Արցախի ազատամարտիկների միության ներկայացուցչությունը Վիցիզնոյում

Մենք խոսել էինք ազատամարտիկների ու նրանց ընտանիքների Անապայի ու Վիցիզնոյի ծովափնյա վայրերում հանգստանալու մասին: Այս նախաձեռնության իրականացման գործում անուրանալի  է  Ստեփանակերտի ծնունդ, արցախյան պատերազմի բովով անցած այժմ ռուսաստանաբնակ  Արմեն Ավագիմյանի դերակատարությունը:

Վերջերս Վիցիզնոյում հանդիպեցին  նախաձեռնության կազմակերպիչներն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը: Վերջինս միության   նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կողմից  շնորհակալական նամակներ  ու արժեքավոր հուշանվերներ հանձնեց Ռուսաստանի Դաշնության Անապայի հայկական համայնքի նախագահ Արսեն Համազասպի Էյրիյանին, Ռուսաստանի Դաշնության Վիցիզնոյի հայկական համայնքի նախագահ Մարտուն Յուրիի Մալխասյանին, ազգությամբ ռուս Ալեքսանդր Ալեքսեյի Ելնիկովին, Արմեն Ալեքսեյի Ավագիմյանին, Արարատ Արտուշի Առաքելյանին, Արթուր Արթուրի Մուսայելյանին և Արթուր Սերգեյի Վարդանյանին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր: Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը ներկայացրել է միության գործունեության ուղղությունների և դերակատարության մասին: Նրանք հայտնել են  իրենց հիացմունքը  և ակնածանք տածել միության նկատմամբ:

Ի դեպ ԱՀ նախագահի հրամանագրով  պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս դրսևորած անձնական արիության համար Արմեն Ավագիմյանը արժանացել է <<Արիության համար>> մեդալի:

Արցախի ազատամարտիկների միության գրեթե բոլոր տարածքային միավորումներից ընդգրկված 60-ից ավելի ազատամարտիկներն ու իրենց ընտանիքները, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքները, <<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպության  անդամները ծովափնյա վայրերում հանգիստ կազմակերպելուց հետո վերադարձել են  անմոռանալի տպավորություններով և հուզաթրթիռ ապրումներով: