներն իրենց ներկայությամբ իմաստավորում են ժամանակաշրջանը, իրենց ոգու կորովն ու ջերմությունը հաղորդում երիտասարդներին, դառնում ոգևորության աղբյուր, անձնվեր գործունեության ու նվիրվածության խորհրդանիշ: