Մոնթեի մասին հիշողությունները դաս ու դպրոց են սերունդների համար

Մեր կյանքում կան այնպիսի մարդիկ, որոնց մասին հիշողությունները երբեք չեն ջնջվում մեր մտքից: Մենք դժվար ենք համակերպվում այդպիսի մարդկանց կորստի հետ: Այդպիսի մարդկանց անունները հավերժ մնում են մեր շուրթերին: Նրանցից է Մոնթե Մելքոնյանը՝ նույն ինքը՝ Ավոն: Եվ այդ մարդիկ մեզ համար մեծություն են: 26 տարի առաջ, հունիսի 12-ին մենք ունեցանք ահեղ կորուստ՝ մենք կորցրինք Ավոյին: Ավոն մեկն է այն քաջերից, ում մասին հիշողությունները ոչ թե մեզ ստիպում են ահ ու սարսափ զգալ, այլ զգալ սեր, ունենալ երախտագիտության զգացում, լինել հպարտ: Ավոն մեզ համար անմահ է…  Նրա մասին կարելի է հատորներով գրել և միևնույն է, այն ավարտուն չի լինի, քանզի նրա հոգու սլացքը հավերժ է:

Նա ծնվել է 1957 թ.  ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու Վայսելի ավանում, Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում: Ավոն իր հայ արմատների մասին գիտակցել է դեռևս պատանեկության տարիներին, երբ ընտանիքի հետ 1969-1970թթ ճամբորդել է Եվրոպայով և Միջին Արևելքով, այցելել իր պապերի ծննդավայր Արևմտյան Հայաստան: Նա գիտեր, որ հայրենիքը լոկ տարածք չէ, այն նաև կյանք է, հոգի է, մարմին է, լույս է, հույս է, երազանք է, պատիվ է, օրրան է, արյուն է, պատասխանատվություն է, նամուս է… Հանգամանքների բերումով, հայրենիքից ֆիզիկապես հեռու ծնված ու ապրած Մոնթեն անվերապահորեն միաձուլված էր հայրենիքին: Աշխարհի վրա ապրող յուրաքանչյուր ժողովուրդ, ազգ, ցեղ պիտի երազեր Մոնթեի տեսակի մի քանի որդի ունենալ, քանզի դա նրանց անպարտ մնալու և պատվով ապրելու բացառիկ երաշխիքներից մեկն է: Դժվար է երևակայել հպարտության ավելի մեծ զգացում, քան այն, երբ քո ազգակիցը Մոնթեի տեսակն է: Հայ մարդու կյանքը՝ աներկբայորեն իմաստավորված է նաև Մոնթեների գոյությամբ…

Վերադառնալով Ամերիկա, Մոնթեն ընդունվում է Սան-Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Բըրքլի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը, որը իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ՝ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով երկուսուկես տարում, ավարտում է 1978թ.-ին: Ավարտելով համալսարանը, նա մեկնում է Լիբանան, որտեղ ակտիվորեն մասնակցում է հայկական թաղամասերի պաշտպանությանը:

Մոնթեն դեռ ուսանողական տարիներից էր կազմակերպչական ու  նախաձեռնողականության ջիղով օժտված՝ նա տեղի մի քանի ուսանողների հետ հիմնում է <<Հայ ուսանողների միությունը>>՝ կազմակերպելով Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումներ:

1980թ. Մոնթեն անդամագրվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ), որի շարքերից, գործելաոճի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով , մի խումբ ընկերների հետ հեռանում է 1983թ. ին: 1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է <<ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում>> կազմակերպությունը: 1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում՝ հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության  և դարձյալ կեզծ անձնագիր կրելու մեղադրանքով, և մինչև 1989թ. հունվարն անցկացնում է Ֆրեն և Պուասի բանտերում:

1989թ. հունվարին Մոնթեն ազատվում է: Երկար թափառելուց հետո, 1990թ. հոկտեմբերին նրան հաջողվում է գալ Հայաստան:1991թ. օգոստոսի 3-ին Մոնթեն ամուսնանում է Սեդայի հետ:

1991թվականին Մ.Մելքոնյանը, <<Ավո>> կեղծանվամբ, հայ ազատագրական պայքարի  անկոտրուն գաղափարներով, մեկնում է Հյուսիսային Արցախ, և սեպտեմբերի 14-18-ը մասնակցում է Էրքեջի, Բուզլուխի և Մանաշիդի ազատագրական մարտերին: Վերադառնալով Երևան՝ հավաքում է <<Հայրենասիրական >> ջոկատի  մարտիկներին և միանալով <<Կոռնիձոր>> ջոկատին՝ կրկին մեկնում է Շահումյան՝ Ղարաչինար գյուղ:

Մինչև դեկտեմբերի վերջերը մասնակցում է Շահումյանի շրջանի պաշտպանությանն ու գրավյալ գյուղերի ազատագրմանը, աչքի է ընկել մարտական կարողություններով ու հրամանատարական հմտությամբ:

1992թ. փետրվարի 4-ին, Վազգեն Սարգսյանը Մոնթեին նշանակում է Մարտունու պաշտպանության շրջանի շտաբի պետ: Հենց նույն օրը` փետրվարի 4-ին, մեկնում է Արցախ: Մեկ ամիս անց նրան հանձնարարվում է գլխավորել շրջանի պաշտպանությունը: Իր հրամանատարության ժամանակաշրջանում ազատագրվում է Մարտունու շրջանի բռնազավթված տարածքի 80 տոկոսը, իսկ նրա մարտավարական հմտության և դիպուկ գործողությունների շնորհիվ Մարտունին դառնում է անառիկ բերդ, և այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում այդպես էլ նշվում էր` Մոնթեբերդ:

1992թ-ի վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ` Արցախի պաշտպանական ուժերը հասնում են պետական սահման և 20 կմ երկարությամբ պահակակետեր հիմնում շրջանի հյուսիսային սահմանագծերում: 1993թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին՝ ղեկավարում Քարվաճառի ազատագրման գործողությունը` Արցախի կողմից: 1993թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Մոնթեի ղեկավարությամբ իրականացվում է Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը:

1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չի մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում է Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջնելով դիտակետից` դիրքերի վիճակն ստուգելու նպատակով, Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպած հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատև, առճակատ մարտում զոհվում է զրահամեքենայի արկի` աջ քունքը մխրճված բեկորից:

1993թ. հունիսի 19-ին Մոնթեի աճյունն ամփոփվել է Երևանի «Եռաբլուր» պանթեոնում:
Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային հերոս-ի և Արցախի հերոս-ի բարձրագույն կոչումները:

ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ  «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի ամենավսեմ պարգևը պատմական հայրենիքի մի բեկորի՝ Արցախի ազատագրումն է:

Հայը ակնածանքով է պահում ու հարգում ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակը: Նրան ճանաչողները հաճախ են բարձրաձայնում, որ Մոնթեին հանդիպելուց հետո դժվար էր չհասկանար, որ ՆԱ սովորական մահկանացու չէր, այլ երևույթ` մի ամբողջ աշխարհ:

Այսօր մենք փաստում ենք, որ Մոնթեն իր վերաբերմունքով, գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեց հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին, դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և, որ ամենակարևորն է, իր անձնական օրինակով ցույց տվեց դրանց իրականացումը: