Հայրենիքի նվիրյալը

Պատմությունը ցույց է տվել, որ հայ կինը միշտ իրեն պատասխանատու է զգացել հայրենիքի համար ճակատագրական օրերին: Նա մարտադաշտում  հերոսացել ու առավելևս հերոսության է մղել տղամարդկանց: Այսպես եղել է Ավարայրից մինչև արցախյան գոյամարտ: Արցախյան հերոսամարտին շատերը կամավորագրվեցին՝ կիսատ թողնելով ուսում, աշխատանք, դարձան հայրենիքի զինվոր և իրենց լուսե երազներն անթեղեցին հոգիներում: Պատերազմ էր, սակայն հաղթանակի գինը առավել թանկ էր: Կշեռքի նժարին էր դրվել ամեն բան՝ հայուհիների անկոտրում կամքն ու ոգեղեն խիզախությունը, հանուն հայրենիքի ինքնազոհաբերման պատրաստակամությունը: Հայ նվիրյալ կանանցից է  Կարինե Դանիելյանը:

Մարտադաշտում ամեն ոք իր անելիքն ուներ: Ամեն ոք մի ներքին համոզմունք ուներ, որ առանց իրեն հաղթանակը ինչ որ տեղ կլիներ կիսատ: Եվ այսպես բռունվքվեցին, ու հաղթանակն անխուսափելի էր: Այդ օրերին կանայք գնում էին կռվելու և հաղթելու: Ու այդպես էլ արեցին. տղամարդկանց հետ հավասար կռվեցին, նուրբ, բայց ուժեղ ձեռքերով վճռեցին հաղթանակի ելքն ու սեփական ժողովրդի հետագա անկախ ընթացքը:Անգնահատելի է նրանց ներդրումը արցախյան հերոսամարտում և անբասիր ծառայությունը հայրենիքին: Շուշիի  ծնունդ Կարինե Դանիելյանը մեկն է այն հայուհիներից, ում համար հայրենիքը վեր է բոլոր տեսակի զգացումներից: Արցախյան շարժման տարիներին Կարինեն ապրում էր Ռուսաստանում: Նա կարող էր ապրել ապահով ու բարեկեցիկ կյանքով, սակայն ժամանակի թելադրանքով 1989թվականին եկավ Արցախ: Ազերին մինչ օրս զարմացած է, թե ինչպես եղավ, որ հայկական կամավորական ջոկատին գերազանցող կանոնավոր բանակով պարտություն կրեց: Պատճառը մեկն է ու պարզ. Հայրենիքի համար այստեղ կռվում էին բոլորը, կին թե տղամարդ: Մեկը պարզապես փրկում էր իր տունը, երեխաներին, մյուսը՝  դարերով հայի սրտում կուտակված վրեժը լուծում:

Շուշիի ազատագրումից հետո մայրը ՝տիկին Ռիման այլևս չկարողացավ Կարինեին պահել տանը, մայրական ջերմ խոսքերը չկարողացան համոզել դստերը: Կարինեն ծառայությունը սկսեց Շուշիի գնդի 53-րդ գումարտակում: Հրամանատարները դեմ էին, որ նա ճակատ մեկնի, բայց ստիպված էին տեղի տալ: Կարինեն մասնակցել է մի շարք ազատագրական ու պաշտպանական մարտագործողությունների: Ցավով է նշում, որ ծննդավայրի ազատագրմանը չի մասնակցել: Ռազմադաշտում  Կարինեն և՛ զինվոր էր, և ՛հոգատար  քույր, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ նաև բուժքույր: Նա մարտական գործողություններին իր ներկայությամբ ապացուցել է, որ հայ կինը զենք վերցնում կանգնում տղամարդու կողքին և անձնվիրաբար պայքարում հանուն հայրենիքի անձեռնմխելիության: Կուբաթլուի շրջանի Բաշարաթ գյուղի ազատագրման ժամանակ վիրավոր ազատամարտիկին պետք էր տեղում բժշկական օգնություն ցուցաբերել, Կարինեն ընկերուհիների հետ վերցրեց սանիտարական պայուսակը, առաջ նետվեց…

Հենց այդ օրն էլ ճակատագրական եղավ նրա համար. նա ծանր վիրավորվեց: Անգիտակից վիճակում տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ, չորս օր հետո՝ Երևան: Մայրը պատմում է, որ առաջին  օրերին բժիշկներն ասում էին, որ  վիճակն անհույս է:

Մարտընկերների խոսքով՝ համարձակ ու ընկերասեր Կարինեն միշտ առաջ էր նետվում, իսկ երբ բուժքրոջ կարիք էր լինում, վերցնում էր սանիտարական պայուսակը, շտապում վիրավորներին օգնության: Չէր շտապում վիրավորներին օգնելիս կամ կրակագծից հանելիս, ամեն ինչ անում էր հիմնավորապես, մանրակրկիտ կերպով, առանց խուճապի: Անցած ճանապարհի ու ինքնակամ հաղթահարած դժվարությունների համար Կարինեն չի զղջում, ավելին, վստահեցնում է, որ այսօր էլ պետք լինի, կգնա:Երբ վտանգված է հայրենիքը, կինն էլ մարտիկ է: Պատերազմի մասին խոսել չի սիրում, վաստակած պարգևների մասին էլ…

Ասում է այն, ինչ ընդամենը հուշեր են, դրվագներ: Պատվաբեր մեդալներով պարգևատրված Կարինե Դանիելյանը  ոչնչից ու ոչ մեկից չի դժգոհում, հաճույքով նշում է, որ հաճախակի է հյուրեր ունենում,  միշտ ուշադրության կենտրոնում է: Նրա ապրելու բանաձևը այսօր միայն արարելն է և չի սիրում ոգու նահանջ և ոչ էլ թուլություն:

Այս ոգեղեն, ըմբոստ և սրբազան հողի համար արժե պայքարել,- ասում է Կարինե Դանիելյանը:

Նա այսօր առաջին կարգի հաշմանդամ է, կատարածի համար ամենևին էլ ափսոսանք չի զգում: Հաշմվելուց հետո հելունագործությունը դարձել է հայուհու հիմնական զբաղմունքը: Թելից գլուխգործոցներ ստեղծող ձեռքն է, որ  հարկ եղած դեպքում ինքնաձիգի ձգանն է քաշել՝առանց դողալու: Նրա պայքարն այսօր էլ շարունակվում է:

Որոշել է առաջիկայում գիրք հրատարակել ազատամարտիկների մասին: Ինչպիսի ներքին ուժ ու հավատ պիտի ունենա մարդ, որ այդպիսի վիճակում էլ չկորցնի հույսը, չընկճվի: Այդ ուժն էլ Կարինեին ապրեցրեց և պահում  է, որ կարողանա ապրել ու վայելել հաղթանակի բերկրանքը: Հաղթանակ, որ բերեցին իր ընկերներն ու ընկերուհիները, որոնք շարունակեցին  իր կիսատ թողած գործը և առան իր վրեժը՝ հազարապատիկ:

s

s

s

s