ՍԻՐԱՆՈՒՇ ԱՔԱ

Հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ փառավոր էջեր են գրել հայ կանայք: Նրանց մասնակցությունը չափազանց ակտիվ է եղել նաև Արցախյան գոյապայքարում: <<Մարտական խաչ>>երկրորդ աստիճանի շքանշանակիր Սիրանուշ աքան արցախյան գոյապայքարի նվիրյալներից է: Մարտակերտում ում էլ հարցնես, առանց երկար բարակ մտածելու մատնացույց կանեն այն շենքը, որի առաջին հարկում ապրում է Սիրանուշ Առուշանյանը: Նրա անունն ամենից առաջ հնչում է մարտական ընկերների հիշողություններում, որպես ազատամարտին զինվորագրվածի, և տեղ գտնում գոյամարտին մասնակից կանանց շարքերում: Ահեր ու մահեր տեսած կինը չնայած իր պատկառելի տարիքին, ամուր է: Ճակատագրի քմահաճ խաղն ու դժվարություններն անգամ չեն կարողացել կոտրել նրան:

Սումգայիթյան ջարդերից մազապուրծ հայուհին բնակություն հաստատեց հայրենի գյուղում, նույն 88-ին  էլ  մտավ Շարժման հրե բոցերի մեջ: Կապ հաստատելով Շարժման ակտիվիստների հետ՝ գաղտնի զենք ու զինամթերք էր հայթայթում. ռուսերենի և ադրբեջաներենի իմացությունը այդ գործում նրան շատ էր օգնում: Հայրենի բնօրրանում գաղտնի ինքնապաշտպանական կազմավորված ջոկատի առաջին անդամներից էր տիկին Սիրանուշը: Դեռ մանկությունից համարձակ էր, զենք գործածել գիտեր: Սկզբից հարազատներին դուր չեկավ Սիրանուշի զենք վերցնելը, բայց հետո ստիպված եղան համակերպվել նրա որոշման հետ:

-Ջոկատում մեծամասամբ իմ բարեկամներն ու ազգականներն էին, ովքեր ինձ Աքա(հորաքույր )էին կանչում,- վերհիշում է Ս. Առուշանյանը: Այդպես էլ նրա անունը կնքվեց ու մնաց Աքա: Հաթերքի պաշտպանական ջոկատը Սուրեն Հարությունյանի հրամանատարությամբ տարբեր առաջադրանքներ էր կատարում…31 օմօնականների գերի վերցրեց՝ գյուղից պատանդ տարված տղամարդկանց հետ փոխանակելու մտադրությամբ: Այդ գործում ջոկատին աջակցում էր գյուղի ողջ բնակչությունը և հատկապես կանայք Սիրանուշ Առուշանյանի գլխավորությամբ: Ազերին մինչ օրս զարմացած է, թե ինչպես եղավ, որ հայկական կամավորական ջոկատներին  մի քանի անգամ գերազանցող կանոնավոր բանակով պարտություն կրեց: Պատճառը մեկն է ու պարզ. Հայրենիքի համար այստեղ կռվում էին կին, թե տղամարդ: Մեկը պարզապես փրկում էր իր տունը  երեխաներին, մյուսը դարերով հայի սրտում կուտակված վրեժը լուծում:

Օր օրի պայքարն ավելի էր թեժանում: 1992թ.հունվարին ադրբեջանական ուժերն անցան լայնածավալ հարձակման: Հայկական կողմը ստիպված էր նահանջել՝ հանձնելով Շահումյանը և Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան հատվածը, հուլիսին ընկավ նաև Մարտակերտը: Հաթերքի ջոկատի հիմքի վրա կազմավորված ստորաբաժանումը չկարողացավ դիմակայել հակառակորդի ճնշմանը, և թողնելով գյուղը, նահանջեց մինչև Դրմբոն: Այստեղ մասնագետ զինվորներ չկային, կանանցից շատերն էլ չգիտեին, թե ինչ պիտի անեն մարտի դաշտում, բայց համոզված էին, որ հայրենիքը կանչում է նրանց, որ թիկունքում նստելու իրավունք չունեն:

Ս.Առուշանյանն ակտիվորեն մասնակցում էր բոլոր մարտագործողություններին, նրա ներկայությունը դիրքերում գտնվող զինվորների համար մեծ ուժ էր, մեծ պատասխանատվություն և անպայման հաղթելու  խորհուրդ:

Հուլիսի 20-ին Հաթերքը ետ վերցրին, գյուղում մնացին մինչև օգոստոսի 12-ը, կրկին նահանջ՝ մինչև Չլդրան, վերջապես ամրանալով Կիչանում՝ սկսեցին  պաշտպանական մարտեր մղել: Ծանր օրեր ապրեցին, դժվար ժամանակներ, սակայն Սիրանուշ Առուշանյանը միշտ լավատես էր և երբեք չհուսահատվեց…

Հրամանատար Սուրեն Հարությունյանի նոթատետրերից մեկում կարդում ենք. << Գյուղն անընդմեջ  հարձակման էր ենթարկվում թուրքերի կողմից: Անհրաժեշտ էր, որ կռվողներս երկու կողմից միանայինք իրար, բայց խուճապ էր առաջացել: Այստեղ էր, որ Սիրանուշն առաջ ընկավ: Մեկ ուրիշ անգամ Սիրանուշը վերցրեց հրացանն ու ասաց հաստատակամ<< Եթե անգամ դուք հեռանաք, ես մնալու եմ >>: Երբեք չէր վախենում, անգամ այն ժամանակ, երբ վերջանում էր զինամթերքը>>:

Զարմանալի թող չթվա, բայց պարզվում է Սիրանուշն երբեմն հետախուզության է գնացել:

Սիրանուշը խիստ էր, բայց և միևնույն ժամանակ բարեհոգի ու գթասիրտ:

Հայուհին իր մարտական ընկերների հետ  բառացիորեն քայլում էր կրակների միջով, երեք անգամ վիրավորվել է դեռ չապաքինված՝ նորից նետվել մարտի:

Աքան այդ փառավոր հաղթարշավի մասնակիցն էր ու մինչև վերջ մնաց առաջինների շարքում:

Հրադադարից հետո ևս երկու տարի՝ մինչև 1996 թվականը ծառայեց պաշտպանության բանակի շարքերում և թոշակի անցավ: Ներկայումս էլ նա ապրում է իր հարազատների ու մարտական ընկերների հոգսերով: Եվ ամեն Աստծո օր աղոթում է, որ խաղաղությունը տիրական դառնա ափի չափ փոքր, բայց մեզ համար անծայրածիր այս երկրի համար: Քանի ունենք տիկին Սիրանուշի, Սվետայի, Վալյայի նման կանայք, հավետ կշարունակվի մեր հաղթարշավը, դեռ  շատ ու շատ հաղթանակներ կտոնենք: